Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը վստահ է՝ Իրաքի կառավարամետ ուժերը շուտով կվերականգնեն վերահսկողությունը Ռամադիի նկատմամբ:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սեուլում Հարավային Կորեայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չնայած ակնառու առաջխաղացմանը՝ «Իսլամական պետություն» խմբավորումը նշանակալի կորուստներ է կրել։

«Ուստի, թեև հնարավոր է ականատես դառնալ նմանատիպ գրոհների, ինչպիսին Ռամադիում էր, սակայն ես համոզված եմ, որ առաջիկա օրերին այդ ընթացքը արմատապես փոխվելու է», - ասել է Քերրին։

Օրերս «Իսլամական պետության» վերահսկողության տակ անցած Ռամադին Բաղդադից 125 կիլոմետր արևմուտք է գտնվում, բնակչությունը գրեթե ամբողջությամբ լքել է քաղաքը: Տեղի պաշտոնյաները հայտնում են, որ Ռամադիում եռօրյա մարտերի ընթացքում մոտ 500 մարդ է զոհվել։

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին կառավարամետ ուժերին կոչ է արել վերագրավել քաղաքը: Նորանոր զինյալներ են ժամանում մարտերի շրջան, որը նաև ԱՄՆ-ի օդային հարվածների թիրախ է դարձել:

Շիա աշխարհազորայինների խոսնակ Յուսուֆ ալ-Քիլաբին համոզմունք է հայտնել, որ իրենք կկարողանան օգնություն ցուցաբերել։ «Աստծո կամոք, մենք կհասնենք փառահեղ հաղթանակի: Մենք կաջակցենք Իրաքում օրինականությանը՝ ի դեմս կառավարության ու խորհրդարանի», - ասել է խոսնակը։

Ավելի փոքր հաղթանակների շարքում պետք է նշել Սիրիայի կառավարական ուժերի կողմից Պալմիրայի տարածք ներխուժած «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դուրսմղումը քաղաքից: Մարտերի ընթացքում տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG