Մատչելիության հղումներ

ՄըքՔեյնը քննադատում է Օբամային «Իսլամական պետության» հարցով


Իրաքցի աշխարհազորայինները «Իսլամական պետության» դեմ մարտի ժամանակ, մայիս, 2015թ․

Իրաքցի աշխարհազորայինները «Իսլամական պետության» դեմ մարտի ժամանակ, մայիս, 2015թ․

«Իսլամական պետություն» խմբավորման վերջերս իրականացրած առաջխաղացման հետևանքով պարզ դարձավ, որ միայն օդային հարվածներով դրա դեմ հաջողության հասնելու հավանականությունը շատ ցածր է: Սակայն ԱՄՆ-ը դեռևս մտադիր չէ ցամաքային ուժեր ուղարկել Իրաք:

Մարդիկ տասնյակ հազարներով ճողոպրում են իսլամիստների բռնությունների ահից: Իրաքի անվտանգության ուժերը խոչընդոտում են նրանց մուտքը մայրաքաղաք:

Շրջանի հրամանատար գեներալ Աբդուլ-Ամիր Շամարին դեմ է ամբոխի մուտքին Բաղդադ. - «Բաղդադի օպերատիվ հրամանատարությունը մերժել է հարյուր հազարավոր տեղահանված ընտանիքների մուտքը՝ նրանց շրջանում քաոսի ու իրենց ահռելի թվաքանակի պատճառով: Այդ գործընթացը պետք է կազմակերպված արվի»:

Իրաքի փոխվարչապետը դեմ է նման մոտեցմանը. - «Նման պահվածքը անընդունելի է: Այլևս չենք կարող համբերատար նայել, թե ինչպես են իրաքցիները մահանում ծարավից, սովից ու զրկանքներից»:

Մինչդեռ Սիրիայից ստացված լուրերի համաձայն՝ ծայրահեղականները հինավուրց Պալմիրայի բնակիչներին հարյուրներով սպանում են, ավելի մեծացնելով աշխարհի մտահոգությունները:

Քաթարի արտգործնախարար Խալիդ բին Մոհամադը ևս շեշտում է, որ օդային հարվածները բավարար չեն:

ԱՄՆ-ի վրա ճնշում է գործադրվում՝ ցամաքային ուժեր ուղարկելու Իրաք և Սիրիա, սակայն թե՛ Օբամայի վարչակազմը և թե՛ Միացյալ Նահանգների շարքային քաղաքացիները պատրաստ չեն նոր պատերազմի մեջ ընկղմվելու գաղափարին: Այնուամենայնիվ, հանրապետականները՝ սենատոր ՄըքՔեյնի գլխավորությամբ, մեղադրում են ԱՄՆ-ի նախագահին ռազմավարության բացակայության մեջ:

«Պալմիրայից հասած տեղեկությունների համաձայն, իսլամիստները սպանում են մարդկանց՝ թողնելով նրանց մարմինները փողոցներում: Մինչդեռ նախագահը նշում է, որ մեր առաջ ամենամեծ մարտահրավերը եղանակի փոփոխությունն է», - ընդգծում է ՄըքՔեյնը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը քննադատել է Իրաքի զորքերին մարտը լքելու և ծանր սպառազինությունը մարտադաշտում թողնելու համար:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հետ կշպրտվի. - «Ցանկանում եմ հավաստիացնել, որ այն հետ ենք գրավելու: Ես այժմ խոսում եմ առաջիկա օրերի մասին»:

Արևմուտքում աճող փոխըմբռնում կա, որ մարտական գործողությունները կարող են համընդհանուր ռազմավարության մի մասնիկը լինել: Ռազմավարական մյուս ուղղությունները կարող են ներառել մրցակից ուժերի միջև բանակցությունները ու երկխոսությունը, հատկապես Սիրիայի պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG