Մատչելիության հղումներ

Ռոհանի. «Չեմ կարծում, որ Թրամփը չեղարկի Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը»


Իրանի նախագահը լավատես է` նա չի հավատում, որ երկու օրից Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները ստանձնող Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Թեհրանի հետ 2015-ի հուլիսի 14-ին կնքված միջուկային համաձայնագիրը: Այս մասին Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց երեքշաբթի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ պարոն Թրամփը իր հայտարարություններում նշել է, թե դժգոհ է Իրանի հետ կնքված համաձայնագրից: Նրա համոզմամբ այդ պայմանագիրն այնքան էլ լավը չէ, ավելին՝ նա պնդում է, որ դա շահավետ համաձայնագիր չէ: Այդ ամենը զուտ հռետորաբանություն է: Ես կարծում եմ, որ Թրամփի` պաշտոնը ստանձնելուց հետո որևէ բացասական զարգացում չի լինի: Մենք երկկողմ համաձայնագրի հետ չէ, որ գործ ունենք, որը կարելի է պարզապես չեղարկել, քանի որ այն Թրամփին դուր չի գալիս: Միջուկային համաձայնագրի շուրջ հավելյալ բանակցություններում որևէ իմաստ ես չեմ տեսնում», - հայտարարում էր Իրանի նախագահը:

Իրանի միջուկային ծրագրի քննադատությունը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հիմնական կարգախոսներից մեկն էր: Դեռ քարոզարշավի մեկնարկին Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ կնքված բազմակողմ համաձայնագիրը Միացյալ Նահանգների կողմից երբևիցե ստորագրված վատթարագույն միջազգային փաստաթղթերից մեկն է: Նորընտիր նախագահի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնը անցած շաբաթ Սենատում կայացած լսումների ժամանակ ևս քննադատեց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը:

«Ինչ վերաբերում է վերջերս ստորագրված պայմանագրին, որի նպատակն է սահմանափակել Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը, ապա իմ թեկնածության հաստատման դեպքում ես խորհուրդ կտամ ամբողջությամբ վերանայել այդ պայմանագիրը: Դա համահունչ է նաև նորընտիր նախագահի տեսակետներին», - հայտարարում էր Թիլերսոնը:

Բայց նույնիսկ այս հայտարարությունների ֆոնին Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահ է` տարիներ տևած բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները Վաշինգտոնի կողմից չեն վերանայվի:

«Ամերիկացիները նախկինում խախտել են իրենց իսկ տված խոստումներն ու սխալ քայլերի են դիմել: Բայց միջուկային համաձայնագրի ապագայի հարցում ես լավատես եմ: Ամերիկացիները չեն հասկանում, թե որքան շահավետ է այս պայմանագիրը հենց իրենց համար: Այդ պայմանագրի կնքմամբ աշխարհում նոր մթնոլորտ է ստեղծվում, որից շահում են բոլորը», - համոզված է Իրանի նախագահը:

Դիմելով Թեհրանում հավատարմագրված տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ռոհանին նաև համոզմունք էր հայտնում, որ իրանական տնտեսությունն արդեն իսկ զգում է Վիեննայում կնքված պայմանագրերի դրական ազդեցությունը:

«Ես Իրանի հանրությանը հստակորեն կարող եմ ասել` համաձայնագրում հիշատակված բոլոր պատժամիջոցները, որոնք պետք է վերացվեին, արդեն իսկ վերացված են: Այսօր մենք որևէ պատժամիջոց չունենք, որ հարվածեր նավթարդունաբերությանն ու գազային ոլորտին: Գոյություն չունի որևէ պատժամիջոց, որի թիրախը լիներ տրանսպորտի ոլորտը: Նույնն է ապահովագրության ոլորտում: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա կարող եմ արձանագրել, որ մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ օտարերկրյա կառավարությունների, և թե՛ միջազգային բանկերի հետ», - հայտարարում էր Ռոհանին:

Համաձայնագրի ստորագրումից հետո անցած մեկուկես տարիների ընթացքում իրանական տնտեսությունը կարողացել է աստիճանաբար դուրս գալ ավելի քան մեկ տասնամյակ շարունակված ճգնաժամից: Արևմտյան բանկերում պահ տրված իրանական ակտիվների զգալի մասը` շուրջ 50 միլիարդ դոլարը, ապասառեցվել է: Առաջին անգամ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանին արևմտյան մարդատար օդանավեր ձեռք բերելու հնարավորություն է տրվել: Միայն «Բոինգ» ընկերությունից Իրանը 80 մարդատար օդանավ է պատրաստվում գնել: Գործարքի ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 16 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG