Մատչելիության հղումներ

«Սառը պատերազմը կյանքի իրողություն է»


«Սառը պատերազմի» ժամանակաշրջան, Նիկիտա Խրուշչյովը և Ջոն Քենեդին:
«Սառը պատերազմի» ժամանակաշրջան, Նիկիտա Խրուշչյովը և Ջոն Քենեդին:

Մոսկվայում ենթադրում են, որ իրավիճակը կշտկվի ԱՄՆ-ի ընտրություններից հետո:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Վլադիմիր Պուտինի մերձավոր քաղաքական զինակիցը համարվող Սերգեյ Իվանովը ասել է, թե Մոսկվան պատրաստ է «զրոյից» սկսել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է սպասել ամերիկյան նախագահական ընտրությունների ավարտին:

Նրա կարծիքով, չնայած այսօր առկա լարվածությանը, Մոսկվան և Վաշինգթոնը կարող են վերականգնել գործնական կապերը:

«Մենք միշտ պատրաստ ենք «ռեալպոլիտիկին», պարզապես անհրաժեշտ է սպասել ընտրարշավի ավարտին», - The Financial Times-ին ասել է Իվանովը:

Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունը վիրավորված է «ակնհայտ հակառուսական հռետորաբանությամբ, որը բնորոշ է ամերիկյան ընտրարշավին», սակայն Մոսկվայում ենթադրում են, որ ամերիկյան ավանդական պրագմատիզմն ի վերջո կհաղթի, և երկու գերտերությունները կկարողանան համագործակցել:

The Financial Times-ն իր կողմից հավելում է, որ Վաշինգթոնի և Մոսկվայի պաշտոնյաները դժվար թե լավատեսությամբ արձագանքեն Իվանովի հայտնած տեսակետներին, քանի որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունների հետևանքով երկու երկրների հարաբերություններում դժվարհաղթահարելի խնդիրներ են առաջացել:

Իվանովն ասել է, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Ամերիկայի դեմոկրատական կուսակցության կայքէջի վրա կատարված հաքերային հարձակման հետ: Նա հայտարարել է նաև, թե իրականությանը բացարձակ չեն համապատասխանում պնդումներն առ այն, որ ռուսները Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում իբր սատարում են Դոնալդ Թրամփին:

Գնահատելով ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ Իվանովը խոսել է «սառը պատերազմի» թեմայի մասին․ - «Կարծում եմ, բոլորս հարկ եղած չափով խելացի ենք, որ գործը չհասցնենք «տաք պատերազմի», բայց եթե խոսենք «սառը պատերազմի», տեղեկատվական և քարոզչական պատերազմի մասին, ապա դա փաստ է, կյանքի իրողություն է, որն ամեն օր ենք տեսնում»:

Մինչդեռ Ռուսաստանյան քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պահեստի գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բուժինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը և Արևմուտքն արդեն «սառը պատերազմի» մեջ են:

«Ներկայումս մենք, պատկերավոր ասած, գտնվում ենք Բեռլինի պատի կառուցման և Կուբայի հրթիռային ճգնաժամի միջև: Այլ կերպ ասած՝ մենք մոտեցել ենք իրական պատերազմին, սակայն չունենք առճակատումը կարգավորելու մեխանիզմներ»,- The Telegraphy փոխանցմամբ, ասել է գեներալ-լեյտենանտը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը վստահեցրել է, որ Մոսկվան առանց վարանելու պատասխան քայլեր կիրականացնի այն դեպքում, եթե Արևմուտքը Հալեպի ռմբահարումների համար որոշի նոր պատժամիջոցներ սահմանել:

«Այստեղ Սիրիայի հարց չկա, այստեղ պարզապես մի գերտերություն ցանկանում է իր կամքը պարտադրել ամբողջ աշխարհին», - օրերս ասել է Վլադիմիր Պուտինը, որի ակնարկը միանշանակ հասցեագրված էր Միացյալ Նահանգներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG