Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է Հայաստանում նորագույն ռադիոտեղորոշիչ կայան տեղակայել․ Военное обозрение


Հրթիռներ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում, արխիվ
Հրթիռներ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանում, արխիվ

Չի բացառվում, որ Ռուսաստանն իր նորագույն ռադիոտեղորոշիչ կայաններից մեկը` "Небо-М"-ը, տեղակայի Հայաստանի տարածքում: Այս մասին "Военное обозрение" հանդեսում երեկ գրել է մոսկվացի ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևը: Նրա խոսքով` "Небо-М" կայանը կարող է փոխանցվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանին:

«"Небо-М" ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը Գյումրիում շատ տրամաբանական է: Այստեղ դա արժանի պատասխան կհանդիսանա Ադրբեջանի կողմից ձեռք բերված իսրայելական արտադրության Green Pine տեղորոշիչ կայաններին: Բացի այդ, Գյումրիում տեղակայված "Небо-М" համալիրը հնարավորություն կտա վերահսկել Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի և Վրաստանի օդային տարածքի հսկայական մի հատվածը», - գրում է ռուսաստանցի փորձագետը:

Դամանցևի խոսքով` Հայաստանում տեղակայվելու դեպքում "Небо-М"-ի հզորությունը թույլ կտա դիտարկել անգամ «ՆԱՏՕ-ի և Իսրայելի ռազմական ավիացիայի չարտոնված թռիչքները Մերձավոր Արևելքում»:

"Небо-М"-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները: "Небо-М"-ի դաշտային փորձարկումները ռուսաստանցի ռազմական մասնագետներն ավարտել են 2009-ին, իսկ առաջին համալիրները բանակային ստորաբաժանումներ են առաքվել արդեն 2012-ի դեկտեմբերին:

"Военное обозрение" հանդեսը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները, պնդում է, որ միայն 2016 թվականի ընթացքում ռադիոտեղորոշիչ կայանների արտադրությամբ զբաղվող "Алмаз Антей" կոնցեռնը բանակին թվով հինգ "Небо-М" համալիր է փոխանցել: Ընդհանուր առմամբ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերն այժմ 10 նմանատիպ կայան են շահագործում`տեղակայված Արևմտյան և Արևելյան ռազմական օկրուգներում:

"Небо-М" համալիրների հնարավոր տեղակայումը Գյումրիում, ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևի համոզմամբ, ռուսական կողմին հնարավորություն կտա միանգամից մի քանի խնդիր լուծել:

«Հարավարևմտյան ուղղությունը Ռուսաստանի համար բավական խնդրահարույց է: Հենց այս ուղղությամբ է նկատվում թուրքական և արաբական օդանավակայաններում տեղակայված ամերիկյան հետախուզական ավիացիայի ակտիվությունը: Բացի այդ, հեռանկարում Թուրքիան ավելի հաճախ է փորձարկելու սեփական արտադրության «Յըլդըրըմ» տեսակի հրթիռները:Սրան էլ գումարած՝ Վրաստանը պատրաստվում է Վազիանիում գտնվող ռազմակայանում ՆԱՏՕ-ի հետ խոշոր միացյալ խմբավորում տեղակայել, որում ընդգրկված կլինեն տանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև Patriot և SAMP-T տեսակի հթրիռային համակարգեր», - պնդում է Եվգենի Դամանցևը:

Ռուսաստանցի փորձագետի վերջին պնդման կապակցությամբ, սակայն, հարկ է նկատել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանում խոշոր ստարոբաժանումներ տեղակայելու մասին որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: Վրաստանի հետ հարաբերություններում դաշինքը սահմանափակվում է համատեղ զորավարժությունների անցկացմամբ: 2016-ին դրանց առաջին անգամ մասնակցեցին նաև ամերիկյան արտադրության Abrams տանկերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG