Մատչելիության հղումներ

Նորանշանակ նախարարները՝ իրենց առաջնահերթ անելիքների մասին


Հայաստանի կառավարության նիստ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ, սեպտեմբեր, 2016թ․
Հայաստանի կառավարության նիստ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի նախագահությամբ, սեպտեմբեր, 2016թ․

Այսօր կառավարության՝ իր ղեկավարած երրորդ նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց նախարարներին հանձնարարություններ տալով՝ սննդի անվտանգության հարցերից մինչև ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների քանակի կրճատման հնարավորությունների ուսումնասիրում։

Ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև դաշնակցական Դավիթ Լոքյանի ղեկավարած տարածքային կառավարման ոլորտը։ «Յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր, և կառավարիչը պետք է ունենա հորիզոն՝ ինքը ինչ է ուզում, որ այդ բնակավայրում լինի: Պետք է ունենա ծրագիր, պետք է ունենա երազ: Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարվում է մեթոդաբանությունը սարքել մաքսիմալ պարզ՝ հստակ նշելով, թե մենք ինչ նպատակ ենք հետապնդում, թուղթը պետք է լինի ընթերցելի, հասկանալի, տրամաբանական և պրագմատիկ», - հայտարարեց Կարապետյանը:

Ընթերցելի, տրամաբանական ու պրագմատիկ փաստաթղթեր կազմելու պահանջից բացի, նորանշանակ վարչապետը այս նիստին ևս իր կաբինետի անդամներին մի քանի անգամ հորդորեց հարցերը ներկայացնել հակիրճ և ավարտուն տեսքով․ - «Ես ինչ եմ խնդրում բոլոր գործընկերներին՝ եկեք հարցը մաքսիմալ պատրաստված բերենք: Եթե մենք ուշացնում ենք մեկ-երկու օրով այն պրոցեդուրաների պատճառով, որը նախքան նիստին պետք է արվի, եկեք չներկայացնենք»:

Արդեն կառավարության նիստից հետո նորանշանակ նախարարներից մի քանիսը պատասխանեցին իրենց առաջնահերթ անելիքների վերաբերյալ լրագրողների հարցերին։

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, օրինակ, կփորձի լուծել գյուղացիների կենսամակարդակի բարձրացման հարցը, թե ինչպես՝ դեռևս չի հստակեցնում։ «Հիմնական իմ ուղղությունը լինելու է, որպեսզի օգնել և ներդրումներ կատարել, որպեսզի գյուղը հարստանա, գյուղացին հարստանա, իրենք ունենան ապրելու ավելի բարձր հնարավորություն», - ասաց գյուղնախարարը:

Իգնատի Առաքելյանը նաև պարզաբանեց՝ երեկ, երբ Աղավնաձորի խաղողագործներին կոչ էր անում բիզնեսով զբաղվել, նկատի չուներ՝ առանց իր ղեկավարած գերատեսչության աջակցության․ - «Հավելյալ եկամուտ բերի, չի կարող գյուղատնտեսությունը մտածի միայն նրա համար, որպեսզի օրվա հացի հարց լուծվի: Մենք օգնելու ենք, այո, ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ ուղղություններ կլինեն աջակցելու: Երբ որ ես ասել եմ, որ բիզնեսով պետք է զբաղվենք, մենք ծրագիր ենք մշակելու և փորձելու ենք ներգրավել դոնորներ, որոնք կաջակցեն էդ բիզնեսը ֆինանսավորելու, դասընթացներ անցկացնելու և կազմելու: Բնական է, էսօրվա իրավիճակում չի կարող գյուղացին ինքը իրեն բիզնեսով սկսի զբաղվել, չկա էդ ֆինանսական հնարավորությունները»:

Ի նշան բողոքի ճանապարհներ, երբեմն անգամ դպրոց ու մանկապարտեզ փակող գյուղացիների արտադրած տոննաներով մթերքի իրացման հարցով գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է։ «Հետագայում մենք բանաձև ենք գտնում, որով կմթերվի ավելցուկը», - նշեց Առաքելյանը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ առարկայական քայլեր է մտադիր անել կառավարությունը գյուղացիների հետ կապված այդ խնդիրները լուծելու համար, գյուղնախարարը պատասխանեց․ - «Կառավարությունը չի կարող անվերջ դոնորի դեր կատարել, պետք է լուծումը ուրիշ լինի, պետք է լուծում գտնի: Եթե ես լուծում ունենայի, ես կհայտարարեի այդ լուծման մասին, մենք աշխատում ենք էդ լուծման վերաբերյալ»:

Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը առայժմ դժվարացավ նշել, թե որ խնդիրներն են իր համար առաջնահերթ նախարարի պաշտոնում, ասաց՝ հաջորդ շաբաթ կնշի դրանք, բայց մինչ այդ պատասխանեց հարցին, թե արդյո՞ք բժիշկ աշխատելու տարիներին է զգալի ունեցվածք կուտակել։

«Բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ քսան տարի, կարաք բժիշկներին ասեք՝ հնարավո՞ր է բժշկական գործունեությունով միլիոնատեր դառնալ, պարզ է՝ «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված: Չնայած ես կարող էի հերքեի միլիոնատերի մասին լուրերը», - հայտարարեց Ալթունյանը՝ շարունակելով․ - «Գիտե՞ք ոնց, Մոսկվայի ցանկացած բնակչին, եթե ինքը վաճառի իր բնակարանը, ինքը միլիոնատեր է, նույն դերում երևի ես եմ»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ուշադրության կենտրոնում առաջիկայում կլինեն գրահրատարակչության, կինոյի և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտները՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։

Մշակույթի նորանշանակ նախարարը ճեպազրույցում նաև անկեղծացավ, թե որն էր իր առաջին քայլը նոր պաշտոնում նշանակվելուց հետո․ - «Գնեցի մի փունջ ծաղիկներ՝ վարդեր, և եկա տուն: Երբ դուռը զանգահարեցի, կինս բացեց դուռը, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի, որ «սիրելի՛ս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին»: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ «խնդրում եմ, մի՛ անհանգստացի, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին և այն ծառայությանը, որին կոչված եմ այս պահին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG