Մատչելիության հղումներ

logo-print

Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը նոր թափ է հավաքում


Գազայի բնակիչ երեքամյա Ալ Զազան խաղում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական ալիքի ժամանակ ավերված շենքի բակում, արխիվ

Գազայի բնակիչ երեքամյա Ալ Զազան խաղում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հերթական ալիքի ժամանակ ավերված շենքի բակում, արխիվ

Իսրայելը նախատեսում է պարիսպ կառուցել պաղեստինյան քաղաքի մերձակայքում, մինչդեռ պաղեստինցիներն ընդդիմանում են այդ ծրագրին:

Վերջին օրերին պաղեստինցիները բողոքի գործողություններ են իրականացնում՝ ի պաշտպանություն Մոհամադ Ալանի, ում ձերբակալել են Իսրայելում «Իսլամական ջիհադ» ռազմական խմբավորման հետ կապեր ունենալու համար: Մինչդեռ վերջինս մերժում է որևէ կապի առկայությունը:

Երկար քննարկումներից հետո չորեքշաբթի Իսրայելի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ալանը կմնա Իսրայելում, հոսպիտալացված վիճակում, սակայն նրա ձեռնաշղթաները կհանվեն, իսկ ընտանիքի անդամներին կթույլատրվի այցելել Ալանին:

Ըստ իսրայելի քաղաքացի, ազգությամբ արաբ Ահմադ Ալ Թիբի, փակ դռների հետևում վերակենդանացման բաժնի բժիշկը բավական երկար զեկուցել է Ալանի առողջական վիճակի մասին: Դատավորները խնդրել են, որ այդ զեկույցը գաղտնի մնա: Ալանը ուղեղի վնասվածք է ստացել և դեռ պարզ չէ՝ արդյո՞ք նա ենթակա է բուժման:

Չորեքշաբթի մեկ ուրիշ բողոքի ցույց են անցկացրել պաղեստինցի քրիստոնյաները՝ ընդդեմ Բեյթ Ջալայում հրեական Հար Գիլո բնակավայրի և իրենց թաղամասի միջև պարսպի կառուցման:

Ըստ Բեյթ Ջալայի քրիստոնյա բնակիչ հայր Ախթամ Ջիջազի՝ իրենք դեմ են այդ պարսպի կառուցմանը և հողի բռնագրավմանը: Մինչդեռ անցած երեքշաբթի տեղի էր ունեցել իսրայելցի սահմանապահների վրա դանակով հարձակում գործած մի պաղեստինցի տղամարդու թաղման արարողությունը: Այդ հարձակումը թվով երրորդն էր անցյալ շաբաթվա ընթացքում:

Իսրայելի ընդդիմադիրների ղեկավար Իսաակ Հերցոգը հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ քննարկելու ահագնացող լարումը:

«Մենք առաջնահերթորեն պետք է կանխենք երրորդ «ինթիֆադը» և եկել ենք համաձայնության, որ այն կանխելու համար մի կողմից պետք է պայքարենք ահաբեկչության դեմ, իսկ մյուս կողմից դիվանագիտական գործընթաց հաստատենք ու բանակցությունների ճանապարհով գնանք դեպի երկխոսություն»,-ասել է Հերցոգը:

ԱՄՆ-ի հովանավորությամբ անցկացված խաղաղության բանակցություններից հետո, որոնք առանց էական արդյունքների ավարտվեցին 2014 թ․ ապրիլին, բռնությունները Իսրայելի և պաղեստինցիների միջև սաստկացան, հատկապես այն բանից հետո, երբ Իսրայելը Գազայից արձակվող հրթիռներին պատասխանեց մի քանի շաբաթ տևած ռմբակոծություններով ու հրթիռահարումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG