Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար»


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Երևանում գտնվող Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և Մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը:

Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Սերժ Սարգսյանը Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայաստանի և Մալթայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, Մալթայի Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգևատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանում Մալթայի Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:

Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի երկրորդ կարգի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Պարգևատրման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

«Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և Մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ <...> Այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում», - հայտարարել է, մասնավորապես, Հայաստանի նախագահը:

«Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը», - ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով․ - «Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ»:

«Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար», - փոխանցել է նախագահը:

«Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի ուշ ի պատիվ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ, հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG