Մատչելիության հղումներ

Կցուցադրվեն երիտասարդ կինոռեժիսոր Ասպետ Շերմազանյանի կարճամետրաժ ֆիլմերը


24-ամյա կինոռեժիսոր Ասպետ Շերմազանյանը, ով մասնագիտական կրթությունը վերջին տարիներին շարունակում է Մոսկվայի հանրահայտ Կինոյի պետական բարձրագույն ինստիտուտում (ВГИК), արդեն իսկ մի քանի կարժամետրաժ ֆիլմի հեղինակ է:

Վերջին 2 տարիներին նկարահանված այդ ֆիլմերը արդեն մասնակցել են մի քանի միջազգային հանրահայտ փառատոների, արժանացել են մրցանակների, և այսօր էլ «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսին կներկայացվեն նրա «Մի՛ գողացիր», «Ամնեզիա» և «Աղ ու հաց» կարճամետրաժ ֆիլմերը:

«Ազատության» հետ զրույցում երիտասարդ կինոռեժիսորն ասաց․ - «Մենք ազատության և անկախության սերունդ ենք մեզ անվանում․․․ Մենք ուղղակի պարտավորված ենք ինչ-որ նոր խոսք ասելու աշխարհին, որովհետև էս ամբողջ հաղթանակներից հետո բոլոր բարդույթները, այդ չկամությունը, որ մեր ներսում կա իրար հանդեպ, կամ ուրիշի հանդեպ, կամ մեծամտությունը մտացած բոլոր ազգերի հանդեպ, որ հայերին բնորոշ է․․․ մենք պիտի հաղթահարենք, ուղղակի լինենք պրոֆեսիոնալ ամեն բնագավառում»:

Երիտասարդ ռեժիսորը համոզված է, որ այսօր արտասահմանում իրենց կրթությունը շարունակող երիտասարդները վերադառնալու են հայրենիք․ - «Հայաստանում անելիք չունեմ․․․ դուրս եմ գալու․․․ Բայց երբ գտնվում ես դրսում, ինչքան խորը ու լուրջ մեջք ունես, ու վերադառնալու խնդիրը առաջինն է ինձ համար: Մենք պիտի վերադառնանք, մենք պիտի բացվենք: 70 տարի եղել ենք փակ, Մոսկվայի հանձնարարությամբ ենք ապրել: Մենք այդ բարդույթը պիտի մոռանանք․․․ հաղթահարել ենք, մենք շատ ազատամիտ ենք, մենք շատ անկախ ենք մեզ պահում՝ գիտակցելով այն արժեքները, որ մենք ունենք»:

Հարցին, թե ինչպես է լուծում ֆինանսական խնդները, Ասպետ Շերմազանյանն ասաց․ - «Մի անգամ հորս ընկերներից մեկը ինձ ասաց՝ Ասպետ, երբեք փողի հետևից չվազես, փողը ինքը քեզ կգտնի՝ եթե դու լավ անես քո գործը»:

Իսկ հարցին, թե ինչ ասելիք ունի նոր սերունդը, անձամբ ինքը, երիտասարդ ռեժիսորն արձագանքեց․ - «Ես չեմ ուզում մեծ պաթոսով խոսել, որ ես եկել եմ ռևոլյուցիա անեմ․․․ Ես մի նպատակ ունեմ ընդամենը՝ անելու կինո, որը հասկանալի է յուրաքանչյուր մարդու ու պրոֆեսիոնալ է: Այն բոլոր տենդենցները, այն բոլոր ալիքները, որ հիմա Հայաստանում են, դա էլ է բնական: Ժամանակն է ցույց տալիս որն է դասականը, որն է անցողիկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG