Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները չեն հավատում, թե Էջմիածնում ու Վանաձորում ընտրություններին նախորդած հանցագործությունները կբացահայտվեն


Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հիվանդանոցում, 17-ը սեպտեմբերի, 2016 թ․
Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը հիվանդանոցում, 17-ը սեպտեմբերի, 2016 թ․

Իրավապաշտպանները թերահավատ են, թե Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը տեղ գտած երկու թեկնածուների մասնակցությամբ արյունալի միջադեպի մանրամասներն ամբողջությամբ կբացահայտվեն, քանի որ ընդամենը վկայի կարգավիճակով հարցաքննված Կարեն Գրիգորյանը պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է:

«Այս դեպքերից կարելի է պատկերացնել, թե հաջորդ ընտրությունները ինչ ընթացք են ունենալու, ինչպիսի գազանություններ ինտենսիվաբար․․․ Քանի որ հիմա՝ նախաքննության փուլում, չեն պատժվում մեղավորները․ ասենք, Մանվել Գրիգորյանը և իր որդին անձեռնմխելիների ու անպատժելիների առաջին շարք են զբաղեցնում: Արդարադատության հույս իրավապահ համակարգում, որևէ բան ինքնուրույն, օրենքով առաջնորդվել և մարդուն պատասխանատվության ենթարկել․․․ Ոչ մի հույս չունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Թեև մեկ ամսից ավելի ընթացող քրեական գործի շրջանակներում գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանըը միայն որպես վկա է հարցաքննվել, սակայն կապտուկներով հիվանդանոցում հայտնված և պարտված թեկնածու Արթուր Թումանյանը հայտարարել էր՝ իրեն ծեծի ենթարկողներից է եղել նաև Գրիգորյանը:

Թումանյանի փաստաբան Արմինե Հարությունյանը պնդում է, որ իր վստահորդի՝ ընտրություններին որպես թեկնածու պաշտաճ մասնակցելու իրավունքն է խախտվել․ - «Վախի մթնոլորտ էր առաջացել և իրականում հնարավոր չէր: Մարդը վստահված անձ չուներ տեղամասերում»:

Պարտված թեկնածու Արթուր Թումանյանը պնդում է, որ միջադեպի օրը հեռախոսազանգ էր ստացել, թե ավագանու անդամի իրենց թեկնածուն առևանգված է: Ինքը դուրս էր եկել նրան փնտրելու, և գեներալ Մանվել Գրիգորյանի որդիներն իր թիմակիցների հետ շուրջ տասը մեքենայով նախ հետապնդել, հետո ծեծի են ենթարկել իրենց:

Նախաքննությունը դեռ պետք է պարզի դեպքի մանրաասները, նաև այն, թե ում է պատկանել Արթուր Թումանյանի ձեռքում հայտնված ատրճանակը: Սակայն Կարեն Գրիգորյանը «Ազատության» տաղավարում արդեն իսկ հայտարարել է, թե հրազենը Թումանյանինն է:

Քաղաքապետի թեկնածուին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ անձ այս պահին կալանավորված է: Առանձին քրեական գործ է հարուցվել նաև ավագանու անդամի առևանգման մասով․ այս գործով նույնպես մեկ քաղաքացի է կալանավորված:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, զուգահեռներ տանելով Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո ծեծի ենթարկված հոգևորականի գործով, ասաց, որ իրավապահները դանդաղ են աշխատում և ընգծեց, որ դա քաղաքական որոշում է:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի, հիշեցնենք, ընտրությունների ժամանակ «իրեն չսատարելու ու, իր կարծիքով, իր օգտին չքվեարկելու համար Արկադի Փելեշյանը վիճաբանել է իր ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան»: Փելեշյանը, սակայն, այս մեղադրանքը չի ընդունում: Ավելին նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ստորագրությամբ երկրից չբացակայելը:

«Այդ գործի նախաքննությունը արդյունավետ ես չեմ կարող համարել: Քանի որ կար խմբակային գործոնը, քրեական այդ հանցագործությունը որակավորեցին ի սկզբանե ոչ թե նախ 119-րդ հոդվածով և խմբակային, որի պարագայում խափանման միջոցը կլիներ բոլորովին այլ: Այդ դեպքում խափանման միջոցը կլիներ կալանք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ թե՛ Վանաձորում հոգևորականին ծեծի ենթարկելու և թե՛ Էջմիածնում ընտրություններից մեկ օր առաջ կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը մինչև վերջ չեն բացահայտվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG