Մատչելիության հղումներ

Ծանոթացե՛ք Պուտինի պատանդների հետ


Երեք պատանդները՝ էստոնացի ոստիկան Էստոն Կոհվերը, ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը և ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն:

Երեք պատանդները՝ էստոնացի ոստիկան Էստոն Կոհվերը, ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովը և ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն:

Բրայան Ուիթմոր, PowerVertical բլոգի հեղինակ

Միջազգային օրենքների հետ հաշվի չնստող պուտինյան ռեժիմը այս երեք մարդկանց ապօրինաբար առևանգել է իրենց հայրենի երկրից և ազատազրկել: Նրանց կյանքը տակնուվրա է եղել, նրանց ապագան մշուշոտ է:

Ծանոթացե՛ք Վլադիմիր Պուտինի պատանդների հետ․ երկու տղամարդ և մեկ կին, ովքեր դարձել են միջազգային օրենքների ու չափանիշների դեմ Կրեմլի ղեկավարի նախաձեռնած ջիհադի զոհերը:

Անցած երկու-երեք տարիների ընթացքում Պուտինը բազմաթիվ ցնցող և մտահոգիչ քայլեր է կատարել:

Ադոլֆ Հիտլերից հետո նա պետության առաջին ղեկավարն է, որ Եվրոպայում ուժով տարածք է բռնակցում: Նա նաև սկսել է ամբողջովին շինծու մի պատերազմ Ուկրաինայի արևելքում, որը հազարավոր կյանքեր է խլել: Նրա ջանքերով Ռուսաստանը գահավիժել է անհեթեթ քսենոֆոբիայի, անհանդուրժողականության և հալածանքների անդունդը: Նա ստեղծել է պայթյունավտանգ մի իրավիճակ, երբ ամեն պահի կարող է պատերազմ ծագել Արևմուտքի հետ:

Եվ նա նաև առևանգիչ է դարձել, ինչը գործնականում հավասարազոր է միջազգային մաֆիայի առաջնորդի դեր ստանձնելուն:

Ոստիկանը

Մոսկվան պնդում է, որ Էստոն Կոհվերը էստոնական լրտես է և բռնվել է Ռուսաստանի տարածքում լրտեսական գործունեություն իրականացնելիս: Սակայն նա լրտես չէ, և ոչ էլ լրտեսել է: Նրա միակ մեղքը պարտաճանաչ կերպով իր գործն անելն ու հարմար թիրախ լինելն է:

Կոհվերը Էստոնիայի Ներքին անվտանգության ծառայության աշխատակից է: Նրան առևանգել են Էստոնիայում գործող ռուսական կազմակերպված հանցավոր խմբերի՝ մաքսանենգների գործը հետաքննելիս: 2014-ի սեպտեմբերի 5-ին Կոհվերը էստոնական Վիիկսե գյուղի մոտ՝ անտառում, պետք է հանդիպեր իր գաղտնի իրազեկչի հետ: Հանդիպման վայրը Ռուսաստանի հետ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր էր հեռու:

Իրականում դա թակարդ էր: Կոհվերին դարանակալել էին, խլացուցիչ նռնակների գործադրմամբ առևանգել և զենքի հարկադրանքով տարել Ռուսաստան:

Էստոնացի և ռուս սահմանապահները միջադեպի օրը հետազոտել են այն տարածքը, որտեղից անհետացել էր Կոհվերը: Տարածքի զննությամբ հայտնաբերված հետքերի վերլուծության վրա հիմնված երկլեզու արձանագրությունում հստակ նշվում է, որ Ռուսաստանի տարածքից մի խումբ է մտել Էստոնիա և հետ վերադարձել: Արձանագրությունում նաև հիշատակվում են խլացուցիչ նռնակների պայթյունի հետևանքով առաջացած խառնարանները:

Բազմիցս քննադատված ցուցադրական դատաքննությունից հետո Ռուսաստանի Պսկովի նահանգային դատարանը Կոհվերին 15 տարվա ազատազրկման դատապարտեց:

Կինոռեժիսորը

Ռուսաստանը պնդում է, որ Օլեգ Սենցովն ահաբեկիչ է: Դա այդպես չէ: Սենցովի միակ մեղքն իր քաջություն է և այն, որ նա բացահայտ կերպով հակադրվել է իր հայրենի հողի ապօրինի բռնակցմանը:

Սենցովը խոստումնալից ուկրաինացի ռեժիսոր է: Նա հռչակ է ձեռք բերել իր «Գեյմեր» ֆիլմով, որի պրեմիերան կայացել է 2012 թվականին Ռոտերդամի կինոփառատոնում: Նա նաև երկու երեխաների միայնակ հայր է:

Ղրիմում ծնված Սենցովը ակտիվորեն աջակցել է Ուկրաինայի եվրոպամետ «Եվրոմայդան» շարժմանը: Նա նաև Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման կատաղի հակառակորդներից էր: 2014-ի մայիսի 11-ին ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալները նրան առևանգել են Սիմֆերոպոլում՝ հենց փողոցից, այն բանից հետո, երբ կինոռեժիսորը մասնակցել է բռնակցման դեմ բողոքի ակցիայի:

Օրեր անց հայտնի դարձավ, որ նա ձերբակալված է և գտնվում է Մոսկվայում: Նրան մեղադրանք է առաջադրվել «Միացյալ Ռուսաստան» կուսակցության և Ղրիմի ռուսական համայնքի գրասենյակները հրկիզելու, ինչպես նաև Սիմֆերոպոլում Լենինի հուշարձանը և Անմար կրակը պայթեցնելու ծրագրեր մշակելու համար:

Մեղադրանքը հիմնականում կառուցված էր գլխավոր վկայի՝ Գենադի Աֆանասևի ցուցմունքի հիման վրա, ով դատարանում հարցաքննության ժամանակ հրաժարվել է դրանցից՝ պնդելով, որ իրեն հարկադրել են կինոռեժիսորի դեմ վկայություն տալ:

Դոնի Ռոստովի դատարանը երեկ պահանջել է Սենցովին դատապարտել 23 տարվա ազատազրկման:

«Ես ձեզանից ոչինչ չեմ խնդրի, բոլորին ամեն ինչ հասկանալի է», - իր վերջին խոսքում դիմելով դատարանին՝ ասել է կինոռեժիսորը: - «Զավթիչների դատարանը չի կարող արդար լինել: Անձնական ոչինչ չկա, ձերդ գերազանցություն», - հավելել է նա:

Օդաչուն

Պուտինի երեք միջազգային պատանդներից ամենահայտնին Նադեժդա Սավչենկոն է: Մոսկվան ասում է, որ Սավչենկոն մարդասպան է: Դա այդպես չէ: Նրա միակ մեղքը հանուն իր երկրի անկախության սեփական կյանքը վտանգելն է:

Սավչենկոն Ուկրաինայի առաջին կին ռազմական օդաչուն է: Նա կամավորագրվել էր՝ մասնակցելու Դոնբասում Մոսկվայի աջակցությունը վայելող անջատականների դեմ կռվին: 2014-ի հունիսի կեսերին նրան գերեվարել են անջականները Լուգանսկի շրջանի Մետալիստ գյուղի մոտակայքում: Օդաչուն այդտեղ էր ուկրաինացի զինծառայողներին փրկելու առաքելություն իրականացնելու նպատակով:

Հունիսի 19-ին անջատականները մի տեսանյութ հրապարակեցին, որում օդաչուն, ձեռնաշղթաներով երկաթե խողովակին կապված, հարցաքննության է ենթարկվում:

Շաբաթներ անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նրան մեղադրանք է առաջադրվել ականանետի կրակոցի հետևանքով զոհված երկու ռուս լրագրողների սպանության, այնուհետև՝ Ռուսաստանի սահմանն ապօրինաբար հատելու համար:

Սավչենկոյի փաստաբաններն ասում են, որ նրա հեռախոսային ձայնագրություններն ու առկա տեսանյութերը ապացուցում են, որ օդաչուն արդեն իսկ գերության մեջ էր, երբ լրագրողները զոհվեցին: Սավչենկոյին մինչև 25 տարվա ազատազրկում է սպառնում:

Արդարացված ավար

Բացի Պուտինի առևանգումների այս շղթայի զոհերը լինելուց, Կոհվերը, Սենցովն ու Սավչենկոն ևս մեկ ընդհանրություն ունեն․ նրանք բոլորն էլ ծնվել են Խորհրդային Միությունում և դարձել են իրենց նորանկախ պետությունների հավատարիմ, հաջողակ և աշխատասեր քաղաքացիները:

Իսկ Պուտինի համար, ով ԽՍՀՄ փլուզումը ողբերգություն է համարում, սա բավականաչափ ծանր հանցագործություն է, ուստի արդարացված է այդ մարդկանց հալածելը:

Սակայն մենք բոլորիս նրանց պետք է համարենք պատանդներ, ում ապօրինաբար առևանգել է ավելի ու ավելի վտանգավոր դարձող ռեժիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG