Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններն ահազանգում են Ադրբեջանում աննախադեպ բռնությունների մասին


Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Աննախադեպ բռնություններ Ադրբեջանում, խնդրում ենք օգնեք, Ալիևը ամեն ինչ անում է ընդդիմախոսներին լռեցնելու համար. այս օրերին այսպիսի ահազանգ են հնչեցնում Ադրբեջանում ու Արևմուտքում գործող տասնյակ իրավապաշտպաններ:

Հենց այսօր Բաքվում իրավապահ մարմինները խուզարկել ու կնքել են առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակը և, ըստ էության, փողոց վռնդել աշխատակիցներին՝ առանց որևէ բացատրության: Ընդ որում, արդեն չորս օր անհայտ է գրասենյակի ղեկավար էմին Հուսեյնովի գտնվելու վայրը, ով ավելի վաղ հրավիրվել էր դատախազություն՝ հարցաքննության:

Հուսեյնովը մեկն էր այն իրավապաշտպաններից, որ ամիսներ առաջ հանդգնել էին բողոքի ակցիա կազմակերպել Եվրախորհրդում՝ նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ: Հիմա տեղական որոշ լրատվամիջոցներ պնդում են,թե անհետ կորած իրավապաշտպանը ապաստան է խնդրել Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատանը:Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս տեղեկությունը չեն հաստատում:

Չնայած Արևմուտքից հնչող քննադատությանն ու հորդորներին՝ ճաղերի հետևում է շարունակում մնալ նաև Արիֆ և Լեյլա Յունուս իրավապաշտպան զույգը: Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Արիֆ Յունուսի խափանման միջոցը փոխելու բողոքը և ուժի մեջ թողել սահմանված եռամսյա կալանքը:

Որոշվել է նաև հայրենիքի դավաճանության հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ մեղադրվող իրավապաշտպանին տեղափոխել Ազգային անվտանգության նախարարություն: «Վստահ եմ՝ իշխանությունները դա միտումնավոր են արել», - բանտից հայտարարություն է տարածել Արիֆ Յունուսի կինը՝ Պատվո լեգիոնի շքանշանակիր Լեյլա Յունուսը:

«Ես տևական ժամանակ զբաղվում եմ քաղաքական բանտարկյալների խնդրով և շատ լավ գիտեմ Ազգային անվտանգության նախարարությունում իրականացվող կտտանքների մասին լավ եմ գիտակցում, որ նրանց վերջնական նպատակը ինձ ու Արիֆին ֆիզիկապես ոչնչացնելն է», - հայտարարել է կինը՝ պնդելով, որ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու՝ Ալիևի վարչակազմի որոշման մասին իրեն վաղուց են տեղեկացրել:

«2005 թվականին՝ Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո, ինձ զգուշացրին, որ նախապատրաստվում է նաև իմ սպանությունը: Մենք հրապարակեցինք այդ տեղեկատվությունը, և նրանք, կարծես թե, հրաժարվեցին այդ մտքից, սակայն հիմա՝ 2014 թվականին, Ադրբեջանի արյունալի բռնապետությունն այլևս չափ ու սահման չի ճանաչում», - հայտարարում է տասնյակ տարիներ երկրում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կինն ու դիմելով համախոխներին՝ օգնություն խնդրում. -«Ինձ ու Արիֆին հիմա դաժանորեն խոշատնգելու և մահվան դուռն են հասցնելու։ Խնդրում եմ՝ խոսեք, բարձրաձայնեք այս մասին, թող լսեն և իմանան, թե ինչ արյունալի բռնապետություն է Ադրբեջանում»:

Հարազատները նշում են, որ ճաղերի հետևում գտնվող 58-ամյա կինը առողջական լուրջ խնդիրներ ունի, և նրա վիճակը կալանավայրում վատթարանում է օր-օրի: Յունուսների աջակցության խումբը նշում է, որ օրեր առաջ դիմել է իշխանություններին՝ մեկուսարան սնունդ ու դեղամիջոց փոխանցելու խնդրաքով, սակայն դատախզությունը մինչև օրս չի արձագանքել:

«Փաստ է,որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն ավելացնում են աննախադեպ ճնշումները՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար», - հայտարարել են մոտ վեց տասնյակ տեղական ու արևմտյան կազմակերպությունները՝ ընդգծելով, որ ձերբակալություններից բացի պաշտոնական Բաքուն նաև կալանքի տակ է առել տասնյակ հասարակական կազմակերպությունների բանկային հաշիվներն ու խուզարկություններ անցկացրել գրասենյակներում:

«Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ քաղաքական դրդապատճառներով ազատազրկված ու հետապնդումների ենթարկվող մարդկանց պաշտպանելու համար», - ընդգծում է հայտարարությունը՝ նկատելով, որ Եվրախորհրդում ներկայումս նախագահող Ադրբեջանը առավել քան երբևէ պարտավոր է հետևել միջազգային չափանիշներին, դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Իրավապաշտպանների այս կոչին արդեն արձագանքել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդը, ով այսօր առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ:

«Ես խորը անհանգստություն հայտնեցի հայտնի իրավապաշտպանների ազատազրկման կապակցությամբ: Մենք պայմանավորվեցինք վերականգնել Ալիևի վարչակազմի, քաղաքացիական ակտիվիստների և Եվրախորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ գործող համատեղ աշխատանքային խումբը, ինչը հնարավորություն կտա ստուգել իրավապաշտպաններին ներկայացված մեղադրանքները, ինչպես նաև երկխոսություն սկսել իշխանությունների և քաղաքաղիական հասարակության միջև», - հայտարարել է Յագլանդը:

Ալիևի վարչակազմի ճնշումներին քաջածանոթ ընդդիմադիր ուժերը, սակայն, Արևմուտքի հետ համագործակցելու՝ իշխանությունների այս հավաստիացումներին այնքան էլ չեն հավատում: 9 կուսակցություններ այսօր համատեղ նիստ են անցկացրել Բաքվում և որոշել միասնական կոմիտե ստեղծել՝ ազատազրկված իրավապաշտպանների իրավունքները պաշտպանելու համար: Չի բացառվում, որ առաջիկայում ընդդիմադիր այս ուժերը նաև Ալիևի բռնաճնշումների դեմ զանգվածային ցույցեր ու հանրահավաքներ կազմակերպեն:

XS
SM
MD
LG