Մատչելիության հղումներ

Վարչապետը ՀՀԿ-ի մեջ փոխվելու ցանկություն է նկատել


Կարեն Կարապետյանը մասնակցում է ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառմանը, Երևան, 3-ը դեկտեմբերի, 2016 թ․
Կարեն Կարապետյանը մասնակցում է ՀԲԸՄ-ի 110-ամյակին նվիրված միջոցառմանը, Երևան, 3-ը դեկտեմբերի, 2016 թ․

Վարաչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կազմակերպած հարց ու պատասխանին: Թեմաները բազմազան էին՝ Հայաստանի տնտեսական վիճակից սկսած մինչև կրթական համակարգ: Հարցերը տրվում էին դահլիճում ներկաների և սոցցանցերի օգտատերերի կողմից:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ է անելու վարչապետը, որ «հեղինակազրկված իշխող կուսակցությունը, որին անդամակցում է, հաղթի», Կարապետյանն ասաց՝ «Ես Հանրապետականի հետ շփվելիս նկատել եմ իրենց մեջ, կուսակցության մեջ, փոխվելու ցանկություն: Կստացվի՞ դա, ժամանակը ցույց կտա: Կա՞ դրա անհրաժեշտությունը, միանշանակ կա»։

Վարչապետը նաև ասաց՝ «Կարծում եմ՝ մեր առաջնային խնդիրներից է հասարակության հետ հետադարձ կապի ստեղծումը: Առաջնային է, որ այն ազդակները, որ մենք ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգևորություն առաջացնի, որովհետև եթե բիզնեսը չարձագանքի, եթե ՀՀ քաղաքացին չարձագանքի, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չձևավորվի, իրավիճակ փոխելը շատ ավելի բարդ է լինելու»:

Զրույցը վարող լրագրող Մարկ Գրիգորանը վարչապետի ներածական խոսքից հետո ասաց՝ սպասում էր, թե Կարապետյանը կգործածի «կոռուպցիա» բառը։ «Երբ ասում եմ՝ ստվերը բերել սպիտակ դաշտ, կոռուպցիա բառը ենթադրվու՞մ է, թե չէ․․․»,- լրագրողի դիտարկմանն այսպես հակադարձեց Կարապետյանը: Նա չհերքեց՝ իր կառավարության անդամներից ոմանք տարբեր բիզնեսներում սեփականատերեր են, բայց ասաց, թե վստահ է, որ նրանք պաշտոնն անձնական շահերին չեն ծառայեցնի։

«Ես վստահ եմ իրենց մաքրության վրա և վստահ եմ, որ պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ պաշտոնը չեն օգտագործելու անձնական հարստացման համար: Բայց ինձ պետք է մարդ, ով, ժողովրդական խոսքով ասած, աչքը աջ ու ձախ չնետի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ, ի վերջո, պետք է անցնեն այնպիսի պետական համակարգի, որտեղ պետական ծառայողի աշխատավարձը լինի «մոտիվացնող», որ պետծառայողն «արժանապատիվ քայլեր իրականացնի»:

Սոցցանցերի օգտատերերին հուզող հարցերի մի մեծ խումբ վերաբերում էր վարչապետի քաղաքական ապագային՝ որքա՞ն ժամանակով է եկել, արդյո՞ք Հանրապետականի վարչապետի թեկանծուն է մինչ 2018 թվականը և այլն․․․: «Բայց ո՞նց եք կարծում, որ վարչապետը պատասխանի՝ ես եկել եմ 5 տարով, անկախ այն բանից, ինքն էֆեկտիվ է, թե չէ: Ցանկություն ունե՞մ երկար աշխատելու, եթե հաջողակ լինեմ՝ այո»,- հարցրի այս խմբին այսպես պատասխանեց Կարապետյանը:

Զրույցը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցեց կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանի՝ ամիսներ առաջ գրած բաց նամակից մի հատված, որում Խանջյանը բարձրաձայնել էր երկրում «ահռելի կոռուպցիայի», օլիգարխիկ տնտեսության, իշխանության և հարստության՝ մի քանի հոգու ձեռքում կենտրոնացված լինելու, Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների մասին։

Դրան ի պատասխան, Կարեն Կարապետյանը, մասնավորապես, ասաց՝ «Ես կարծում եմ, որ կառավարության քայլերը որոշակի առումով այս հարցերի պատասխաններն ընդգրկում են: Մենք բարձրացված հարցերի ուղղությամբ աշխատում ենք, աշխատելու ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG