Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանությունը կրկին անգամ հարցեր է բարձրացնում Ռուսաստանում օրենքի գերակայության և օրինականության պահպանման առումով:

«Խոսքը գնում է այն միջավայրի մասին, որում ոչ միայն նման հանցագործությունները չեն դատապարտվում, այլ անգամ դրական արձագանքների են արժանանում: Անխոս, այս սպանությունը լայն արձագանք է ստացել հասարակության շրջանում, սակայն սպանվել են նաև այլ քաղաքական գործիչներ, օրինակ՝ Դումայի պատգամավոր Յուրի Շչեկոչիխինը, ով զբաղվում էր 1999 թ-ին Մոսկվայի պայթյունների հետաքննությամբ: Կարելի է հիշել մի շարք այլ զոհերի անուններ ևս՝ Աննա Պոլիտկովսկայա, Նատալյա Էստիմիրովա և այլն», - «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է ՄըքՔեյնի հաստատության աշխատակից Դեյվիդ Քրեյմերը:- «Հենց Ռուսաստանում օրինականության և արդարադատության բացակայության պատճառով էր, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը 2012 թ-ին ընդունեց Մագնիտսկիի օրենքը: Մենք զգում ենք, որ վիճակը բարելավելու համար դրսից մի բան պետք է անել»:

Ռուսաստանի «Աջ ուժերի դաշինքի» նախագահ Լեոնիդ Գոզմանը այս առումով շեշտել է, որ կարևոր է հասկանալ՝ ինչու տեղի ունեցավ այդ սպանությունը: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նա շեշտում է, որ իր կարծիքով այս ամենը կապված է երկրում առկա ատելության մթնոլորտի հետ․ - «Առաջին վախեցնող քայլը Դաշնային խորհրդում Ռուսաստանի նախագահի հնչեցրած ուղերձում «ազգային դավաճաններ» ու «հինգերորդ շարասյուն» բառակապակցությունների օգտագործումն էր: Դրանք վերցված են «Մայն Քամփֆից», ու ազդարարում են, որ երկրում պատերազմական վիճակ է: Հիշո՞ւմ եք՝ չորս շարասյունները շարժվում էին դեպի Մադրիդ, իսկ հինգերորդը գրոհում էր թիկունքից: Ուստի, երբ նախագահը ասում է, որ պատերազմ է ու գործում են պատերազմի օրենքները, ապա կարևոր չէ, թե քո գործակալներն են խփողները, թե ոչ: Ամեն դեպքում, անպայման հրաձգություն է սկսվելու և ահավասիկ՝ սկսեցին կրակել»:

Իսկ հետաքննիչ հանձնաժողովի այն վարկածը, թե Նեմցովը ընդդիմության սրբազան զոհն էր, երկու բանախոսներն էլ անվանում են ցնդաբանություն և նմանեցնում ինքնագլխատման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG