Մատչելիության հղումներ

Սահմանադրությունը առանց խոչընդոտների փոխելու՝ Էրդողանի ծրագիրը ձախողվեց


Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ստանալ։

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հետամուտ էր Թուրքիայի խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ապահովելուն՝ երկրի Սահմանադրությունը առանց որևէ խոչընդոտի փոփոխության ենթարկելու համար: Խորհրդարանական երկիրը նախագահական դարձնելու Թուրքիայի նախագահ Էրդողանի նախանշած ծրագիրը, սակայն, կարծես թե տապալվեց։

Վերջնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը հաղթանակելով հանդերձ ստացավ ձայների միայն 41 տոկոսը, այսպիսով իշխող համակարգում հզորացնելով ապագա վարչապետի դիրքերը, ինչը կթուլացնի նախագահ Էրդողանի ազդեցությունը։

Փոխվարչապետ Նուման Քուրթուլուսը ասաց, որ իրենք փորձելու են կոալիցիոն կառավարություն կազմել.- «Հավատացած եմ, որ նախագահը մեր կուսակցության ղեկավարին կհանձնարարի նոր կառավարության ձևավորումը: Հավատացած եմ նաև, որ մեր վարչապետը կարող է կազմել այն բոլորի համար ընդունելի ժամանակահատվածում»։

Երկրորդ տեղում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 25 տոկոսով և 132 պատգամավորով: Երրորդ տեղում է ազգայնական «Ազգային շարժումը» (MHP)՝ 16.3 տոկոսով ու 81 պատգամավորովմ և չորրորդը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ձայների 13 տոկոսով ու 79 պատգամավորով։

Ընտրությունների կարևոր բնորոշիչ է քրդամետ կուսակցության արձանագրած հաջողությունը։ Այն անցավ խորհրդարան մուտք գործելու 10 տոկոսի նշագիծը։ Մյուս կողմից, թուրքահայ համայնքի համար կարևոր երևույթ է հայ հինգ թեկնածուներից երեքի հաջողությունը, որոնք պիտի մուտք գործեն Թուրքիայի Ազգային ժողով երկարամյա ընդմիջումից հետո։ Բոլոր հայերը ընտրվել են Պոլսից:

Այսօր Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների հենց սկզբում թուրքական լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ հզոր անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով: Անկումը հնարավոր է եղել կանխել միայն Կենտրոնական բանկի շտապ միջամտությունից հետո:

Թուրքիայի ֆինանսական շուկայում անկայունությունը ծագել է, երբ ընդդիմադիր երեք կուսակցությունները բացառեցին իշխող կուսակցության հետ կոալիցիոն կառավարության ձևավորման հեռանկարը, ինչը, իր հերթին, մեծացնում է կառավարական ճգնաժամի և նոր ընտրությունների անցկացման հավանականությունը:

Թուրքիայի ընտրությունների շուրջ իրենց կարծիքն են արտահայտում նաև հայկական սփյուռքի գործիչները: Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը իր գոհունակությունը արտահայտեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

«Քաջալերված ենք ընտրությունների արդյունքներով, հատկապես՝ ժողովրդավարությանն ու բազմակարծությանը հավատարիմ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ձայների ավելի քան 10 տոկոսը ստանալու կապակցությամբ: Սակայն մտահոգված ենք, որ Էրդողանի կուսակցությունը գրոհել է Ժողովուրդների կուսակցությունը ու մեղադրանք ներկայացրել Հայ դատի գրասենյակի հետ առնչություններ ունենալու կապակցությամբ: Դա մեզ համար նաև վառ օրինակ է, թե ինչքան է Էրդողանի կուսակցությունը սարսափած հայ - թուրքական համագործակցության գաղափարից: Մենք նաև հուսով ենք, որ այս ընտրությունները բեկումնային կլինեն Թուրքիայում հայերի դիրքի ու դերի փոփոխման առումներով»,- ասաց Համբարյանը։

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի հետ կապերի գրասենյակի տնօրեն Ջեֆ Ռաթկեն այսօր նշեց, որ ԱՄՆ-ը հարգելու է ընտրությունների արդյունքները.- «50 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ արտահայտել են իրենց կարծիքը, և մենք հարգելու ենք թուրքական ժողովրդավարությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG