Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներն ու իրականությունը


«Առաջ, Հայաստան», «Հավատանք, որ փոխենք», «Դեպի ապահով Հայաստան», «Անվտանգություն և առաջընթաց․ սրանք այն չորս նախընտրական կարգախոսներն են, որոնցով 2008 թվականից մինչև 2017-ը նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած իշխող Հանրապետականը ներկայացան հանրությանը:

Նախ 2008-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը հանդես եկավ «Առաջ, Հայաստան» կարգախոսով՝ խոստանալով «Հայաստանում վերջնականապես
հաղթահարել գործազրկությունն ու աղքատությունը, օր առաջ բարելավել մարդու կյանքը, իսկ երկիրը դարձնել ավելի անվտանգ»:

2012-ի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանն արդեն առաջարկում էր «հավատալ, որ փոխեն»՝ ընդգծելով, թե հավատալով հնարավոր է երկրում ամրատական փոփոխությունների հասնել․ - «Հավատանք, որ փոխենք մեզ ու մեր երկիրը: Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես: Չես հավատում դատարանին, ուրեմն դատարան չունես: Չես հավատում քո երկրին, ուրեմն երկիր չունես»:

Այս կարգախոսը սուր հեգնանքով ընդունվեց ընդդիմադիրների կողմից, որոնք հակադարձում էին, թե փոփոխություների հասնելու համար նախ պետք է փոխել իշխանությանը։

2013-ի նախագահական ընտրություներին Սերժ Սարգսյանն ընտրեց «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսը՝ խոստանալով, թե «2018 թվականին ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում»: Որպես նախընտրական խորհրդանիշ ընտրվեց կանաչ տերևը, իբրև գարնան և նոր զարթոնքի վկայություն:

Ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Հայաստանցիները ընտրեցին դեպի ապահով Հայաստան ճանապարհը: Ես երջանիկ եմ ու հպարտ, որ այդ ճանապարհին լինելու եմ յուրաքանչյուր հայաստանցու կողքին»:

2017-ի խորհրդարանական ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը որդեգրել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե արդյոք անցած 9 տարիների ընթացքում Հանրապետականին հաջողվել է կյանքի կոչել սեփական կարգախոսները և երկրում առաջընթաց ապահովել, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենց հաջողվել է կայություն ապահովել երկրում:

Վահրամ Բաղդասարյան
Վահրամ Բաղդասարյան

«Ազատություն»․ - Դուք ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երեք հազարից ավելի մարդ արտագաղթել է երկրից:

Բաղդասարյան․ - Եթե դուք ուշադրություն դարձնեք Ֆրանսիայի արտագաղթը, Շվեյցարիայի արտագաղթը, տարբեր երկրների արտագաղթերը, դա պրոցես է, որ այդ արտագաղթող մարդիկ գնացել են, և բավականին լուրջ ներգաղթ է եղել, և նաև իրենց ֆինանսական հնարավորություններով կարողացել են օգտակար լինել:

«Ազատություն»․ - Բայց աղքատությունն էլ է աճել: Այսինքն ձեր այդ կարգախոսը՝ «Ապահով Հայաստանի», «Առաջ Հայաստանի», չի աշխատել: Կարծես թե հակառակը՝ հետընթաց է արձանագրվել:

Բաղդասարյան․ - Ամեն ինչ պետք է տեսնեք համեմատության մեջ: Համենայն դեպս, եթե Դուք ասում եք այս տարիների ընթացքում, ապրիլյան դեպքերից հետո մենք ունենք հաղթանակած բանակ:

«Ազատություն»․ - Բայց նաև 800 հեկտարի կորուստ:

Բաղդասարյան․ - Ես խնդրում եմ, այդ փաստերի վրա մի ծանրացեք: Ամեն ինչ հարաբերական է:

Լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, թե Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի այդ բոլոր կարգախոսները իրականության հետ առնչություն չեն ունեցել, իսկ Հայաստանն այս տարիներին հետընթաց է ապրել․ - «Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանից 9 տարիների ընթացքում հեռացել է 355 հազար մարդ: Դա նշանակում է, որ Հայաստանի բնակչությունը Սերժ Սարգսյանի և Հանրապետականի իշխանության այս տարիներին պակասել է մոտ 12-13 տոկոսով, աղքատությունը աճել է մոտ 10 տոկոսով, 800 հեկտար տարածք ենք կորցրել»:

Լևոն Բարսեղյան
Լևոն Բարսեղյան

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը նույնպես փաստում է, որ անցած տարիների խոստումները չեն կատարվել՝ ապահովության փոխարեն ունենք անապահով Հայաստան, առաջընթացի փոխարեն՝ հետընթաց․ - «Ունեցել ենք բնակչության 11-12 տոկոսի արտագաղթ անցած 9 տարիների ընթացքում: Գործազրկության աճ է արձանագրվել: Երկրի արտաքին պարտքը աճել է երեքուկես անգամ: Կորցրել ենք 800 հեկտար հող: Բազմաթիվ զոհեր է ունեցել Հայաստանը անցած տարվա այն ճակատամարտում: Պարզվել է, որ 80-ականների զենքով ենք կռվում․․․ Եվ այս խայտառակություններից հետո այս մարդիկ հայտարարում են, որ անվտանգություն են ապահովելու և առաջընթաց են ապահովելու»:

Թաթուլ Հակոբյանը «Ազատության» ստուդիայում:
Թաթուլ Հակոբյանը «Ազատության» ստուդիայում:

«Առաջ, Հայաստանից» և «Դեպի ապահով Հայաստանից» հետո, 2017-ի ընտրություններին նախընտրական կարգախոսի հիմքում դնելով «անվտանգություն» բառը՝ իշխող Հանրապետականը, ըստ Թաթուլ Հակոբյանի, անուղղակի կերպով ժողովրդին ասում է, թե հարևանությամբ թշնամի երկիր ունենք, վիճակը վտնագավոր է: Հետևաբար շատ բան իշխանությունից պահանջել պետք չէ․ - «Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Ակնհայտ է սա, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Բայց մյուս կողմից, արդյո՞ք սա պետք է պատճառ դառնա, որպեսզի ժողովրդավարությունը հերթական անգամ զոհաբերվի թշնամու ջրաղացին ջուր լցնելուն և ասելուն, որ, գիտեք, սարի հետևը թշնամին է նստած․․․ Ես կարծում եմ, որ սա շատ-շատ վտանգավոր գաղափար է, և ես հակառակում եմ համոզված, որ Հայաստանը ուժեղ է ժողովրդավարությամբ, Հայաստանը ուժեղ է ժողովրդավարական ընտրություններով և միակ բաներից մեկը, որով մենք կարող ենք հակազդել օր-օրի տոտալիտար դարձող Ադրբեջանին, դա հենց մեր տարբերությունն է ժողովրդավարական իմաստով Ադրբեջանից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG