Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխնախագահ․ «Թուրք ժողովուրդը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ չունի»


Բայդենը և Յըլդըրըմը հանդես են եկել մամուլի ասուլիսով, Անկարա, 24-ը օգոստոսի, 2016 թ․
Բայդենը և Յըլդըրըմը հանդես են եկել մամուլի ասուլիսով, Անկարա, 24-ը օգոստոսի, 2016 թ․

Պաշտոնական այցով Անկարա ժամանած՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի օրակարգի գլխավոր հարցը վերաբերել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող՝ իսլամական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձմանը:

«Երանի Գյուլենը ոչ թե ԱՄՆ-ում, այլ մեկ ուրիշ երկրում լիներ»,- «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ՝ նշել է ԱՄՆ-ի փոխնախագահը, անդրադառնալով Գյուլենի արտահանձնման խնդրին։ Բայդենը հավելել է՝ հարցի շուրջ որոշումը դաշնային դատարանն է կայացնելու։

«Հաշվի առնելով բոլոր ապացույցները՝ դիմելու ենք ամերիկյան դատարան։ Դրա համար ժամանակ է պետք։ Հավատում եմ, որ թուրք ժողովուրդը զայրացած է, սակայն, գործընթացը շարունակվելու է»,- ասել է Բայդենը, հավելելով՝ ԱՄՆ-ն ոչ մեկին պաշտպանելու նպատակ չունի, սակայն, պարտավոր է հավատարիմ մնալ իր օրենքներին։

Թուրքիայի արդարադատության նախարարությունն արդեն երկու անգամ դիմել է ամերիկյան իշխանություններին՝ պահանջելով արտահանձնել, իրենց պնդմամբ, հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպչին՝ Ֆեթուլահ Գյուլենին։ Հարցի շուրջ բանակցելու նպատակով նախօրեին Թուրքիա է այցելել ԱՄՆ-ի հատուկ պատվիրակությունը։

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները հաստատել է, որ Թուրքիան պաշտոնապես դիմել է Փենսիլվանիա նահանգում բնակվող վտարանդի գործչի արտահանձնման խնդրանքով։ Թոները, սակայն, ասել է, որ թուրքական կողմի դիմումը կապ չունի հեղաշրջման փորձի հետ և պահանջի հիմքում այլ պատճառներ են նշված։

Մինչդեռ, թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հեղաշրջման փորձի հետևում հենց Գյուլենն է կանգնած, և անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նրան։ «Արդեն 85 փաթեթ փաստաթուղթ ենք ուղարկել ԱՄՆ։ Մենք շարունակելու ենք փաստաթղթեր ուղարկել հուլիսի 15-ին հաջորդող զարգացումների վերաբերյալ։ Թուրքիան և ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ են, և Գյուլենին ապաստան տալով, ԱՄՆ-ը ոչինչ չի շահելու։ Այս մասին այսօր կրկին ասելու ենք»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից առաջ։

Հուլիսյան հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիա այցելած առաջին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին կանգառը թուրքական Մեջլիսն է եղել։ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ հանդիպումից հետո Բայդենը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ շրջել է խորհրդարանի շենքի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ վնասված հատվածով։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի փոխնախագահը նշել է, որ կցանկանար Թուրքիա այցելել հուլիսյան դեպքերի հաջորդ օրը։ Բայդենն ընդգծել է՝ հուլիսի 15-ը Թուրքիայի սեպտեմբերի 11-ն էր։ Մեջլիս կատարած այցից հետո Ջո Բայդենը վարչապետական «Չանքայա» պալատում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ։ Թուրքական «Միլիյեթը» գրում է, որ պալատ գնալու ճանապարհին մի խումբ ցուցարարներ պաստառներով և սուլոցներով են դիմավորել ամերիկացի պաշտոնյային՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ։

Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Բայդենը և Յըլդըրըմը հանդես են եկել մամուլի ասուլիսով։ ԱՄՆ-ի փոխնախագահն աջակցություն է հայտնել հեղաշրջման փորձ ապրած Թուրքիայի ղեկավարությանը, ընդգծելով՝ Թուրքիա է եկել թուրք-ամերիկյան բարեկամությունը ողջ աշխարհին ցույց տալու համար։ «Թուրք ժողովուրդը Միացյալ Նահանգներից ավելի մեծ բարեկամ չունի»,- ասել է նա։ Բայդենը հերքել է լուրերը, թե ԱՄՆ-ը տեղյակ է եղել Թուրքիայում ծրագրվող հեղաշրջման մասին։ «Եթե ԱՄՆ-ը նախապես տեղեկություն ունենար, ապա հնարավոր ամեն ինչ կաներ՝ հեղաշրջման փորձը կանխելու համար»,- Թուրքիայում հայտարարել է Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG