Մատչելիության հղումներ

Մարին Լը Պենի վարկանիշը մեկ շաբաթում զգալիորեն աճել է


Մարին Լը Պեն, արխիվ
Մարին Լը Պեն, արխիվ

Վերջին մեկ շաբաթում Ֆրանսիայի ծայրահեղ ազգայնականների առաջնորդ Մարին Լը Պենի վարկանիշը աճել է շուրջ 6 տոկոսով: Դա են վկայում Opinionway սոցիոլոգիական ծառայության երեկ հրապարակած տվյալները:

Ֆրանսիացի սոցիոլոգների տվյալներով, նախագահական ընտրությունների` ապրիլի 23-ին կայանալիք առաջին փուլում Լը Պենը քվեների 27 տոկոսով վստահորեն կզբաղեցնի առաջին հորիզոնականը: Այսօրվա դրությամբ, երկրորդ փուլում ազգայնական թեկնածուի ամենահավանական մրցակիցներն են կամ կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը, կամ էլ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը․ այս հարցման համաձայն՝ երկու թեկնածուներն էլ կարող են հավակնել քվեների 20 տոկոսին: Երկրորդ փուլում, սակայն, ըստ Opinionway-ի մասնագետների, Լը Պենը պարտվելու է թե՛ Ֆիյոնին և թե՛ Մակրոնին:

Սոցիոլոգները, այդուհանդերձ, նկատում են, որ Լը Պենին վերջին մեկ շաբաթում հաջողվել է զգալիորեն կրճատել տարբերությունը իր և մրցակիցների միջև: Այսպես, եթե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հայտնվի կենտրոնամետ Էմանյուել Մակրոնը, ապա նա, ըստ ամենայնի, կստանա ֆրանսիացի ընտրողների քվեների 58, իսկ Մարին Լը Պենը` 42 տոկոսը: Կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի` երկրորդ փուլ դուրս գալու պարագայում Լը Պենի կողմնակիցների թիվը կարող է հասնել 44 տոկոսի:

«Դա, իհարկե, բավարար չէ Ֆրանսիայի առաջին կին նախագահը դառնալու համար, սակայն նկատվող դինամիկան մտահոգիչ է», - նշում են Opinionway-ի մասնագետները` նկատելով, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ Լը Պենի վարկանիշը տատանվում էր 36-37 տոկոսի միջակայքում:

Վերլուծաբանների կարծիքով՝ Լը Պենի վարկանիշի աճի գլխավոր պատճառը ներգաղթյալներով բնակեցված փարիզյան արվարձաններում ծավալված բողոքի գործողություններն են: Դրանց մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել ոստիկանական բռնությունների մեղավորներին:

Ուշագրավ է, ի դեպ, որ նույն օրը, երբ հայտնի դարձավ Մարին Լը Պենի վարկանիշի կտրուկ աճի մասին, ֆրանսիական ոստիկանությունը խուզարկեց նրա ղեկավարած «Ազգային ճակատ»-ի կենտրոնական գրասենյակը: Քննչական գործողությունները իրականացվեցին Եվրամիության հակակոռուպցիոն գործակալության` OLAF-ի պահանջով: Այս կառույցը կասկածներ ունի, որ 2011-12 թվականներին Եվրամիության կողմից տրամադրված 300 հազար եվրոն Լը Պենը վճարել է իր կուսակիցներին որպես աշխատավարձ, թեև դրա իրավունքը չի ունեցել: Բացի այդ, կասկածներ են առկա, որ այդ վճարումների մի մասը ֆիկտիվ բնույթ է կրել:

«Ազգային ճակատ»-ի ղեկավարությունը այս մեղադրանքները կտրականապես հերքում է: BFM հեռուստաընկերության եթերում Լը Պենի նախընտրական շտաբի ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն երեկ նշում էր․ - «Այս գործը բացառապես լրատվամիջոցների ուշադրությունը գրավելուն միտված հնարք է: Ինչո՞ւ է խուզարկություն իրականացվում նույն օրը, երբ հայտնի է դառնում, որ Մարին Լը Պենի վարկանիշը մեկ օրում աճել է 2 տոկոսով: Դա իշխող համակարգում տիրող համատարած խուճապի մասին է վկայում»:

Ազգայնական թեկնածուի վարկանիշի աճի ֆոնին ֆրանսիական քաղաքական դաշտի ձախ թևի ներկայացուցիչները շարունակում են կոչ անել շարքային ընտրողներին`չհավատալ պոպուլիստական կոչերին: Երեկ Իսպանիա կատարած այցի շրջանակում ֆրանսիացիներին նման ուղերձով դիմեց պաշտոնից հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ազգայնականությունը Եվրոպայի համար միայն սպառնալիքներ է պարունակում: Դա սպառնալիք է նաև այն ազգերին, որոնց շահերն է իբր կոչված պաշտպանելու: Ի՞նչ մոդել է առաջարկում ազգայնականությունը` ամերիկյա՞ն, ռուսակա՞ն: Ինչպե՞ս են [ազգայնականները] պատրաստվում լուծել, ասենք, սիրիական ճգնաժամը: Բաշար Ասադին հաճոյանալո՞վ: Իմ կարծիքով՝ գոյություն ունի զարգացման շատ ավելի լավ մոդել, որը կոչվում է ժողովրդավարություն, ազատություն և մարդկային արժանապատվություն», - հայտարարում էր Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG