Մատչելիության հղումներ

Ընտրություններին ընդառաջ ահազանգեր են ստացվում խախտումների մասին


Արխիվ -- ԸՆտրատեղամաս Գյումրիում
Արխիվ -- ԸՆտրատեղամաս Գյումրիում

Հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատածում Հայաստանի 7,000 քաղաքացի փոխել է գրանցման, հետևաբար նաև քվեարկության վայրը: Այս մասին ոստիկանություն հարցում է արել և տեղեկացել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ ահազանգեր էր ստացել, որ ընտրություններին ընդառաջ որոշ քաղաքացիների դրդում են փոխել գրանցումն ու գնալ ցանկալի ընտրատարածք։

«Հիմա պետք է հասկանալ, թե ինչպես վարվել այդ ահազանգերի հետ, որովհետև դրանց հեղինակները հասկանալիորեն չեն ուզում, որ իրենց տվյալները, անունները հրապարակվեն: Նրանք պատրաստ չեն, ցավոք սրտի, հանդես գալ վկայի դերում», - «Ազատության» հետ զրույցում նշեց Փաշինյանը:

Հարցին՝ այս թիվը իր համար սպասելի՞ թիվ էր, պատգամավորը պատասխանեց․ - «Այդ թիվը դեռ պետք է վերլուծել, համեմատել նախորդ ժամանակաշրջանի հետ»:

Այնուամենայնիվ, 1 ամսում 7,000 քաղաքացու գրանցման հասցեի փոփոխությունը կասկածելի է թվում պատգամավորին։ Հետևություններ անել դեռ չի շտապում՝ կսպասի հաջորդ ամսվա վիճակագրությանը, բայց մինչ այդ ենթադրություններ արդեն ունի․ - «Հիմա մամուլում և հասարակության մեջ շրջանառվող տեղեկատվություն է՝ խոշոր ընկերությունները ունեն սեփականատերեր, որոնք ռեյտինգային ընտրակարգով առաջադրված են կոնկրետ վայրում: Իրենք այլ վայրերում իրենց վարչական լծակի ներքո գտնվող անձանց հանում են գրանցումից և տանում են իրենց ընտրատարածքում են հաշվառում, որպեսզի կառավարելի ձայները իրենց համար լինեն ավելի շատ»:

Այսօր պատգամավորը ահազանգ էր ստացել ոչ թե գործարարի, այլ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյայի ազգականի վերաբերյալ, ով իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին հրահանգել է գյուղերում բնակվող հարազատներին բերել ու գրանցել Երևանում՝ իրենց բնակարաններում։ - «Ես հիմա քաղաքացու հետ բանակցում եմ, որպեսզի տեսնեմ, թե ինքը ինչքանով է պատրաստ այդ տեղեկատվությունը նաև հրապարակային ասել», - մանրամասնեց Փաշինյանը:

Պատգամավորը ԵԼՔ դաշինքի իր թիմի հետ պատրաստվում է ուշադրությամբ հետևել նաև մեկ այլ գործընթացի, որը կսկսվի մարտին, երբ քաղաքացիներին ընտրելու իրավունք կտրվի իրենց փաստացի բնակության վայրում: Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ «Ազատությունը» ևս նման ահազանգեր էր ստացել, երբ գործատուները պահանջել էին այլ քաղաքներում հաշվառված աշխատակիցներին նախօրոք գրանցվել ու քվեարկել Երևանում՝ «Այո»-ի օգտին։

«Այնուամենայնիվ, այդ քաղաքացիները նույնպես ընտրական խցիկում լինելու են միայնակ: Ինչպե՞ս են իրենք իրենց պահելու՝ ըստ իրենց այդ կարգով տեղամասեր քշած գործատուների հրահանգի, թե՞ իրենք իրենց քաղաքացիական խղճով են առաջնորդվելու: Ես կարծում եմ, քաղաքացու համար առնվազն այսպիսի տեղափոխումը պետք է վիրավորական լինի», - մեկնաբանեց Փաշինյանը:

Այնուամենայնիվ, փակուղային իրավիճակ է ստեղծվում, երբ որևէ կուսակցություն դիմած ու ահազանգած քաղաքացին հրաժարվում է այս մասին հայտնել ոստիկանությանը, կարծում է պատգամավորը․ - «Բայց եթե քաղաքացին ու քաղաքական ուժը այս հարցում հետևողական լինել, մենք իրավիճակի փոփոխություն կունենանք: Նույն խնդիրն է նաև ընտրակաշառքի մեջ»:

Մամուլից և այլ աղբյուրներից ահազանգեր ստանում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ դրանք հիմնականում ընդհանրական բնույթ են կրում։

«Չնայած առաջին հայացքից այդ հրապարակումները անգամ շատ ընդհանրական բնույթ են կրում, անգամ փաստական հանգամանքներն է շատ բարդ պարզել, բայց ցանկացած նման տեղեկություն երբ լինում է, հանձնաժողովը միանշանակ ձեռնամուխ է լինում պարզելու բոլոր փաստական հանգամանքները: Եթե կան ինչ-ինչ խնդիրներ, բնական է՝ պետք է ձեռնարկի նաև համապատասխան միջոցներ», - այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մուկուչյանը:

Խախտումների վերաբերյալ ահազանգերով հետաքրքրվելուց բացի ԿԸՀ-ն այս պահին մեկ այլ աշխատանք ևս ունի. դեռ ուսումնասիրում է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերը․ - «Կան առանձին խնդիրներ, որոնց հետ կապված աշխատանք է գնում կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Կան դեպքեր, օրինակ՝ այս կամ այն փաստաթուղթը չի ներկայացվել, իրազեկվում է»:

ԿԸՀ-ն և ոստիկանությունը իրենց պաշտոնական կայքերում արդեն հրապարակել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների նախնական ցուցակները, սակայն դեռ հայտնի չէ, թե Հայաստանի քանի քաղաքացի կկարողանա ընտրել ապրիլի 2-ին․ օրենքի պահանջով այս թիվը կհրապարակեն մարտի 3-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG