Մատչելիության հղումներ

Ծառուկյանը որպես ընդդիմադիր կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին․ Զոհրաբյան


Գագիկ Ծառուկյան, արխիվ
Գագիկ Ծառուկյան, արխիվ

Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմադիր կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, շեշտելով՝ Ծառուկյանը վերադառնում է լրջագույն համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով:

«Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է, ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով, ինչ կերպ՝ կարծում եմ, շատ կարճ ժամանակում էդ ամենը պարզ կլինի», - ասաց Զոհրաբյանը:

«Ազատության» հարցին՝ քանի որ Ծառուկյանը վերադառնում է և, ըստ էության, մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կարելի՞ է ասել, որ հավանական է՝ նա կրկին կգլխավորի ԲՀԿ-ն, Զոհրաբյանն արձագանքեց․ - «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջարկը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բայց ես կրկնում եմ՝ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը ինքը հրապարակային հայտարարությամբ բոլոր ձեր հարցերի պատասխանը կտա»:

«Ազատության» մեկ այլ հարցին ի պատասխան Զոհրաբյանը հերքեց, թե Ծառուկյանը իր վերադարձը համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նման պնդումը, ըստ ԲՀԿ նախագահի, «բացարձակ ապատեղեկատվություն է»: «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր մասնակցությունը այս կամ այն քաղաքական գործընթացներին: Ես ձեզ դա վստահեցնում եմ», - հայտարարեց նա:

Հարցին էլ՝ կուսակցության նախկին առաջնորդը վերադառնում է որպես ընդդիմադի՞ր, ԲՀԿ նախագահը պատասխանեց․ - «Բնականաբար՝ այո, որովհետև «Բարգավաճ Հայաստան»-ը իր քաղաքական կուրսը չի փոխել և չի պատրաստվում փոխել: Եթե մենք իշխանություն չենք, իսկ մենք իշխանություն չենք, բնականաբար՝ մինչև խորհրդարանական ընտրությունները մենք գործելու ենք այն դաշտում, որ դաշտում գործել ենք: Գագիկ Ծառուկյանը գալիս է, վերադառնալու է մեր երկրում լրջագույն համակարգային փոփոխություններ անելու»:

Մտավախություն չունե՞ն արդյոք, որ «օդում կախված մեղադրանքները», որոնց մասին Սերժ Սարգսյանը խոսեց, նորից կվերադառնան՝ այս կապակցությամբ Նաիրա Զոհրաբյանը ասաց․ - «Ուրեմն, էդ օդում կախված մեղադրանքները տարիուկեսվա ընթացքում, հիշո՞ւմ եք, որ հանգամանալից, ճյուղ առ ճյուղ, տերև առ տերև, եթե հիշում եք, հարկային մարմինները ամենայն մանրամասնությամբ ստուգել են և արդյունքները հրապարակել են: Ոչ, մտավախություն չունենք»:

Հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք, որ, ի վերջո, քննարկել է Գագիկ Ծառուկյանը այս հարցը Սերժ Սարգսյանի հետ, քանի որ նա հեռացավ քաղաքականությունից հենց Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններից հետո, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը հակադարձեց․ - «Էդ հարցերը, բոլոր հարցերը կուղղեք պարոն Ծառուկյանին, ես ինձ իրավունք չեմ վերապահում, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը ունեն նորմալ մարդկային հարաբերություններ»:

Քաղաքական երևույթների վերաբերյալ ՀՀԿ-ի գնահատականները չեն փոխվել․ Շարմազանով

Հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարին Սերժ Սարգսյանը Ծառուկյան քաղաքական գործչին որակել էր որպես «չարիք», «Ազատություն»-ը իշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեց՝ իշխող ուժը փոխե՞լ է իր դիրքորոշումը, թե՞ էլի նույն կարծիքն ունի Ծառուկյանի մասին:

«Կոնկրետ ես, իմ կուսակցության նախագահը՝ մենք գնահատական տվել ենք երևույթներին և ոչ թե անձին: Մեկ անգամ ձեզ բարեկամաբար հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք՝ վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ: Կգան ընտրությունները՝ կտեսնենք: Եվ մի զարմացեք, որ գալիս է, չի գալիս, իր իրավունքն է՝ կգա, չի գա», - հայտարարեց Շարմազանովը:

«Բայց դուք հենց երևույթին բնորոշումներ տալով ասել եք, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործիչը չարիք է, որ քաղաքականությունը բազկամարտ չէ, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Հիմա Ծառուկյանը կրկին վերադառնում է և վերադառնում է որպես ընդդիմություն: Ձեր այս բնորոշումները ուժի մեջ շարունակո՞ւմ են մնալ, թե՞ դուք փոխել եք վերաբերմունքը նրա՝ քաղաքականության մեջ մտնելու հետ կապված», - «Ազատության» այս հարցին իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց․ - «Քաղաքական երևույթների, քաղաքականության մեջ առկա սկզբունքների վերաբերյալ իմ գնահատականները չեն փոխվել, և համոզված եմ՝ նաև իմ կուսակցության գնահատականները չեն փոխվել»:

Բացառո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է վերջինիս քաղաքականություն վերադառնալու հարցը՝ այս կապակցությամբ Շարմազանովը հայտարարեց․ - «Ես նման տեղեկություն չունեմ»:

Այն տեսակետների առնչությամբ, որ իշխանությունը կրկին խաղի մեջ է մտցնում Ծառուկյանին՝ կրկին կեղծ ընդդիմություն ստեղծելու և ընդդիմադիր ձայները տանելու համար, այսինքն՝ սա իշխանական խաղ է, Հանրապետականի խոսնակը ասաց․ - «Ես տեղյակ չեմ՝ սա խաղ է՞, թե՞՝ չէ, ես տեղյակ չեմ՝ սա իշխանական խաղ է՞, թե՞՝ չէ»: «Ազատության» դիտարկմանն էլ՝ «բայց չեք բացառում, որ կարող է լինել, եթե տեղյակ չեք, հնարավոր է», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ - «Ես չեմ կարող ամեն ինչից տեղյակ լինել, ես չգիտեմ այդ վերադարձի՝ քամբեկի մանրամասները: Դա բացառապես «Բարգավաճ»-ական քամբեկ է, և իրենք պետք է որոշեն: Ցտեսություն ձեզ»:

Ուշագրավ է, որ ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը իրարանցում է առաջացրել հատկապես ոչ իշխանական ուժերի շրջանում՝ խառնելով նրանց սցենարները: Թե խոսքը կոնկրետ ո՞ւմ մասին է՝ Զոհրաբյանը չմանրամասնեց:

«Շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում «Վալերյանկա»-ի, «Կորվալոլ»-ի, «Ւնսուլին»-ի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժերի՝ ոչ իշխանական դաշտում, բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ արդեն իրենց համար նստել, խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել էին իրենց մեջ, և Ծառուկյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է: Քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է», - մեկնաբանեց ԲՀԿ ղեկավարը:

«Երբ որ կլինի հստակություն, այդ ժամանակ կմտածենք»

Հաշվի առնելով Զոհրաբյանի այս պնդումը՝ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հարցրեցինք, թե ինչպես են գնահատում Ծառուկյանի վերադարձը և արդյո՞ք այդ քայլը իրենց խաղաքարտերը նույնպես խառնել է:

«Ես խնդրում եմ՝ դիմեք համապատասխան մասնագետների», - հակադարձեց Զուրաբյանը:

«Ազատության» հարցին՝ քանի որ Ծառուկյանը վերադառնում է որպես ընդդիմադիր, ՀԱԿ-ը հնարավոր համարո՞ւմ է նրա հետ համագործակցությունը, Զուրաբյանը պատասխանեց․ - «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր Սահմանադրության շրջանակներում, ընտրությունների միջոցով նպատակ են դրել Հայաստանում հասնել իշխանափոխության»:

Հարցին՝ ունի՞ Գագիկ Ծառուկյանը այն ռեսուրսը, որպեսզի իր շուրջը համախմբի ընդդիմադիր դաշտը և հասնի իշխանափոխության, Զուրաբյանը պատասխանեց․ - «Ես չեմ ցանկանում հիմա որևէ գնահատական տալ այդ հարցով»:

Դիտարկմանը, թե շատերի պնդմամբ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն Սերժ Սարգսյանի հետ այս հարցը համաձայնեցնելուց հետո, և արդյո՞ք իր կարծիքով դա այդպես է, Զուրաբյանն արձագանքեց․ - «Ես որևէ գնահատական չեմ ցանկանում տալ, առավել ևս, որ կան բաներ, որոնց մասին մենք կարող ենք մինչև վերջ չիմանալ: Երբ որ կլինի հստակություն, քաղաքական նպատակները, այդ ժամանակ մենք կմտածենք, թե ում հետ և ինչպես կարելի է համագործակցել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG