Մատչելիության հղումներ

Երևանում կանցկացվի «Թանգարան, կրթություն և ներգրավում» եռօրյա միջազգային համաժողով


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում, արխիվ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում, արխիվ:

Արդեն երկու տարի է Բրիտանական թանգարանի կրթական ծրագրերի մասնագետները համագործակցում են Հայաստանի թանգարանային մասնագետների հետ, որոնց հետ համատեղ հոկտեմբերի 26-28-ը Երևանում «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրի ներքո կանցկացնեն եռօրյա համաժողով, որին կմասնակցեն նաև 6 այլ երկրներից ժամանած թանգարանային գործի գիտակներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի ղեկավար Քլեր Մասինջերը պատմում էր, որ դեռ 11 տարի առաջ Բրիտանական թանգարանը նախաձեռնեց այս կրթական ծրագիրը փորձի փոխանակման առումով աշխարհի մի շարք երկրների թանգարանների հետ և ահա 2 տարի առաջ էլ այդ երկրների ցանկը համալրեց նաև Հայաստանը, որի հետ երկամայա ակտիվ համագործակցություն են սկսել, որի արդյունքներից այս համաժողովն է, որն ի դեպ գրեթե ամբողջովին ֆինանասավորվել է Բրիտանական թանգարանի և Մանչեսթերի պատկերասրահի կողմից և մեր տարածաշրջանում անցկացվում է առաջին անգամ:

Մանչեստրի պատկերասրահի կրթության բաժնի ղեկավար Ռոնալդ Բրինդլին ասաց, որ դեռ տարիներ առաջ իրենք հասկացան, որ թանգարանային այցելուների համար անհրաժեշտ է նոր ծրագրեր մշակել՝ հասարակությանը թանգարաններին առավել մերձեցնելու համար:

Բրիտանական թանգարանի նախաձեռնած այս կրթական ծրագրի Հայաստանյան մասնակիցներից մեկի՝ Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանի խոսքով․ - «Վերապատրաստման ծրագրում ներգրավում են տարբեր երկրներից թանգարանների մասնագետներ, նաև ժառանգության ոլորտի մասնագետներ, որոնք ամբողջությամբ ներգրավվում են 42 օր Բրիտանական թանգարանի առօրյա աշխատանքում՝ սկսած ֆոնդերից, հավաքածուներից մինչև մարկետինգային հետազոտություններ, կամավորություն և այլն»:

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի հավաստիացմամբ, վերջին երկու տարիներին Բրիտանական թանգարանի աշխատակիցների հետ համագործակցության, նոր մշակված և իրականացվող ծրագրերի շնորհիվ անվիճելիորեն ավելացել է իրենց այցելունեի թիվը․ - «Ելնելով Մանչեստերի փորձից՝ ես ինքս սկսեցի իմ գործընկերների հետ թանգարանում կրթական ծրագրեր կազմակերպել: Այսօր Ռուսական արվեստի թանգարանում արդեն գոյություն ունեն 7 կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար․ սկսում ենք 3 տարեկանից մինչև մեծ տարիքի: Նույնիսկ ընտանեկան այցերի համար ունենք հատուկ ծրագրեր»:

Բրիտանացի մասնագետների խոսքով, բրիտանական թանգարանները ոչ միայն այցելուների խնդիր չունեն, այլև Մեծ Բրիտանիայում թանգարանները, որոնք ի դեպ գործում են բոլորովին ավճար, հանրության ամենապահանջված հաարակական ժամանցի վայրերի առաջին տասնյակում են գտնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG