Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ պատվիրակությունը մտավախություններ ունի Հայաստանում ընտրական գործընթացի վերաբերյալ


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը գնահատելու նպատակով Հայաստան կատարած այցի արդյունքում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը եզրակացրել է, որ հայաստանյան ընտրական օրենսդրությունը հնարավորություն ընձեռնում է ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, եթե այն բարեխղճորեն կիրառվի և լինի քաղաքական կամք: Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ պատվիրակությունը, որը Հայաստանում էր փետրվարի 22-23-ը, այցի ավարտին հրապարակված հայտարարությունում նաև փաստում է․ - «Նոր Ընտրական օրենսգրքի մանրամասն մեկնաբանությունները լսելուց հետո պատվիրակությունը շարունակում է մտավախություն ունենալ, որ այն չափազանց բարդ է լայն հասարակության կողմից ընկալվելու համար և կարող է շփոթության պատճառ դառնալ և խորացնել ընտրական գործընթացի նկատմամբ առկա անվստահությունը:

Հիշեցնելով, որ Հայաստանում նախկինում անցկացված ընտրություններից հետո տարբեր միջազգային դիտորդական առաքելություններ քննադատել են երկրին վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրակաշառքի, վախի մթնոլորտի և անգամ ընտրողների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին պնդումների կապակցությամբ, ԵԽԽՎ պատվիրակությունը նշում է, որ շարունակում են համատարած մտահոգություններ հնչել պետական միջոցների չարաշահման, կազմակերպված կերպով ընտրակաշառքի բաժանման, թեկնածուների նկատմամբ ճնշումների և մամուլի կողմից անհավասարակշիռ լուսաբանման մասին:

«Այս առումով, 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ նախընտրական պատվիրակությունը կոչ է անում իշխանություններին բոլոր մակարդակներում և ամբողջ երկրի տարածքով նախաձեռնել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը նման գործելակերպը կանխելու համար», - ասված է հայտարարությունում: - «Պատվիրակությանը հավաստիացրել են, որ ընտրությունների օրը խախտումները կանխելու նպատակով նոր տեխնոլոգիաներ են կիրառվելու: Սակայն պատվիրակությունն ընդգծում է, որ նոր տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել վստահությանը», - շարունակում են հայտարարության հեղինակները:

Հույս հայտնելով, որ ընտրությունների օրը թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդներին թույլ կտրվի ազատորեն դիտարկել ընտրությունները, առանց վախենալու, որ նրանց կարող են հեռացնել ընտրատեղամասից, պատվիրակությունը նաև ընդգծում է, որ «կեղծ հաղորդումների» համար պատասխանատվության կանչելու և մամուլին՝ իրենց աղբյուրները բացահայտելու պահանջներ ներկայացնելու գործելակերպը պետք է բացառել՝ միևնույն ժամանակ՝ խստորեն պատժել ընտրախախտումների բոլոր պատասխանատուներին:

«Պատվիրակությունը կարծում է, որ Հայաստանում քաղաքական մշակույթը զարգացման կարիք ունի, քանի որ քաղաքականությունը հիմնված է անձերի, այլ ոչ թե գաղափարախոսությունների և երկրի առաջ հառնած բազմաթիվ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները լուծելուն ուղղված կոնկրետ առաջարկներ պարունակող քաղաքական ծրագրերի վրա», - ասված է հայտարարությունում:

ԵԽԽՎ պատվիրակությանը տեղեկություններ են հասել այն մասին, որ գործարարներին «խստորեն հորդորել են» չֆինանսավորել որոշ ընդդիմադիր կուսակցությունների՝ սպառնալով, որ դա կարող է վտանգել իրենց բիզնեսը, նաև ասված է հայտարարությունում: Պատվիրակությանը նաև տեղեկացրել են հասարակական անտարբերության և պասիվության վտանգի մասին: - «Այդ իսկ պատճառով, պատվիրակությունը ընդգծում է, որ հայաստանյան հասարակության շահերի տեսակետից խիստ կարևոր է վերականգնել վստահությունը ժողովրդավարական ընտրական գործընթացի հանդեպ», - նշում է ԵԽԽՎ պատվիրակությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG