Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները վտանգավոր են համարում ընտրակեղծարարության մասին ահազանգերի քրեականացումը


Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը Ազգային ժողովում:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը Ազգային ժողովում:

Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը:

Ընդդիմության հետ ամիսներ շարունակ քննարկվող առանցքային խնդիրը՝ ընտրություններից հետո քվեարկողների ցուցակների հրապարակումը, արդեն լուծված է։

Իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնեցին մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարցի շուրջ՝ քրեական պատասխանատվության ենթարկել ընտրակեղծարարության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածողներին։

Ընդդիմության ներկայացուցիչները դեռ երեկ հայտարարում էին, թե դեմ են այս փոփոխությանը, քանի դեռ չեն տարանջատվել միտումնավոր և անզգուշությամբ արված կեղծ հայտարարությունները։ Տարանջատումից հետո արդեն ընդդիմության մեծամասնությունը կողմ քվեարկեց։

Եթե սուտ հայտարարությունը դիմումատուի կողմից արվել է դիտավորյալ, նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում, իսկ եթե քաղաքացին անզգուշությամբ է սուտ հայտարարություն ներկայացրել, նախատեսվում է դրամական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, կամ մինչև 2 տարի ազատազրկում:

«Ազատության» հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը գնահատելով նոր Ընտրական օրենսգիրքը՝ այն անվանեց «տեխնոկրատիկ»․ - «Մեր քաղաքական համաձայնությունը, որի տակ կա հինգ խմբակցությունների ստորագրություն, կյանքի կոչվեց: Բավականին տեխնոկրատիկ Ընտրական օրենսգիրք է, և, հաշվի առնելով այն թե՛ խախտումները, որ եղել են, թե՛ կասկածները խախտումների, փորձել ենք ներմուծել այնպիսի մեխանիզմներ, որոնք առավել արդյունավետ են այդ խախտումները կանխարգելելու հարցում: Հանցագործություններ աշխարհում յուրաքանչյուր տեղ էլ հնարավոր են: Խնդիրը վերաբերում է, թե ինչպես կանխարգելել»:

Անդրադառնալով կեղծ տեղեկությունների հրապարակման շուրջ ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնությանը՝ Հարությունյանն ասաց. - «Ընդհանուր առմամբ կոնսենսուսը, ցանկացած բանակցություն ենթադրում է փոխադարձ զիջումներ: Իհարկե, մենք համարում ենք, որ ձևակերպումով մենք շեղվեցինք համաձայնագրից, այնուամենայնիվ, համարեցինք խնդիրը այն աստիճան կարևոր, որ անգամ մեկ լրացուցիչ զիջման գնալը որպես դրական քայլ»:

Իրավապաշտպանները, մինչդեռ, քննադատելով այս փոփոխությունը՝ թե՛ իշխանություններին և թե՛ ընդդիմությանը հորդորում են պայքարել ընտրակեղծիքների, ոչ թե դրանց մասին ահազանգողների դեմ։

«Սա շատ վտանգավոր միտում է: Սա մոտավորապես ինձ հիշեցնում է սովետական ժամանակ հակասովետական ագիտացիայի հոդվածը, որով մարդկանց նստացնում էին: Սա փաստորեն նույն բանն է․ այսինքն կեղծիքների մասին բարձրաձայնելու համար մարդկանց նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը գնաց այս քայլին, քանի որ իշխանությունները համաձայնեցին կատարել նրանց պահանջը՝ հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակները, ինչի դիմաց իշխանությունը ստացավ ընդդիմության համաձայնությունը՝ բանտ նետելու ընտրակեղծքիների մասին ահազանգող քաղաքացիներին՝ առավելապես դիտորդներին եւ լրագրողներին։

«Եվ ամբողջ բազարը գնում է ապագա Ազգային ժողովում տեղեր փախցնելու շուրջը: Այդ համատեքստում եմ ես տեսնում նաև այս օրենքի ընդունումը: Եթե Ազգային ժողովում լիներ քառասուն տոկոսանոց սկզբունքային ընդդիմություն, ոչ միայն այս հոդվածը չէր ընդունվի, այլև իշխանությունը չէր էլ համարձակվի այս հոդվածը բերել՝ թեկուզ ունենար մեծամասնություն», - շարունակեց Իշխանյանը:

Նա նաև հիշատակեց անցած դեկտեմբերին անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո իրավապահներին ներկայացված շուրջ 500 դիմումները՝ համոզված լինելով, որ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակեղծիքների մասին բողոքները կնվազեն։

«Այդ ի՞նչն է ստիպել նրանց, որպեսզի այդպիսի հոդված ընդունեն: Եղե՞լ են արդյոք այդպիսի դեպքեր, որ կեղծ են եղել․․․ թող ցույց տան, որ կեղծ է եղել: Արդյո՞ք այդպիսի պրովոկատորներ կան դիտորդական խմբերի մեջ կամ լրատվամիջոցների, որոնք սուտ ասում եմ, որ էսինչը ուրիշի տեղը քվեարկել է: Արդյո՞ք այդպիսի դեպքեր եղել են, որոնք պատճառ հանդիսանան սրան: Սա քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ», - նշեց Իշխանյանը:

Իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանի եւ Արթուր Սաքունցի ղեկավարած կազմակերպությունները, որ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում, պնդում են՝ չնայած քրեական պատասխանատվության վտանգին՝ կշարունակեն ահազանգեր ներկայացնել ընտրակեղծիքների վերաբերյալ։

«Ամբողջ տրամաբանությունը այս օրենսդրական փոփոխությունների ուղղված է դիտորդական առաքելությունների նկատմամբ ճնշումների մեծացմանը՝ սահմանափակման միջոցով․․․ Այդ թվում նաև միջազգային դիտորդները: Ի դեպ, միջազգային դիտորդներն էլ են գրելու՝ կրկնակի քվեարկության դեպքեր․ միջազգային դիտորդներն է՞լ են ենթարկվելու քրեական պատասխանատվության», - հարց բարձրացրեց Սաքունցը:

Օրենսդիրներն այսօր փոփոխություն կատարեցին նաև Քրեական օրենսգրքում՝ ամրագրելով սուտ տեղեկություններ հաղորդելու հետ կապված պատիժներն ու տուգանքները։

Իրավապաշտպանները տարածած հայտարարությամբ պահանջում են Քրեական օրենսգրքից հանել այդ փոփոխությունը, որը, նրանց պնդմամբ՝ «կհանգեցնի ընտրախախտումների ամբողջ զինանոցի անպատիժ և լայնածավալ կիրառմանը և ընտրական ինստիտուտի ոչնչացմանը»։

XS
SM
MD
LG