Մատչելիության հղումներ

Թրամփի պաշտոնամուտի նախաշեմին կրքերը չեն հանդարտվում


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

Երդմնակալության հանդիսավոր արարողությանը, ընտրյալ նախագահի աջակիցներից բացի, նաև ընդդիմախոսներն են պատրաստվում:

Երկու օրից ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում պաշտոնապես կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները: Երդմնակալության նախաշեմին, սակայն, հադիսավոր արարողության շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ավելի քան հինգ տասնյակ դեմոկրատ կոնգրեսականներ հայտարարել են, թե բոյկոտելու են 45-րդ նախագահի պաշտոնամուտը: «Չենք ուզում օրինականացնել մի մարդու հաղթանակը, ով ընտրվել է Ռուսաստանի առաջնորդների միջամտությամբ»,- հայտարարում են նրանք: Ինքը՝ ընտրյալ նախագահը, բավական հանգիստ է արձագանքել այս բոյկոտին: Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պնդել է, թե բոյկոտողների տեղը թափուր չի մնա: «Շատ նորմալ է, որ նրանք չեն ուզում մասնակցել իմ երդմնակալությանը, ցանկացողները շատ-շատ են, ես սպասում եմ, որ նրանք իրենց տոմսերն ինձ վերադարձնեն»,- հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ նրա երդմնակալությանը մասնակցելու հրավերը մերժել էին նաև շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ: Վերջիններիս առնչությամբ ևս Թրամփն ասել էր, թե «խնդիր չկա»: «Աստղերից շատերը, որ հիմա ասում են, թե չեն մասնակցելու, իրականում հրավեր չեն էլ ստացել: Ես աստղեր չեմ ուզում, ես ուզում եմ հասարակ մարդկանց տեսնել և հավատացնում եմ՝ մենք ունենալու ենք աշխարհի ամենաշքեղ միջոցառումը»,- հայտարարել է ընտրյալ նախագահը:

Երդմնակալությունից ժամեր առաջ ամերիկյան մամուլը փորձում է պարզել, թե ինչ է ասելու նոր նախագահն իր անդրանիկ ելույթում: Դոնալդ Թրամփի վարչակազմն առայժմ փակագծեր չի բացում, նշելով միայն, որ պաշտոնը ստանձնող նախագահը կենտրոնանալու է «Ամերիկան հզորացնելու և միավորելու վրա»: «Ելույթը կլինի կարճ, բայց՝ պատկերավոր, ընտրյալ նախագահը կներկայացնի, թե դեպի ուր է ուզում առաջնորդել երկիրը և ինչպես է պատրաստվում կրկին հզոր դարձնել Ամերիկան»,- ասել է Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը:

Երդմնակալությունից օրեր առաջ, Fox-ին տված հացազրույցում ընտրյալ նախագահը նաև պնդել է, թե ամենևին տարված չէ «Թվիթեր»-ով, բայց ստիպված է իր քաղաքական ուղերձները սոցիալական ցանցով տարածել: «Ես ուրիշ գործեր կարող էի անել, բայց լրատվամիջոցները շատ անազնիվ են, շատ անազնիվ, և «Թվիթեր»-ը հակազդելու իմ միակ հնարավորությունն է»,- ասել է Թրամփը:

Կեղծված լուրերի շարքում նա մատնանշել է CNN-ի անցկացրած վերջին հարցումը, ըստ որի, Դոնալդ Թրամփը երկրի նախագահությունը ստանձնում է ամերիկացիների կողմից վստահության խիստ ցածր մակարդակի պայմաններում: Նույն հետազոտությունների համաձայն, մասնավորապես, ամերիկացիների միայն 40 տոկոսն է այժմ հավանություն տալիս նրա քաղաքականությանը, ինչն ամենացածր վարկանիշն է վերջին 40 տարվա ընթացքում:

Միլիարդատեր նախագահը, սակայն, այդ հարցման պատասխանն էլ ունի: «Ընտրությունների ժամանակ այդ նույն կեղծված հարցումներով պնդում էին, թե Քլինթոնն է հաղթելու, հիմա էլ նույն կեղծիքն են տարածում»,- «Թվիթեր»-ում գրել է Թրամփը, հավելելով՝ «աննախադեպ մեծ թվով մարդիկ հիմա Վաշինգտոն են գալիս՝ իմ երդմնակալությանը մասնակցելու»:

Թրամփի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը, աջակիցներից բացի, նաև ընդդիմախոսներն են պատրաստվում: Ակտիվիստների մի քանի խմբեր արդեն հայտարարել են, թե շաբաթավերջին բողոքի ցույցեր են անցկացնելու և ակնկալում են հազարավորների մասնակցությունը: Վերլուծաբանները փաստում են՝ ստեղծված իրավիճակում ընտրյալ նախագահի թիվ մեկ խնդիրը պետք է դառնա Ամերիկայի միավորումը՝ այն կրկին հզոր դարձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG