Մատչելիության հղումներ

Նոր օրենքով բարձրաստիճան պաշտոնյաներին կարգելվի ղեկավարել բուհական խորհուրդները


Բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է ապաքաղաքականցվեն, այսօր, լրագրողներին ներկայացնելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, հայտարարեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` ընդունելով, որ տեղին են մեղադրանքները, թե բուհական խորհուրդներում կուսակցական խնդիրներ են լուծվում:

Ըստ նախարարի՝ նոր օրինագծով բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս իրավունք չեն ունենա բուհերի կառավարման խորհրդի անդամներ դառնալ: Այլ կերպ ասած՝ բուհերը կազատվեն քաղաքական այս կամ այն ուժի ղեկավարումից: Այժմ մայրաքաղաքի բուհերի կառավարման խորհուրդները գլխավորում են հիմնականում իշխող կուսակցության ղեկավար անդամները․ Երևանի պետական համալսարանում` նախագահ Սերժ Սարգսյանը, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում՝ ՊԵԿ նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:

«Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր», - նշեց նախարար Մկրտչյանը:

Նոր նախագծով բուհերին կտրվի մեծ ինքնավարություն: Չխառնվելով բուհի ներքին գործերին՝ նախարարությունը միայն որակի վերահսկողություն կիրականացնի:
Համաձայն փաստաթղթի՝ ռեկտորը կստանձնի պրոֆեսիոնալ մենեջերի պարտականությունը, գիտական որակի պատասխանատուն կլինի գիտխորհուրդը: Բուհական խորհուրդների կազմում էլ լրջագույն դերակատարում կունենան ոչ թե քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլև գործատուները, մեկենասները:

Փաստաթղթում կան շատ ընդունելի դրույթներ, այդուհանդերձ կրթական ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը վստահ է՝ պարզապես օրենքի փոփոխութոյնը չի կարող լուծել մի շարք լրջագույն խնդիրներ, քանի որ դրանք հիմնականում այլ դաշտում են: Բուհ ընդունվողը կամ ավարտողը պետք է վստահ լինի, որ իր դիպլոմը կարիերայի հաջողության գրավականի մի մասը կլինի: Մյուս կողմից էլ, ըստ նրա, այսօր դժվար է բուհը գրավիչ դարձնել ներդրողների համար. - «Ամբողջ աշխարհում շրջանավարտների նվիրատվությունները համալսարաններին մեծ տոկոս են կազմում, բայց մեզ մոտ այդպես չէ, որովհետև այն մարդիկ, ովքեր երախտապարտ են բուհին հարուստ չեն, նրանք էլ, ովքեր հարուստ են, գիտեն, որ իրենք չեն հարստացել համալսարանական կրթության շնորհիվ»:

Բուհին ինքնավարություն տալը շատ լավ է, եթե պետությունը որոշակի երաշխիքներ տա կրթական հաստատությանը, ասում է Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ այսօր բուհերի եկամուտների 75 տոկոսից ավելին ձևավորվում է ուսանողական վճարներից: Ըստ մասնագետի՝ ուսանողների զգալի մասը վստահ է, որ անգամ չսովորելու դեպքում բուհից չի հեռացվի, քանի որ հաստատությանը օդի պես պետք է իր վարձավճարը: Սա կոռուպցիոն ռիսկներ է ստեղծում. - «Վերջին տարիներին չենք տեսել, որ պետությունը բուհերի ֆինանսավորումը ավելացնի, մնացել է նույն մակարդակի վրա և բուհերը ստիպված են ուսանողներից բերել այդ գումարները: Սա էլ իր հերթին բերում է կոռուպցիա, որովհետև բուհի կախվածությունը ուսանողից Հայաստանում անթույլատրելի մեծ է»:

Նախարարը ընդունում է՝ խնդիրը կա, դժվար լուծելի է, ու թեպետ նոր օրենքն այս մասով լուծում չի առաջարկում, այդուհանդերձ առաջիկայում փորձելու են կարգավորել այն՝ քննության վերահանձնման մեխանիզմը վերանայելով: Ըստ Մկրտչյանի ՝ պետք է հասնել նրան, որ Հայաստանում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն հաստատություններում:

«Պետք է վերացվեն նաև պետական ավարտական քննությունները»,- պնդում է նախարարը՝ վստահ նշելով, որ այստեղ ևս կոռուպցիոն մեծ ռիսկեր կան: - «Մենք պետք է կարողանանք այդ պետական քննական համակարգը բերենք-հասցնենք` ինչպես աշխարհում ընդունված է` հիմնականում թեզեր, դիպլոմայիններ, որովհետև պետական քննությունից անբավարար` դա ի՞նչ է նշանակում: Ուրեմն չորս-հինգ տարի չեն սովորել: Ո՞վ է պատասխանատու դրա համար: Կա՛մ քննություն է ոչ օբյեկտիվ, կա՛մ այդ կուրսն է անորակ»:

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը դեղամիջոց չէ բոլոր թերությունների դեմ, ընդունում են նախարությունում: Փորձագետ Խաչատրյանը, սակայն, վստահ է ՝ ոչ մի օրենք էլ չի գործի, եթե համապատասխան կրթական միջավայր չապահովվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG