Մատչելիության հղումներ

Ինջիրլիքի ռազմակայանի տարածքի պատկանելության հարցը մնում է առկախված


Թուրքիա - F-16 ռազմական օդանավը թռիչք է կատարում Ինջիրլիքի օդակայանից, արխիվ

Թուրքիա - F-16 ռազմական օդանավը թռիչք է կատարում Ինջիրլիքի օդակայանից, արխիվ

Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի, Թուրքիան ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը:

Պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանը Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ տրամադրել է Միացյալ Նահանգների զինված ուժերին, սակայն վերջերս Անկարան խոչընդոտում է ԱՄՆ-ի կողմից դրա օգտագործումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ օդային գործողություններ իրականացնելիս:

«Այդ հողերը ամբողջությամբ հայերին են պատկանում, այնտեղ Ադանայում ապրողների ամառանոցներն էին։ Եկեղեցին ու դպրոցը Թուրքիայի կառավարությունը ապօրինի զավթել է», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց հայտնի իրավաբան Վարդգես Եղիայանը:

Ամերիկյան մի քանի իրավաբանական ընկերություններ, օրինակ՝ «Քաբաթեք Բրաուն Քելներ» ընկերությունը, մի քանի միլիարդ դոլարի դատական հայց են ներկայացրել թուրքական կառավարության դեմ՝ 1915-ից մինչև 1923 թվականները հայերից բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման նպատակով:

Այս անգամ ուշադրություն գրավեց դեռ 2010 թվականին հարուցված Ինջիրլիքի օդակայանի գործը՝ կապված ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև այդ ռազմակայանի օգտագործման շուրջ ընթացող բանակցությունների հետ:

Վարդգես Եղիայանի խոսքով, Ինջիրլիքի օդակայանի հարցը արժանի է առանձնակի ուշադրության, քանի որ դրա համար վճարում է ԱՄՆ-ի կառավարությունը։ «Եթե մի բան գողացված է, ապա դրանից ստացված դրամը գողն իրավունք չունի յուրացնելու», - ասաց իրավաբանը։

Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի, թուրքական կառավարությունը ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը: Այս հայցը ներառում է նաև այդ երկրի Կենտրոնական բանկի ու «Զիրաաթ բանքասը» բանկի դեմ հայցերը, որպես թուրքական կառավարության հիմնական ֆինանսական գործիք:

Ըստ Վարդգես Եղիայանի, «Զիրաաթ բանքասը» բանկը այն հիմնարկն է, ուր պահվում են հողային սեփականության վերաբերյալ բոլոր տվյալները։ Նա նշում է, որ այս ու Թուրքիայի կենտրոնական բանկը մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ում, ինչը արտառոց մի երևույթ է կենտրոնական բանկերի պարագայում։ Եղիայանն ասաց, որ սա հնարավորություն է տալիս դատական հայցով դիմել ԱՄՆ-ի դատարան:

Ըստ ամերիկյան օրենքի, հնարավոր չէ գործ հարուցել օտար երկրում առկա սեփականության շուրջ, եթե այն առևտրական հարաբերություններին չի վերաբերում կամ մարդու իրավունքների կոպիտ խախտման հետևանք չէ:

Սակայն Վարդգես Եղիայանը կարծում է, որ Ինջիրլիքի պարագայում այս երկու բացառությունները գործում են։ «Այս դատական գործի հայցվորները երեք ընտանիք են, և 30-ից ավելի փաստաթուղթ կա, ըստ որոնց՝ Ինջիրլիքի հողը պատկանել է իրենց», - ասաց իրավաբանը։

Դատական հայցը հաղթել է առաջին ատյանի դատարանում, սակայն քաղաքական լինելու պատճառաբանությամբ դրա կիրարկումը կասեցվել է, մինչ Ավստրիայի դեմ նմանատիպ հայցի կարգավորումը Գերագույն դատարանի կողմից, որը որպես նախադեպ է հանդես գալու նաև հայերի հայցը բավարարելու հարցում:

«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե անհաջող ընթացքի դեպքում արդյոք մտադի՞ր են գործը շարունակել Եվրոպական դատարանում, Վարդգես Եղիայանը դրական պատասխանեց, հավելելով, որ ամերիկյան ատյաններում գործը առաջ ընթանալու դեռ բազմաթիվ այլ տարբերակներ ունի, և իրենք համոզված են, որ հաղթելու են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG