Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ում ներդրում անելու պատրաստ միայն մի ընկերության կա


«Նաիրիտ» գործարանը, արխիվ
«Նաիրիտ» գործարանը, արխիվ

Երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման համար պայքարող ու ամեն հինգշաբթի կառավարության շենքի առջև հավաքվող նախկին աշխատողներին վրդովվեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այն մասին, թե գործարանի հետ կապված ծրագիր «դեռ չկա»։

«Նաիրիտ»-ի հնարավոր վերագործարկման համար հայտարարված մրցույթին մեկ օր է մնացել, սակայն, մինչ այժմ քիմիական հսկան աշխատեցնել ցանկացող միայն մեկ ընկերությունից է հայտ ստացվել: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն «Ազատությանն» ասաց՝ թեև մրցույթը նախարարությունն է հայտարարել, սակայն, գործարանի հետ կապված հարցերին պատասխանելու իրավասություն ինքը չունի:

Մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարանի գլխավոր ինժեներ Սլավիկ Անանյանի խոսքով, նախարարությունից չեն տեղեկացրել, թե մրցույթի վերջնաժամկետի ավարտից հետո հայտերն ինչ ժամանակահատվածում են քննելու, Անանյանն անգամ չգիտեր, թե իր գլխավորած հանձնաժողովի անդամներն ովքեր են։

«Այսօր, քիչ առաջ, ստացել ենք մի փաթեթ, դեռ չենք էլ նայել դա, չգիտենք նույնիսկ ով է ուղարկել: Պարզ կլինի, վաղը կպարզաբանենք, նախարարության հետ միասին համապատասխան հանձնաժողովում»,- «Ազատությանն» ասաց մրցութային հանձնաժողովի նախագահը:

Նաիրիտցիների խոսքով՝ հայտ ներկայացրած ընկերությունը «Եվրոպա- Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնն» է, որը հենց գործարանի աշխատողների հեղինակած ծրագրին է հավանություն տվել։ Երբեմնի քիմիական հսկայի վերագործարկման համար պայքարող ու ամեն հինգշաբթի կառավարության մոտ հավաքվող՝ «Նաիրիտ»-ի նախկին աշխատողներին վրդովվեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե գործարանի հետ կապված ծրագիր «դեռ չկա»։ Նաիրիտցիներն ասում են՝ գործարանի մասնագետները դեռ երկու տարի առաջ են ծրագիր կազմել, եվրոպական հոլդինգն էլ դրան հավանություն է տվել ու պատրաստ է ներդրումներ կատարել։

«Ես չեմ հիշում, որ մի անգամ նույն վարչապետը հրավիրած լինի էս մասնագետներից որևէ մեկին, քննարկի, փորձի դրա հետ կապված ինչ-որ բացատրոթւյուն ստանա, ինչ-որ բան հասկանա: Եթե ոչինչ չի արվել, ինքը միայն կարդալով նման որոշու՞մ կայացրեց, չի կարող նման բան լինել: Մենք պնդում ենք, որ մեր մասնագետների կազմած ծրագիրն արդիական է և կարող է կյանքի կոչվել»,- Ազատության» հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատողներից մեկը:

Զուգահեռաբար շարունակվում է նաև գործարանի սնանկության գործընթացը։ Սնանկությանը հաջորդող առաջին դատական նիստը նշանակված է փետրվարին 14-ին։ Գործարանի գլխավոր ինժեների խոսքով՝ կուտակված պարտքերը մարելու համար «Նաիրիտ»-ում ներկայումս գույքագրում է իրականացվում։ Անանյանի հավաստիացմամբ, որևէ սարքավորում կամ ապրանք դեռ չի վաճառվել: Նաիրիտցիները, սակայն, վստահ չեն, որ պարտքերը մարելու անվան տակ նաև արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ գույքը չի վաճառվի։ Նրանք մտավախություն ունեն, որ վերագործարկմանը կարող է նախորդել լուծարումը:

Նախորդ շաբաթ նաիրիտցիներն աջակցության խնդրանքով անգամ քաղաքական ուժերին էին դիմել, երկուշաբթի էլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ գործարանի ճակատագրի մասին քննարկում են կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG