Մատչելիության հղումներ

Զարուհի Փոստանջյան․ Հնարավոր չէ միավորվել մարդկանց հետ, ովքեր սպասարկում են Սերժ Սարգսյանին


Միավորում հասկացությունը ինչ-որ չափով արհեստական է, որովհետև հնարավոր չէ միավորվել մարդկանց հետ, «ովքեր որ սպասարկում են Սերժ Սարգսյանին և տարիներ շարունակ նաև սպասարկել են»: Այդ մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ խոսելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության համախմբման հնարավորության մասին:

«Եթե ոմանք նրան չեն սպասարկել անմիջականորեն, ապա սպասարկել են այս 25 տարիների համակարգը», - հավելեց ընդդիմադիր գործիչը:

«Առաջինը՝ ո՞ւմ հետ ենք մենք միավորվում և միավորվում ենք ինչի՞ համար», - ասաց Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Իհարկե, տապալումը Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության մեր համար գործիք է, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հիմնադրենք այնպիսի հանրապետություն, որը ծառայի մեզ բոլորիս և մասնավորապես ողջ հայ ժողովրդին, այսինքն՝ հայ ժողովրդի նպատակները իրականություն դարձնի: Մեր նպատակը հիմնականում դա է՝ այնպիսի համակարգ ներդնել, որը սպասարկի բոլորիս շահերը»:

«Եթե մարդիկ կան, ովքեր ասում են, որ Սերժ Սարգսյանի միայն տապալումն է մեր խնդիրը, և դա է մեր ընդդիմությունը, այսօրվա մեր ընդդիմախոսությունը, ես դրա հետ միայն համամիտ չեմ», - հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը՝ շեշտելով, որ պետք է գնահատական տրվի անցած 25 տարիների արատավոր երևույթներին․ - «Մենք պետք է ճանաչենք այդ արատավոր երևույթների պատասխանատուներին որպես հանցագործների՝ սրանք շատ կարևոր հարցեր են, եթե դու այս ամենը չես անելու, և դա չկա քո ծրագրային դրույթների մեջ, ապա ես չեմ կարծում, որ դու ընդդիմություն ես»:

«Ինչ վերաբերում է «Ժառանգությանը»՝ նա կարող է միայնակ դա անել, թե՝ ոչ, «Ժառանգություն»-ը դա միայնակ չի կարող անել, բայց «Ժառանգություն»-ը դա կարող է անել մեր հանրության հետ միասին և հանրության պահանջը առաջ տանելով, առաջ մղելով միասին: Եվ սա է ամբողջ խնդիրը և բանաձևը և բանալին՝ մենք կարողանալո՞ւ ենք կազմակերպել մեր հանրությանը, թե՞՝ ոչ, հանրությանը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ողջ աշխարհում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ողջ աշխարհով մեկ մենք ունենք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր լինելով քաղաքացի՝ բայց ապրում են օտար երկրներում, և նրանք ինչ-որ չափով լինելով անվերահսկելի այսօրվա գործող այս իշխանությունների կողմից՝ պետք է մասնակցություն ունենան մեր քաղաքական կյանքին: Մենք պետք է այս բոլոր մարդկանց կազմակերպենք, մեր այդ տաղանդը, հմտությունը և շնորհքը այստեղ պետք է մենք ցուցադրենք», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին առայժմ հայտարարել են երեք ուժեր՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 4-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG