Մատչելիության հղումներ

Քաղտեխնոլոգ. Եթե չարվեն քայլեր օլիգարխների, մենաշնորհի, կրիմինալի դեմ, հաջողության հնարավոր չի լինելու հասնել


Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ, եթե չարվեն քայլեր օլիգարխների, մենաշնորհ ունեցողների, կրիմինալի դեմ, ապա որևիցե հաջողության հնարավոր չի լինելու հասնել։

«Հետևելով քայլերին և խոսքերին` ինչ որ արվում են, ինչ տոնայնությամբ ու ժեստիկուլյացիայով, որ արվում են, ես կարծում եմ, որ շատ մոտ ժամանակներս, չեմ ասում կբռնեն, կդատեն, չէ, իհարկե, դա չի լինելու, բայց ինչ-որ քայլեր՝ կապված օլիգարխների հետ, կապված մենաշնորհային տնտեսության հատվածի հետ, կտեսնենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Ես չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի թիմը չի հասկանում դա՝ շատ լավ հասկանում է, որովհետև այնտեղ բոլորը պրոֆեսիոնալներ են, որ այդ վստահության քվեն շատ կարճ ժամկետ ունի, և եթե չարվեն այդ քայլերը, այդ նույն հայտնի՝ և՛ օլիգարխների, և՛ մենաշնորհ ունեցողների, և՛, ինչու ոչ, կրիմինալի ինչ-որ առումով, ապա որևիցե հաջողության հնարավոր չի լինելու հասնել»։

Քաղտեխնոլոգի խոսքով, արդարությունը միայն արդարադատության և դատական համակարգը չէ։ «Արդարության մթնոլորտն այսօր սկսվում է կենցաղային մակարդակից, և գոնե այդ մակարդակում տնտեսության մեջ, կենցաղում պետք է փորձեն վերականգնել այդ արդարությունը», - ասաց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե հայտնի խոսքն ասում է՝ «ձուկը գլխից է հոտում» և պետք է գլխից բռնել, Քոչարյանն այսպես արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ փորձելու են՝ եթե ոչ գլխից, ապա գոնե խռիկներից բռնել»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ երկրի զարգացումն այսօր կապված է ստվերի դեմ պայքարի հետ։ Հարցին, թե այսօր Կարեն Կարապետյանին ամենաբարձր մակարդակներից կտրվի՞ լծակ՝ ստվերի դեմ պայքարելու համար, Քոչարյանը պատասխանեց. - «Չեմ կարող ասել՝ կտրվի, թե չի տրվի, գոնե մինչև այսօրվա քայլերով ինչ-որ քարտ բլանշ երևում է, որ տրվել է մենաշնորհների, ստվերի և այլնի դեմ պայքարի հարցում։ Կտրվի այդ քարտ բլանշը թե չէ՝ շատ մոտ ապագայում կտեսնենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG