Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ղեկավարը ծայրահեղականության դեմ վեհաժողովի ժամանակ Սպիտակ տանն ասել է, որ ցանկություն ունի ցրել այն պատրանքը, թե ամերիկացիները ու արևմտյան երկրները հակառակվում են մահմեդականությանը, ինչը, նրա խոսքով, ծայրահեղականներին օգնում է տրամադրել մահմեդականներին ամերիկացիների դեմ:

Ցայժմ Միացյալ Նահանգները կենտրոնացած էր մահմեդական ծայրահեղականների դեմ պայքարի վրա, սակայն հիմա նախագահ Բարաք Օբաման որոշել է, որ ժամանակն է արծարծել հարցի գաղափարական կողմը․ դա է, որ երիտասարդներին դարձնում է խոցելի ու ծայրահեղականացված:

Օբամային քննադատել էին «ծայրահեղական» բառին կից որպես ածական «մահմեդական» բառը չօգտագործելու համար, ինչին ԱՄՆ-ի նախագահը իր ելույթում այսպես է պատասխանել․ - «Մենք մահմեդականության դեմ պատերազմի մեջ չենք»:

Շարքային ամերիկացիները զարհուրել են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից իրականացված բռնությունների տեսարաններից, ընդ որում՝ ծայրահեղականներից ոմանք հավաքագրվել էին Մինեապոլիսում գտնվող մահմեդական համայնքներից:

Նման համայնքներում օգտագործելով առկա աղքատությունը, խտրականությունը, կրթության պակասը և այլ խնդիրներ՝ ծայրահեղականները, օգտվելով սոցիալական ցանցերից, շահագործում են մարդկանց դյուրահավատությունը:

Նախագահ Օբաման Սպիտակ տուն էր հրավիրել կրոնական առաջնորդներին, ոստիկանության ղեկավարներին՝ հասկանալու այդ ամենի պատճառներն ու դրանց արմատները:

«Եթե մենք պատրաստվում ենք խանգարել ծայրահեղականներին իրենց շարքերում երիտասարդների ներգրավել, եթե ցանկանում ենք ձայն բարձրացնել ի պաշտպանություն մահմեդական համայնքում հանդուրժողականության ու բազմակարծության, պետք է ընդգծենք, որ գործը դժվարացել է մահմեդականության շրջանում այն լայնորեն տարածված կարծիքով, որ Արևմուտքը մահմեդականության հետ որոշ չափով օտարոտի է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Նպատակ է դրվել նոր ծրագրեր մշակել, որոնք կփոխեն այս թյուրընկալումը: Մինեապոլիսի շրջանում առաջնային ծրագրերը արդեն գործարկվել են՝ առաջ բերելով ավելի զուսպ կրոնական առաջնորդների, որոնցից մի քանիսը ներկա էին վեհաժողովին:

Նրանցից Աբդիսալամ Ադամը, մասնավորապես, հայտարարել է․ - «Հավատում ենք մարդկանց իրավունքներին՝ ապրելու խաղաղաղությամբ ու անվտանգության պայմաններում: Մահմեդական առաջնորդները պետք է դատապարտեն և պախարակեն յուրաքանչյուրին, ով կփորձի կրոնը օգտագործել՝ օգնելու ահաբեկչությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG