Մատչելիության հղումներ

«Ո՞ւմ են հիմարի տեղ դրել». Ազատի զորամասի զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից


Զոհերի հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում, 1-ը մայիսի, 2024թ.
Զոհերի հարազատները Երևանի Հանրապետության հրապարակում, 1-ը մայիսի, 2024թ.

15 զինծառայողի կյանք խլած Ազատի զինվորական կացարանի ողբերգությունից շուրջ մեկուկես տարի անց զոհվածների հարազատները շարունակում են դժգոհել գործի քննությունից, պնդում են՝ իրականությունը չի բացահայտվում։

«Պաշտոնական վարկածն առաջ բրդելուց բացի, ի՞նչ է արվում։ Առաջին օրվանից ինչ խոսացել, գործը գցել է այդ ուղղության վրա, վերջ», - ասում են նրանք։

Պաշտոնական վարկածով ողբերգության պատճառը վառարանը բենզինով թեժացնելու կապիտան Եղիշե Հակոբյանի փորձն էր, որից էլ բռնկվել է ահարկու հրդեհը։ Նա այս գործով գլխավոր մեղադրյալն է ու կալանքի տակ է պահվում։ Մյուս չորս մեղադրյալները զորամասի հակահրդեհային ու կոմունալ շահագործման պատասխանատուներն են։

Ծնողները պաշտոնական վարկածին չեն հավատում, ասում են՝ ողջ մնացած տուժողների ցուցմունքներն անգամ իրար հակասում են։ Որդուն կորցրած Գաբրիել Կիրակոսյանը մի խումբ այլ հարազատների ու իրենց փաստաբանի հետ առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում էին՝ օբյեկտիվ քննության պահանջով։

«Էդ տղերքին ճանաչել եմ բոլորին՝ 15 երիտասարդ տղա, ուղեղները միլիոնի տակ աշխատում էր, ֆիզիկականներն էլ՝ տեղը։ Կենդանին որ կենդանի է, մինչև վերջին շունչն իր կյանքի համար պայքարում է։ Այդ 5 լիտրանացով կիսով չափ լցված բենզինն իրենից ի՞նչ էր ներկայացնում, որ հրդեհ եղավ, ու առաջին վայրկյաններին այդ տղերքը տեղներից չհելան։ Ո՞ւմ են հիմարի տեղ դրել», - նշեց նա։

Մեղադրող կողմի աշխատանքից դժգոհ են նաև մեղադրյալները։ Դատախազությունն այս քննադատությունը չի ընդունում։

Դատական նիստերն առանց միջադեպերի չեն անցնում։

Հաջորդ նիստը մայիսի 10-ին է։ Ծնողները հայտարարում են՝ եթե քննության ընթացքը չփոխվի, շատ ավելի մեծ կազմով հրապարակ կգան։

XS
SM
MD
LG