Մատչելիության հղումներ

Օբաման քայլեր է ձեռնարկում համայնքի և ոստիկանության միջև կապն ամրապնդելու համար


«Մենք կարող ենք կառուցել վստահություն և հավատ միմյանց հանդեպ», - համոզված է Միացյալ Նահանգների նախագահը։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարեց մի շարք քայլերի մասին, որոնք պետք է ամրապնդեն համայնքի և ոստիկանության միջև կապը:

Օբաման իր այդ ծրագրի մասին խոսեց դեկտեմբերի 1-ին՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, քաղաքացիական իրավունքների ջատագովների, գիտնականների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

Սակայն բողոքի գործողությունները ամերիկյան քաղաքներում՝ կապված ոստիկանի կողմից անզեն սևամորթ պատանու սպանության հետ, դեռևս շարունակվում են:

Նախագահ Օբաման ասաց, որ ցնցված է խտրականության դրսևորումների վերաբերյալ պատմություններից, որ հնչել են երկուշաբթի օրը երիտասարդության հետ իր քննարկումների ժամանակ:

«Երբ ես լսում եմ այս սեղանի շուրջ երիտասարդներին, որոնք պատմում են իրենց փորձի մասին, դա գրեթե խաթարում է իմ հավատը առ այն, թե ինչպիսին կարող է Ամերիկան լինել», - ասաց նախագահը:

Օբաման շեշտեց, որ երկրում, որտեղ արժևորվում է հավասարությունը օրենքի առջև, անընդունելի է, երբ տարբեր ռասաների այսքան երիտասարդներ իրենց նկատմամբ անարդարացի վարվելու զգացում ունեն:

«Եթե ամերիկյան ընտանիքի որևէ հատվածում զգացում կա, թե իրենց հետ արդարացի չեն վարվում, դա բոլորիս խնդիրն է: Դա մի հոգու, կամ տվյալ համայնքի, կամ էթնիկ խմբի խնդիրը չէ միայն: Դա նշանակում է, որ մենք՝ իբրև երկիր, այդքան զորեղ չենք, որքան կարող ենք լինել», - հայտարարեց նախագահը:

«Իրականում ես համոզված եմ, որ եթե մենք ժրաջան աշխատենք, կարող ենք համոզված լինել, որ ոստիկանության սպաները և իրենց ծառայության համայնքները գործընկերներ կլինեն հանցագործությունների դեմ պայքարում, գործընկերներ՝ յուրաքանչյուրի անվտանգությունն ապահովելու գործում, այսինքն՝ մենք կարող ենք կառուցել վստահություն և հավատ միմյանց հանդեպ: Թեև դա թերևս մի գիշերվա մեջ չէ, որ լինելու է», - նշեց Օբաման:

Հանդիպման առանցքային հարցերից էր, թե ինչ մակարդակի սպառազինություն պետք է կիրառեր ոստիկանությունը Ֆերգյուսոնի բողոքի անկարգությունների ընթացքում:

Օբաման ասաց, որ նախաձեռնելու է մի շարք բարեփոխումային ծրագրեր ոստիկանության, նրա հանդերձանքի ու վարժանքների վերաբերյալ, որոնց նպատակը կլինի ապահովել ամերիկյան հասարակությունը՝ համոզվածությամբ, որ ԱՄՆ-ում չի կառուցվելու ռազմականացված մշակույթ տեղական օրինապաշտպան մարմինների ներսում:

Ըստ իրավապաշտպանների, հանդիպումը կարևոր էր, սակայն գործողությունները չպետք է այսքանով ավարտվեն:

Իրավապաշտպան Ալ Շարթոնի խոսքով՝ ԱՄՆ-ում բոլորը պետք է աջակցեն օրինականության պահպանմանը և դրա պաշտպանությանը, սակայն օրինապահները պետք է աջակից լինեն արդարության ու արդարադատության հաստատմանը: Նրա կարծիքով՝ Ֆերգյուսոնի դատավճիռը ամենևին չի տանում դեպի այդ մտայնությունը։ Ուստի, նրա խոսքով, նախագահի կողմից նման ժողով գումարելն ու հատկապես երիտասարդ առաջնորդների ներկայությունը պատմական իրադարձություն է, սակայն այն չպետք է լինի եզակի դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG