Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվն այս տարի ռեկորդային է


Ամերիկայի Միացյալ Նահանգներից քաղաքական ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվն այս տարի հասել է ռեկորդային ցուցանիշի վերջին 20 տարվա մեջ:

2016-ի սեպտեմբերի դրությամբ, մասնավորապես, Ամերիկայում քաղաքական ապաստան ստանալու հայց է ներկայացրել մոտ 2 հազար ռուսաստանցի, ինչը 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, փաստում են Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության տվյալները:

Պաշտոնական աղբյուրները չեն բացահայտում, թե կոնկրետ ի՞նչ խնդիրներով են ռուսները հայրենիքից հեռանում։ Ամերիկայում ներգաղթյալների հարցերով զբաղվող փաստաբանները, սակայն, այս աճը կապում են սեռական փոքրամասնությունների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների խտրական քաղաքականության, քաղաքական դաշտում ընդդիմախոսներին լռեցնելու և համատարած կոռուպցիայի հետ:

«Մեր հաճախորդները բողոքում են բռնության աճից։ Շատերը մեզ են դիմում, քանի որ ֆիզիկական հարձակման զոհ են դարձել Ռուսաստանում», - «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է Immigration Equality փաստաբանական գրասենյակի ներկայացուցիչ Պամելա Դենզերը:

Նյու Յորքում աշխատող փաստաբան Ելենա Շևցովան պատմել է, որ վերջին շրջանում իրեն առավել հաճախ են դիմում վարչարարությունից ու կաշառակերությունից հոգնած գործարարները: «Իմ հաճախորդներից մեկի դեպքում կառավարությունը սկսել էր մոր նկատմամբ ճնշում գործադրել միայն այն բանի համար, որ որդին սովորում է Միացյալ Նահանգներում», - պատմել է փաստաբանը՝ մանրամասնելով. - «Մայրն աշխատում էր «Ռոսատոմ» պետական կորպորացիայում, ղեկավարությունից հետաքրքրվել են, թե ինչո՞վ է զբաղվում նրա որին Ամերիկայում, իսկ հետո, ըստ էության, կանգնեցրել են երկընտրանքի առաջ՝ կա՛մ ազատման դիմում է գրում, կա՛մ որդին պետք է վերադառնա»։

Վիճակագրությունը փաստում է, որ Միացյալ Նահանգներից բացի, տարեցտարի ավելանում է նաև Եվրամիությունից ապաստան խնդրող ռուսաստանցիների թիվը։ Եթե անցած տարի հայրենիքը լքելու և Եվրոպա տեղափոխվելու ցանկություն էր հայտնել 18 հազար ռուսաստանցի, ապա այս տարվա 6 ամիսներին միայն Գերմանիան ավելի քան 10 հազար հայտ է ստացել Ռուսաստանից: Ընդ որում, այս վիճակագրությունը վերաբերում է միայն քաղաքական ապաստան խնդրողներին, իսկ, թե որքա՞ն ռուսաստանցի է գաղթել երկրից այլ ճանապարհներով, հստակ չէ:

Ռուսաստանյան միգրացիայի մասին հետազոտության համահեղինակ Ալեքսանդր Գրեբենյուկի հաշվարկներով՝ իրական պատկերը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական վիճակագրությունը: Փորձագետի՝ վերջերս հրապարակած զեկույցի համաձայն, միայն վերջին հինգ տարիներին Ռուսաստանից արտերկիր մշտական բնակության է մեկնել 500-ից 600 հազար մարդ: Ընդ որում, հեռացողների մեջ մեծ թիվ են կազմում բարձրագույն կրթություն ունեցողները՝ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG