Մատչելիության հղումներ

Թուրքիան, քրդերը և տարածաշրջանը


Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում, 15-ը հունիսի, 2015թ․

Սիրիա - Քուրդ աշխարհազորայինները Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում, 15-ը հունիսի, 2015թ․

Հունիսի 23-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում գիտական քննարկումներ էին կազմակերպվել «Թուրքիան, քրդերը և Միջին Արևելքը. ինչ են կանխատեսում տարածաշրջանի համար թուրքական ընտրությունները» թեմայով:

Հուդզոն հաստատությունում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին հիմնարար տեղաշարժերին, որ առաջ են եկել աշխարհաքաղաքական դաշտում Թուրքիայի ընտրությունների ու քրդական ուժերի կողմից «Իսլամական պետություն» խմբավորումից Թել Աբյադի գրավման արդյունքում: Այդ քաղաքի գրավումով իսլամիստ ծայրահեղականները աշխարհագրորեն կտրվեցին Թուրքիայի հետ կապից, ինչը է՛լ ավելի ամրապնդեց քրդական գործոնը:

Ելույթ ունեցողները կարևորեցին այս ամիս անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները իբրև Թուրքիայում քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարության կայացման կարևորագույն գործոն՝ հատուկ ընդգծելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաղթանակի դերը երկրում ինքնակալության հաստատման կանխարգելման գործում:

Հուդզոն հաստատության «Արդի զարգացումները իսլամական գաղափարախոսությունում» ծրագրի համաղեկավար Էրիք Բրաունը շեշտեց, որ Թուրքիայի արևմտյան մասի բնակչության ծնելիությունը գրեթե եռակի պակաս է քրդաբնակ արևելյան շրջաններից, ինչը նշանակում է, որ առաջիկա տասնամյակներում մեծանալու է քրդական գործոնի դերը, և ոչ միայն Թուրքիայում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում՝ Իրաքում, Սիրիայում ու Իրանում:

«Հաշվի առնելով, որ միջնորդավորված պատերազմը Իրանի ու Թուրքիայի միջև ավելի ու ավելի է ընդգրկում քրդական տարածքները, քրդական ազգայնական գաղափարախոսության տարածումը վտանգավոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդական շրջանակների համար՝ հաշվի առնելով Թուրքիայի հնարավոր արձագանքը», - ասաց Բրաունը:

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի քաղաքական վերնախավի մեջ քրդական վերնախավի ընդգրկումից հետո Թուրքիայի ազդեցության տարածում այլ քրդաբնակ տարածքների նկատմամբ՝ դրանց հետագա կլանմամբ ու Թուրքիայի կազմ ընդգրկելով և Օսմանյան կայսրությունը վերականգնելով, Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին ընդգծեց Սայքս Պիկոյի սահմանագծերի պահպանման կարևորությունը. - «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ սահմաններ տեղաշարժելը լուծում է, նշեմ, որ նման պարագայում անկայունությունը կարող է տարածվել և ավելի մեծ տարածքներ ընդգրկել»:

Ըստ թուրքական Hurriyet թերթի Վաշինգտոնի թղթակից Թոլգա Թանիսի՝ թուրքական «Արդարություն» կուսակցությունը ավելի հակված է ազգայնականների հետ դաշինքի ու դրանով քրդական գործոնի նվազեցմանը: «Նման գործընթացները բերելու են քրդա-թուրքական հակամարտության կարգավորման գործընթացի արգելակմանը, որը հղի է հակամարտության հետագա ծավալմամբ», - ասաց նա:

Նաև ընդգծվեց, որ Թուրքիայի իշխող իսլամամետ կուսակցությունը շեղվել է դեպի ազգայնականությունը ու Քոբանիի ճակատամարտի ընթացքում Սիրիայի քրդերին մեկուսացնելու դիրք էր բռնել, ինչի արդյունքում էլ կորցրեց և շարունակում է կորցնել պահպանողական քրդերի ձայները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG