Մատչելիության հղումներ

Քրդերն ու Քոբանիի մարտերը


Սիրիա - Քոբանիի փողոցներից մեկը, 30-ը հունվարի, 2015թ․
Սիրիա - Քոբանիի փողոցներից մեկը, 30-ը հունվարի, 2015թ․

Քոբանի քաղաքում, որը քրդական ուժերը վերջերս ազատագրեցին «Իսլամական պետության» զինյալներից, ամեն ինչ խոսում է դաժան մարտերի հետևանքների մասին:

Քոբանիի ոչ մի հատված չի խուսափել ավերումից: «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը հինգ ամիս պաշարել էր քաղաքը:

Ավերի ու մարտերի հետքերը ամենուր են: Տեղի քրդերի զորամիավորումները Իրաքի Քրդական ինքնավարության փեշմերգայի զորամիավորումների հետ միասին տուն առ տուն մարտեր են մղել այստեղ:

Նրանց աջակցում էր ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքը, որը ռազաօդային ուժերով ավելի քան 700 հարված է հասցրել հակառակորդին: Բնակիչների մեծամասնությունը տարհանվել են Թուրքիա, սակայն ոչ բոլորն են ընտրել գաղթի ճանապարհը:

«Երեխաներիս հետ միասին այստեղ եմ եղել ճակատամարտի սկզբից ի վեր: Շնորհիվ աստծո քաղաքն ազատագրվեց և հուսով եմ՝ շրջանի մյուս հատվածները ևս շուտով կազատագրվեն», - ասաց քաղաքի բնակիչներից մեկը:

Քոբանին ակնհայտ ռազմավարական կետ չէր, սակայն երբ մահմեդական ծայրահեղականները որոշեցին այն գրոհել, ԱՄՆ-ը ստիպված էր օգնել տեղացիներին: Քաղաքը ամիսներ շարունակ անկման եզրին էր, մինչև որ քուրդ մարտիկներին հաջողվեց իրենց դրոշը ծածանել ի նշան հաղթանակի, որը մինչ օրս ամենամեծ ներդրումն է «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Որոշ քրդերի համար, ովքեր մոտ մեկ դար պայքարում են իրենց հայրենիքը հաստատելու նպատակով, պայքարը զուտ «Իսլամական պետության» դեմ չէր:

«Մենք ի վերջո ազատագրեցինք Քոբանին: Հուսով եմ, որ Քրդստանի մնացած հատվածները ևս շուտով կազատագրվեն: Մենք փառք ենք տալիս մեր նահատակներին և նրանց ընտանիքներին: Կեցցե՛ փեշմերգան: Կեցցե՛ն քուրդ մարտիկները: Կեցցե՛ քուրդ ժողովուրդը», - ասում էր մարտիկներից մեկը:

«Իսլամական պետություն»-ը թեև նահանջել է Քոբանիից, սակայն խմբավորման զինված գրոհայինները դեռևս քաղաքի արվարձաններում են և հոխորտում են վերադառնալու մասին: Իսկ Քոբանիի ներսում քուրդ մարտիկները իրենց հերթին երդվում են դուրս մղել նրանց շրջանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG