Մատչելիության հղումներ

Արևմուտքը սպասում է Մինսկի հանդիպման արդյունքներին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Կիև, 5-ը փետրվարի, 2015թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, Կիև, 5-ը փետրվարի, 2015թ․

Արևմտյան երկրները նախազգուշացրել են, որ առանց տարածքային ամբողջականության, խաղաղությունը Եվրոպայում վտանգված է:

Եթե այսօր Մինսկում նախատեսված Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարների բանակցությունները տապալվեն, հնարավոր չի լինի խուսափել Կիևին սպառազինությամբ ու ռազմական հանդերձանքով ապահովելու քայլից: Այսպիսի կարծիք է հայտնել Բրիտանիայի Թագավորական միացյալ ծառայությունների հաստատության վերլուծաբան Ջոնաթան Այալը:

Ըստ նրա՝ «ՆԱՏՕ-ի մի շարք նոր անդամների համար սա կյանքի և մահու խնդիր է»: «Եվ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն Ուկրաինայում, անվտանգության շուրջ մեծ հարցեր առաջ կգան Եվրոպայում, ինչպես, օրինակ, մերձբալթյան երկրներում կամ Մոլդովայում: Ուստի ոչինչ չանելը ևս նախընտրելի տարբերակ չէ», - ասել է Այալը:

Եվրամիությունը նախընտրել է մինչև Մինսկի հանդիպումը սառեցնել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հորդորել է եվրոպական գործընկերներին, որ անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի նկատմամբ ճնշումները: «Մենք չենք կարող դադարեցնել պատժամիջոցների կիրառումը, մինչև չհամոզվենք, որ Ռուսաստանը տեղում իրականացնում է համաձայնությունը ու ետ է քաշում զորքերը, փակում սահմանը, կանգնեցնում զենք ու զինամթերքի արտահոսքը», - ասել է Համոնդը:

Քինգզ քոլեջի Ռուսաստանի հաստատության տնօրեն Սամուել Գրինի խոսքով՝ Ուկրաինան ու Արևմուտքը նպատակադրվել են հասնել այնպիսի համաձայնության, որը կերաշխավորի սառեցված հակամարտության բացակայությունը: «Անհրաժեշտ է ունենալ այնպիսի մեխանիզմ, որը Կիևին թույլ կտա վերականգնել իր ինքնիշխանությունն ու կվերացնի կախվածությունը», - ասել է Գրինը:

Ուկրաինայի արևելքում զինադադարի մասին համաձայնագիրը կնքվել էր անցած տարվա սեպտեմբերին, սակայն այժմ հակամարտությունը վերսկսվել է առավել մեծ ուժգնությամբ, ու ռուսամետ կողմին հաջողվել է ընդլայնել իր վերահսկողության տակ եղած տարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG