Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը բացահայտել է իր պլանները կառավարության հետագա ծախսերի և, մասնավորապես, 2016 թվականի բյուջեի վերաբերյալ, որի նկատմամբ բացասական են տրամադրված հանրապետական կոնգրեսականները:

2016-ի բյուջեն բուռն քննարկումների առարկա է դարձել ԱՄՆ-ի դեմոկրատ նախագահի ու հանրապետական Կոնգրեսի միջև: Սակայն Օբաման շեշտել է, որ այս տարիներին բյուջեի պակասորդը կրճատվել է ավելի քան կիսով չափ: Ըստ ԱՄՆ-ի նախագահի՝ ավելի լավ ֆինանսական իրավիճակ է ձևավորվել, որը թույլ կտա կենտրոնանալ նախկինում մասամբ անտեսված ներքին պահանջմունքների վրա:

«Միջին դասի պահանջներին ուղղված տնտեսությունը պետք է օգնի աշխատող ընտանիքներին ավելի անվտանգ զգալ իրենց այս փոփոխական աշխարհում: Դա նշանակում է օգնել ժողովրդին երեխաների խնամքի, ուսումնառության, առողջապահության, տան վարկերի, թոշակի հարցերում, և իմ նախատեսած բյուջեն ուղղված է լինելու բոլոր այս խնդիրների լուծմանը՝ իջեցնելու աշխատավոր ընտանիքների հարկերը ու հետ վերադարձնելու նրանց հազարավոր դոլարներ ամեն տարի», - ասաց Օբաման իր ելույթում:

Ակնկալվում է, որ այս տարվա բյուջեի նախագիծը նաև կվերացնի բյուջետային ծախսերի այն կրճատումները, որոնք ազդել էին գրեթե ամեն ինչի վրա՝ սկսած ԱՄՆ-ի ռազմական պատրաստությունից մինչև Էբոլայի նման առողջապահական խնդիրներին արձագանքելու կարողությունը:

Սակայն պետության եկամուտների ընդհանուր իրավիճակը վեր է հանում բավական բարդ խնդիրներ՝ բյուջեի ցանկացած, թեկուզ զգալիորեն կրճատված պակասորդը նպաստում է ԱՄՆ-ի 18 տրիլիոն դոլար կազմող ազգային պարտքի աճին: Հանրապետականները այս առիթը բաց չեն թողնում Օբամայի առաջարկած բյուջեն քննադատելու և ձախողված որակելու:

Ըստ սենատոր Ջոն Քորնինի՝ բյուջեն ծանրաբեռնված է լինելու ավելի մեծ հարկերով, ծախսերով ու պարտքով: Նա համարում է դա անկայուն ուղի երկրի համար, քանի որ ԱՄՆ-ն «ծախսում է գումարներ, որոնք դեռևս չունի»:

Կոնգրեսական հանձնաժողովները կնախագծեն ծախսային առաջարկներ, որոնք կարտահայտեն հանրապետականների առաջնայնությունները՝ սահմանափակելով ներքին ծախսերը և հարկային արտոնություններ ապահովելով բիզնես ոլորտը խթանելու համար: Սակայն նրանց կանխատեսած բյուջետային անհավասարակշռությունը անտեսում է վերջին շրջանի պատմությունը, երբ հանրապետականների կառավարման տարիներին բյուջետային պակասորդը ու պարտքը ահագնացող աճ էր ապրում:

Անկախ սենատոր Բեռնի Սանդերսն ասում է․ - «Ես հիացած եմ, որ իմ որոշ հանրապետական գործընկերներ մտահոգված են ազգային պարտքով ու բյուջեի պակասորդով: Սակայն կհարցնեմ նաև, թե ուր էին իրենք մի քանի տարի առաջ, երբ մենք պատերազմի մեջ էինք մտնում Իրաքում և ուղղակի մոռացել էինք, որ դրա համար պետք է վճարենք»:

ԱՄՆ-ի սահմանադրությունը Կոնգրեսին է վերապահում դրամավարկային ռազմավարություն մշակելու իրավունքը՝ օրենքներ սահմանելով հարկերի, տուրքերի ու ծախսերի վերաբերյալ: Սակայն նախագահը իրավասու է բյուջետային հրամանագրեր ստորագրել, ինչը նշանակում է, որ իշխանության երկու ճյուղերի միջև քննարկումները կարող են շարունակվել մինչև գալիք սեպտեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG