Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով այցելել է Ալյասկայի արկտիկական հատվածը։ Նա շարունակում է ընդգծել եղանակային փոփոխությունների դեմ անհապաղ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը:

Բարաք Օբաման բավարար չի համարում համաշխարհային ջերմացման խնդրի շուրջ ընդամենը քննարկումներ ծավալելը: Նա անձամբ է այցելում խնդրահարույց վայրերը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

«Սառցադաշտը վերջին երկու հարյուրամյակներում երկուսուկես կիլոմետր է կորցրել, սակայն դրա հալոցքի արագությունը յուրաքանչյուր տարի նկատելիորեն մեծանում է»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Երեքշաբթի օրը Ալյասկայի Էքզիթ անվանումը կրող սառցադաշտ այցելելով և մոտորանավակով Քենայի Ֆյորդս ազգային զբոսայգով շրջելուց հետո, ԱՄՆ-ի ղեկավարն ավելի է շեշտել եղանակային փոփոխություններին շուտափույթ հակազդելու անհրաժեշտության մասին իր ուղերձը:

Աշխարհի ռեսուրսների հաստատությունից Սամ Ադամսը նշում է, որ եղանակային փոփոխություններն այսօր շարունակվում են. «Սառցադաշտերի հալոցքը և պատմության ընթացքում դրանց վիճակը ամենախոցելի կետում են՝ որպես եղանակային փոփոխությունների հետևանք»:

Իբրև իր եռօրյա այցելության վերջին քայլ, նախագահ Օբաման այցելել է հեռավոր ձկնորսական գյուղեր, որոնք հողային կորուստներ ունեն բարձրացող ծովի մակարդակի պատճառով, մի բան, որը փոխում է նրանց սովորական կենսակերպը:

Չորեքշաբթի ձկնորսական Դիլինգհամ քաղաքում ունեցած հանդիպումների ընթացքում Օբաման ընդգծել է շրջակա միջավայրի խնդիրների պայմաններում բնակիչների ապրելակերպի պահպանման անհրաժեշտությունը:

«նաև այս մարդկանց կենսակերպն է հանդիսանում ԱՄՆ-ի միանգամայն կարևոր բնական պաշար: Այդ պատճառով մենք դադարեցրինք այս տարածաշրջանում նավթի ու գազի պաշարների որոնման աշխատանքները»,-ասել է նախագահը:

Ալյասկա կատարած իր շրջագայության ընթացքում նախագահ Օբաման շարունակաբար ընդգծում էր ապագա սերունդների համար շրջակա միջավայրի պահպանման անհրաժեշտությունը:

«Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ մեր թոռները կկարողանան տեսնել այս ամենը», - ասել է Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG