Մատչելիության հղումներ

Նոր սկանդալ՝ թուրք-գերմանական հարաբերություններում


Այշե Նուր Բահչեքափըլը, արխիվ
Այշե Նուր Բահչեքափըլը, արխիվ

Թուրք պաշտոնյայի պնդմամբ` Քյոլնի օդանավակայանում գերմանացի իրավապահներն իրեն որոշ ժամանակ պահել են, փորձել ձերբակալել և վատ են վերաբերվել, չնայած հանգամանքին, որ ինքը հայտնել է՝ Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահն է:

Գերմանիայի Քյոլն քաղաքում Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահի հետ տեղի ունեցած միջադեպը թուրք-գերմանական դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել:

Այշե Նուր Բահչեքափըլըն «Անադոլու» գործակալությանը պատմել է, որ Գերմանիա կատարած այցի ժամանակ իր պայուսակը գողացել են, որի մեջ է եղել նաև անձնագիրը: Բահչեքափըլըն դիմել է Թուրքիայի հյուպատոսարան և ստացել ժամանակավոր անձնագիր, որպեսզի վերադառնա հայրենիք:

Թուրք պաշտոնյայի պնդմամբ` Քյոլնի օդանավակայանում գերմանացի իրավապահներն իրեն որոշ ժամանակ պահել են, փորձել ձերբակալել և վատ են վերաբերվել, չնայած հանգամանքին, որ ինքը հայտնել է՝ Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահն է: «Ստորացուցիչ էր իմ երկրի համար: Մենք հարգալից վերաբերմունք ենք ցուցաբերում գերմանացի կամ այլ օտարերկրյա խորհրդարանականների հանդեպ և իրավունք ունենք նույնպիսի վերաբերմունք ակնկալել»,- ասել է Մեջլիսի փոխնախագահը` հավելելով, որ ծանր պահեր է ապրել:

Խոսելով գերմանական ոստիկանության, իր պնդմամբ, ոչ հարգալից վերաբերմունքի պատճառների մասին, ինքնաթիռից ուշացած Բահչեքափըլըն ուշագրավ կարծիք է հայտնել. «Թուրքիան բարձրացող ուժ է, մի երկիր, որը ցանկանում է պահպանել իր անկախությունն ու անկախ ապագա կառուցել: Կարծում եմ՝ այս հանգամանքից են սրտնեղել»,- ասել է նա:

Գերմանիայում տեղի ունեցած միջադեպը զայրացրել է թուրքական իշխանություններին: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցել են թուրքական կողմի վրդովմունքը: Դեպքի առիթով Գերմանիայի հասցեին խիստ քննադատություն է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ահաբեկիչներին ընդունում ես, հյուրընկալում, իսկ այս երկրի Ազգային ժողովի փոխնախագահին և պատվիրակությանը դռան առաջ ժամերով սպասեցնում: Արդյո՞ք պետք չէ նույն կերպ պատասխանել: Հետո էլ ասում են, թե Էրդողանն է բռնապետ: Եթե դու իմ Մեջլիսի փոխնախագահին, կին պատգամավորին նման կերպ ես վերաբերվում, ապա ես էլ պետք է համարժեք պատասխան տամ»,- հայտարարել է Էրդողանը:

Գերմանիային դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորներ, Մեջլիսի փոխնախագահ Ահմեդ Այդընը, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Վերջինս ընդգծել է, որ Բահչեքափըլըի հանդեպ ցուցաբերված վերաբերմունքն անընդունելի է դիվանագիտական էթիկայի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների տեսանկյունից:

Գերմանական կողմը, մինչդեռ, բոլորովին այլ կերպ է մեկնաբանում Քյոլնի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը: Սանկտ Ավգուստինի դաշնային ոստիկանության խոսնակ Յենս Ֆլորենը «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը փոխանցել է, որ պաշտոնական Անկարայի պնդումները իրականության հետ աղերս չունեն: Ֆլորենը պնդել է` թուրք պաշտոնյան չի ձերբակալվել և վատ վերաբերմունքի չի արժանացել:

Նա նշել է, որ Բահչեքափըլըի ունեցած ժամանակավոր անձնագրում գերմանական վիզա և դիվանագիտական անձ լինելու մասին նշում չի եղել: Թուրքիայի դեսպանատնից համապատասխան ճշտումներ անելուց հետո նրան թույլ է տրվել մեկնել երկրից: Գերմանացի պաշտոնյան ընդգծել է, որ նման ընթացակարգը սովորական է բոլորի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG