Մատչելիության հղումներ

Գալիք տարի Թուրքիայում կարող է հանրաքվեի դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը


Առաջարկվելիք փոփոխությունները զգալիորեն ընդլայնելու են նախագահի լիազարությունները:
Առաջարկվելիք փոփոխությունները զգալիորեն ընդլայնելու են նախագահի լիազարությունները:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել առաջիկա հունվարին: Մեջլիսի կողմից հավանության արժանանալու պարագայում նախագիծը հանրաքվեի կդրվի արդեն ապրիլ ամսին:

Վերջին շաբաթներին նոր Սահմանադրության հարցը կրկին հայտնվել է Թուրքիայի ներքաղաքական օրակարգում:

Բանավեճի գլխավոր թեման իշխող կուսակցության առաջարկն է` անցնել կառավարման նոր համակարգի: Նոր սահմանադրությամբ նախատեսվում է խորհրդարանական համակարգից անցում կատարել նախագահական կառավարման համակարգի` այսպիսով ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Հատկանշական է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014 թվականի նախագահական ընտրություններում հաղթելուց հետո բազմիցս ընդգծել է կառավարման համակարգի փոփոխման անհրաժեշտությունը` պնդելով, թե Թուրքիային ուժեղ նախագահ է պետք:

Էրդողանի հետ համակարծիք է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Անցած շաբաթ նա հայտարարել է, թե ակնհայտ է, որ խորհրդարանական համակարգը լուծում չի տալիս երկրի խնդիրներին: Յըլդըրըմը նաև նշել է, որ ամենակարճ ժամանակամիջոցում սահմանադրական փոփոխությունների փաթեթը կհանձնվի պատգամավորների դատին:

Նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 330 պատգամավորական մանդատից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ունի միայն 317-ը, ուստի պետք է համաձայնության գա խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերից առնվազն մեկի հետ:

Այս առումով իշխող կուսակցությունը մեծ հույսեր է կապում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության հետ: Անցած շաբաթ վարչապեը Բինալի Յըլդըրըմը հանդիպել է կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ և քննարկել նոր Սահմանադրության հարցը: Հանդիպումից հետո Բահչելին հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աշխատել նախագծի շուրջ և ընդգծել է, որ Սահմանադրությունը որոշ բարեփոխումների կարիք ունի:

Հուսադրող են նաև ակնկալվող հանրաքվեի շուրջ անցկացված վերջին սոցիալական հարցումների արդյունքները: Թուրքիայի ORC առաջատար հետազոտական կենտրոնի իրականացրած վերջին հարցումը ցույց է տալիս, որ հանրաքվեի դեպքում բնակչության 55,9 տոկոսը «այո» կասի սահմանադրական փոփոխություններին:

Փորձագետները փաստում են, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծացել է քաղաքացիների աջակցությունը սահմանադրական բարեփոխումներին:

Նշենք, որ այժմ Թուրքիայում գործում է 1982 թվականին ընդունված Սահմանադրությունը, որը մի շարք փոփոխություններ է կրել 2010 թվականի սեպտեմբերի 12-ի հանրաքվեով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG