Մատչելիության հղումներ

Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ առայժմ չի նշվում


Բրյուսելում այսօր կայացել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիրոգի Կվիրիկաշվիլիի հետ, անցկացվել է Եվրամիություն - Վրաստան ասոցիացման խորհրդի նիստը, տեղի է ունեցել Մոգերինիի և Կվիրիկաշվիլիի համատեղ մամուլի ասուլիսը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի հետ հանդիպմանը Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո իր առաջին այցը Բրյուսել իր երկրի եվրոպական ձգտումների, Եվրամիության հետ հարաբերությունների վառ օրինակն է: Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է Վրաստանի իշխանութունների պատրաստակամությունը` ապահովելու Եվրամիության հետ քաղաքական և տնտեսական ինտեգրումը Վրաստանում իրականացվող լայն բարեփոխումների միջոցով:

Հանդիպմանը ընդգծվել է, որ Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ մուտք գործելու վիզային ռեժիմի ազատականացումը ամենակարևոր օգուտներից մեկը կլինի, որն ակնկալում է ստանալ Վրաստանի ժողովուրդը Եվրամիության հետ ինտեգրումից:

Ֆեդերիկա Մոգերինին ասել է, թե Եվրամիությունը և ԵՄ անդամ բոլոր երկրները աջակցում են Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը:

Եվրամիություն - Վրաստան ասոցիացման խորհրդի նիստը անցկացվել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարի նախագահությամբ: Այստեղ ևս քննարկման առանցքային հարցերից մեկը եղել է վիզային ռեժիմի ազատականացումը: Նիստում ընդգծվել է, որ Վրաստանը կատարել է վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի բոլոր պահանջները:

Նիստին հաջորդած Մոգերինիի և Կվիրիկաշվիլիի համատեղ ասուլիսում Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարն ասել է. - «Վրաստանը համապատասխանում է բոլոր չափանիշներին, և մենք սպասում ենք, որ խորհրդարանը ընթացակարգն ավարտի որքան հնարավոր է շուտ: Սա այժմ մեր պատասխանատվության հարցն է»:

Վրաստանի վարչապետը նոյեմբերի 30-ից Բրյուսելում է: Նա հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահին, ԵՄ առևտրի հարցերով հանձնակատարին, ԵՄ հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատարին, և այս բոլոր հանդիպումներում գովաբանվել է Վրաստանում բարեփոխումների ընթացքը, բայց վիզային ռեժմի ազատականացման համար այդպես էլ կոնկրետ ժամկետ չի հնչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG