Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության վտանգը 2017 թվականին


Պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտություն:

«Պատերազմ կլինի՞»

Ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի լեռներում գարնան ձնհալից առաջ փորձագետների և վերլուծաբանների մի փոքրիկ խումբ ուշադրությամբ նայում է Լեռնային Ղարաբաղին և հարց տալիս՝ «Պատերազմ կլինի՞»: Այսպես է սկսում Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի կայքում այսօր հրապարակած վերլուծությունը քաղաքագետ Թոմաս Դե Վաալը:

Ղարաբաղյան զարգացումներին հետևողներն այս տարի առավելապես մտահոգված են. 2016 թվականը շատ վատ տարի էր, իսկ 17-ը կարող է էլ ավելի վատ լինել:

Անցյալ տարվա ապրիլյան չորս օրում երկու կողմերից մոտ 200 զոհ արձանագրվեց, դա շփման գծում ամենածանր բախումն էր 1994 թվականից հետո:

2016-ի ապրիլյան բախումներին ամռանը հաջորդել են դիվանագիտական ակտիվ գործողություններ: Ադրբեջանցիները ժամանակավորապես համաձայնել են ամրացնել 94-ի հրադադարի ռեժիմը, մինչդեռ, հայերը պահանջել են ավելի համապարփակ բանակցային գործընթաց:

Սակայն այդ ժամանակավոր հաստատված համաձայնություններն անցած կես տարվա ընթացքում շատ դանդաղ են կյանքի կոչվել: Ղարաբաղյան խնդիրը վերադարձել է փոխադարձ մեղադրանքների, ադրբեջանցիների հիասթափության, հայերի անգործունեության և մանրուքների շուրջ դիվանագիտական ըմբշամարտի մտահոգիչ փուլ:

Հրադադարը հետզհետե ավելի երերուն է դառնում

Իհարկե, նշում է Դե Վաալը, իրավացի էր Միացյալ Նահանգների հայր-հիմնադիրներից Բենջամեն Ֆրանքլինը, ասելով, թե «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»: Նոր բախումը Կովկասում կբերի հազարավոր մահեր և տնտեսական աղետ, իսկ բուն հարցը չի լուծվի: Բայց կա վտանգ, որ կողմերը սխալ հաշվարկի հետևանքով կներքաշվեն այդ նոր բախման մեջ:

1994-95 թվականներին հաստատված հրադադարի պայմանավորվածությունը հետզհետե ավելի երերուն է դառնում, չկան խաղաղապահներ, դիտարկում անցկացնող ԵԱՀԿ-ի փոքրիկ թիմը սահմանափակ մանդատ ունի, իսկ իրականացվող գործընթացը սոսկ թույլ է տալիս կառավարել, բայց ոչ լուծել հակամարտությունը:

Եվրոպայի ամենառազմականացված շրջանը

1994-ին շփման 250-կիլոմետրանոց գծի երկու կողմում խրամատներ էին, հրադադարը երբեմն խախտվել է, մերթ ընդ մերթ էլ հակառակորդ զինվորներն են հանդիպել, զրուցել ու մեկ-մեկու սիգարետ հյուրասիրել:

Բայց հիմա դա Եվրոպայի ամենառազմականացված շրջանն է, որտեղ կան հրետանի, հեռահար հրթիռների արձակման համակարգներ, գրոհային ուղղաթիռներ, ռազմական անօդաչու թռչող սարքեր:

Ադրբեջանը նավթի վաճառքից ստացած միլիարդավոր դոլարներ է ծախսում նոր զինատեսակների համար, հայերը ավելի քիչ են ծախսում, բայց կարողանում են բավական վստահելի պաշտպանություն ապահովել՝ շնորհիվ զեղչով ռուսներից ստացած զենքի:

2016-ի ապրիլին ադրբեջանցիները կարողացել են երկու փոքրիկ հողակտոր վերադարձնել, ադրբեջանցիների սոսկ հոգեբանական ոգևորությունը շատ ավելի մեծ էր: Ռազմական հաջող գրոհի ընկալումը թույլ է տվել ազատվել երկու տասնամյակ տևած ստորացման զգացումից, և հայրենասիրության աննախադեպ վերելքի շնորհիվ իշխանությունը կարողացել է շեղել բնակիչների ուշադրությունը ազգային տարադրամի թուլացման և տնտեսական անկման հարցերից:

Բաքուն գայթակղության առաջ

Եվ հիմա՝ երբ ապրիլյան բախումներին հաջորդած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիվանագիտական նախաձեռնությունները սկսել են տեղում դոփել, կա վտանգ, որ Բաքուն կգայթակղվի ու կփորձի նոր ռազմական գործողություն անցկացնել, գրավել նոր տարածքներ ու հայերին լուծումներ պարտադրել:

Կա վտանգ, որ այս անգամ փոքրիկ գրոհը կվերաճի ավելի լայնածավալ գործողության, ավելի վտանգավոր, քան 2016-ի ապրիլյան չորս օրերին:

Ադրբեջանի իշխանությունը կլինի ծանր ճնշման տակ, քանի որ հանրությունն այս անգամ կպահանջի գրավել ոչ թե փոքրիկ հողակտորներ, այլ մեծ տարածքներ: Հայաստանի իշխանությունից էլ հանրությունը կպահանջի առավել վճռական կռվել և վերադարձնել ապրիլին կորցրած հողակտորները:

Թոմաս Դե Վաալի կարծիքով, երկու կողմերն էլ գերագնահատում են իրենց ռազմական կարողությունը: Երկուսն էլ ունեն մահաբեր նոր զինատեսակներ:

«Իսկանդերը» և «Երկաթե գմբեթը»

Հայերը ռուսներից ստացել են «Իսկանդեր» տեսակի հրթիռներ, որոնք ցուցադրվել են 2016-ի Անկախության օրվա զորահանդեսին: 280 կիլոմետր հեռահարությամբ այդ հրթիռների թիրախը կարող են դառնալ բնակավայրեր և նավթի ու գազի հանքեր:

Այդ տարբերակին, իհարկե, կարելի է դիմել միայն հուսահատ վիճակում, բայց դա հնարավոր կդառնա, եթե Ադրբեջանը լայնածավալ հարձակում նախաձեռնի: Այդ քայլը նաև կբխի Հայաստանի 2015 թվականի ռազմական վարդապետության այն դրությից, ըստ որի հանուն պաշտպանության կարելի է դիմել կանխարգելիչ գործողության:

Ադրբեջանն, իր հերթին, Իսրայելից գնել է արդիական զենքի մեծ խմբաքանակ, այդ թվում Iron Dome (Երկաթե գմբեթ) հակահրթիռային պաշտպանության համակարգ:

Տկարացող տնտեսություն և ընտրությունների գամբիտ

Այս ռազմական ենթատեքստը վտանգավոր է, բայց ոչ պակաս մտահոգիչ է նաև քաղաքականը: Ադրբեջանի նավթային վերելքը կանգ է առել, տնտեսությունն անցյալ տարի 4 տոկոսի անկում է գրանցել, իսկ մանաթը 2015-ից սկսած 57 տոկոսով արժեզրկվել է:

Հայաստանում այս տարվա ապրիլի 2-ին նախատեսված են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց արդյունքում հանրապետությունում կհաստատվի խորհրդարանական համակարգ և գործադիր իշխանության հիմնական լծակները կփոխանցվեն վարչապետին:

Այս նախաձեռնությունը շատերի կողմից ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի «գամբիտ», որի նպատակն է պահպանել իշխանությունը: Նրա նախագահությունն ավարտվում է 2018-ին:

Բուն ծրագիրը բավական վիճահարույց է, և Հայաստանի ընդդիմությունն այդ ընտրությունները կօգտոգործի նախագահին լուրջ մարտահրավեր նետելու համար:

Միջազգային անորոշությունը՝ վտանգավոր գործոն

Եվ վերջապես ապակայունացման մյուս գործոնը միջազգային ասպարեզում առաջացած ալեկոծությունն է, որն ի հայտ է եկել Դոնալթ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու, և Եվրամիության ներկայիս ճգնաժամի արդյունքում:

Այդ ալեկոծությունը զգացվում է Հարավային Կովկասում և կարող է կողմերին դրդել ավելի անպատասխանատու քայլերի, եթե նրանք ենթադրեն, թե ի զորու են առանց հետևանքների անել ինչ ուզում են:

Եթե կռիվ եղավ՝ շատ դժվար կլինի այն զսպել: 2016-ի ապրիլին Մոսկվայի միջնորդությամբ կողմերը տվեցին ռազմական գործողությունները դադարեցնելու բանավոր խոստում:

Երևանում և Բաքվում անվստահություն Մոսկվայի հանդեպ

Բայց սխալ է մտածել, թե Մոսկվայի ձեռքում է հարցի կարգավորումը: Սկսած 1988-ից, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուսաստանն իրականում երբեք չի վերահսկել կարգավորումը: Մոսկվան, իհարկե, փորձել է ազդել կոնֆլիկտի վրա, պաշտպանելով մերթ մեկ, մերթ մյուս կողմին: Հիմա Մոսկվայի հանդեպ կա խորն անվստահություն թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների մոտ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Երևանը Ռուսաստանին թույլ չեն տա սեփական օրակարգը պարտադրել իրենց համար թիվ մեկ ազգային խնդրում:

Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմը պետք է կանխել ակտիվ դիվանագիտական քայլերով: Հարավային Կովկասում նոր կոնֆլիկտը բոլորի, առավել ևս շարքային հայերի և ադրբեջանցիների համար առավել անցանկալի հեռանկարն է, քանի որ հենց նրանք են հայտնվելու այդ կոնֆլիկտի կիզակետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG