Մատչելիության հղումներ

Թրամփն ու նրա առաջադրած նախարարը տարբեր դիրքորոշումներ ունեն Պուտինի հանդեպ


Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, արխիվ
Դոնալդ Թրամփ և Ջեյմս Մատիս, արխիվ

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահն ու գեներալ Ջեյմս Մատիսը, սակայն, համակարծիք են Իրանի հարցում․ երկուսն էլ Թեհրանը համարում են սպառնալիք՝ ընդդիմանալով ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված միջազգային համաձայնագրին:

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու պաշտպանության նախարարի պաշտոնում նրա առաջադրած թեկնածուն տրմագծորեն հակառակ դիքրորոշումներ ունեն Ռուսաստանի ու նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, գրում է The Washington Times-ը:

Թրամփը մեծարում է Պուտինին, որպես ուժեղ առաջնորդի, մինչդեռ, ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսն անցած տարի հայտարարում էր՝ Ռուսաստանը գլոբալ անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է, իսկ Պուտինը՝ միջազգային բոլոր նորմերը ոտնահարող առաջնորդ:

«Շատ, շատ բարդ է ետ կանգնել որոշ պնդումներից, որ նա արել է Արևմուտքի հասցեին, և հիմա շատերի մոտ է հարց առաջանում՝ Պուտինը խելագարվե՞լ է, հո չի՞ զառանցում: Սակայն, կարծում եմ՝ Պուտինից բացի, մենք ընդհանրապես խնդիր ունենք Ռուսաստանի հետ»,- անցած տարի Herritage Foundation-ում կարդացած դասախոսության ժամանակ հայտարարել է Ջեյմս Մատիսը, մանրամասնելով՝ «Ասում են, երբ Պուտինը լքի պաշտոնը, գործերը կլավանան: Սակայն, իմ կարծիքով, դա սին պատրանք է միայն»:

Ավելի քան 40 տարի ամերիկյան զինված ուժերում ծառայած, Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերն առաջնորդած գեներալը նաև պնդել էր՝ Ռուսաստանը կանգնած է լրջագույն տնտեսական, ժողովրդագրական խնդիրների առաջ, որոնք ի զորու չէ լուծել մոտ ապագայում: «Հետևաբար, սեփական անվտանգությունն ապահովելու, համաշխարհային ասպարեզում ազդեցությունը չկորցնելու համար Կրեմլը փորձելու է անընդհատ ապակայունացնել իրավիճակն աշխարհում»,- ենթադրել է գեներալ Մատիսը:

«Պուտինը պառկում է քնելու վստահությամբ, որ ինքը կարող է խախտել միջազգային բոլոր նորմերը, իսկ Արևմուտքը կրկին փորձելու է դրանց հետևել: Սա շատ վտանգավոր իրավիճակ է: Եվ ցանկացած խելամիտ բան, որ Արևմուտքը հիմա անում է ճգնաժամը հարթելու, կրքերը հանդարտեցնելու համար, Պուտինի կողմից ընկալվում է որպես թուլություն»,- անցած տարի հայտարարել էր Մատիսը՝ իր խոսքում «պատերազմ» որակելով ռուսների ներխուժումն Ուկրաինա:

Ի տարբերություն Ռուսաստանի ու այդ երկրի առաջնորդի, Թրամփն ու նրա ընտրած պաշտպանության նախարարը համակարծիք են Իրանի հարցում․ երկուսն էլ Թեհրանը համարում են սպառնալիք՝ ընդդիմանալով ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին: Երկուսն էլ համոզված են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները բավարար միջոցներ չեն տրամադրում պաշտպանությանը և երկուսն էլ առաջարկում են ավելացնել ռազմական ծախսերը՝ «Ամերիկան կրկին հզոր ու անվտանգ դարձնելու համար»:

Հենց երեկ պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս, Թրամփը խոսել է ԱՄՆ-ի նոր ռազմական դոկտրինի մասին, պնդելով, թե այսուհետ Նահանգներն իր սահմաններից դուրս ծավալվող հակամարտություններին միջամտելու փոխարեն ուժերը կենտրոնացնելու է ահաբեկչության դեմ պայքարի ու «Իսլամական պետություն»-ը վերացնելու ուղղությամբ: «Մենք կհասնենք մեր նպատակին, և ցանկացած ժողովուրդ, որն այդ ճանապարհին կկանգնի մեր կողքին, կդառնա մեր դաշնակիցը: Մենք նրանց արածը չենք մոռանա, մենք ուզում ենք ամրապնդել մեր ունեցած դաշնակցային հարաբերություններն ու նորերը ստեղծել»,- ասել է Թրամփը:

Նա հայտարարել է նաև, թե պետք է ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը, ընգծելով, որ այդ հարցով դիմելու է Կոնգրեսի հանրապետական մեծամասնությանը: «Մենք պետք է մեր ռազմական հզորությունները զարգացնենք ոչ թե ագրեսիայի, այլ պաշտպանության համար: Մենք զենք ենք գնում ոչ թե հակամարտություններ փնտրելու, այլ դրանցից խուսափելու համար: Կարճ ասած՝ փորձելու ենք խաղաղության հասնել՝ հզորանալով»,- հայտարարել է ԱՄՆ-ի ընտրյալ նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG