Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Մոսկվայում է


Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումներից, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումներից, արխիվ

Ռուսաստանցի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը հետևած ասուլիսին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ գոհ է այցից, այն համաձայնագրերից, որ կնքվել են և այն հանձնարարականներից, որ արվել են հանդիպման շրջանակներում:

Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որպես տուրիստական երկիր Հայաստանը այնքան էլ գնահատված չէ ռուսաստանցիների կողմից և հույս է հայտնել, որ այսօր ստորագրված համաձայնագիրը, որի շնորհիվ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Հայաստան ներքին անձնագրերով, դրական տեղաշարժ կգրանցի նաև այս բնագավառում:

Ասուլիսին Կարապետյանը Մեդվեդևին հրավիրել է Հայաստան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարչապետին, նա հայտարարել է, որ բանակցությունները ինչպես միշտ՝ կառուցողական էին, հագեցած և բարեկամական:

«Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է: Նրա բաժինն արտաքին առևտրում կազմում է մոտավորապես 25 տոկոս, և չնայած բավական բարդ կոնյուկտուրային, ինչի մասին մենք այսօր խոսում էինք իմ գործընկերոջ հետ, փոխադարձ առևտրաշրջանառության ցուցանիշները լավն են մնում: Նախորդ տարի այդ թիվն ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար էր», - նշել է Մեդվեդևը: - «Չնայած էներգակիրների և առանձին ապրանքների գների իջեցմանը, որոնք մատակարարվում են մեր երկրներից, ապրանքների ընդհանուր թիվը չի նվազում, այլ ավելանում է: Եվս մեկ հանգամանք. նախորդ տարի էականորեն աճել է Հայաստանից սննդամթերքի ներմուծումը, ինչը կապված է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու հետ»:

Բացի այդ, Մեդվեդևի փոխանցմամբ, կան բազմաթիվ նախագծեր՝ գյուղատնտեսության ոլորտում համատեղ արտադրությունների կազմակերպման տեսանկյունից:

«Մենք քննարկել ենք համագործակցության մի շարք այլ ուղղություններ, նաև ներդրումային համագործակցությունը և այդ նպատակով հատուկ հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Իմ գործընկերոջ հետ պայմանավորվել ենք համապատասխան գերատեսչություններին հանձնարարական տալ՝ վերլուծելու նման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, ներդրումային համագործակցության ուղղությունները և ֆինանսավորման աղբյուրները», - նաև ասել է Ռուսաստանի վարչապետը:

Հանդիպմանը Կարեն Կարապետյանը հավաստիացրել է իր ռուսաստանցի գործընկերոջը, որ այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով, և որ Հայաստանի իշխանությունները ուրախ կլինեն ողջունել ռուսաստանյան ներդրողներին: - «Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները», - նշել է Հայաստանի վարչապետը, սակայն լրագրողների հետ հանդիպմանը չի մանրամասնել, թե հատկապես ինչ առաջարկությունների մասին է խոսքը:

Ռուսաստանի վարչապետն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, թե Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը օգուտ է բերել Հայաստանին: Մասնավորապես, այդ անդամակցության շնորհիվ է, որ անցած տարի շուրջ 70 տոկոսով աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը:

Մեդվեդևի մերձմոսկովյան նստավայրում այսօր անցել են հայ-ռուսական բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար ներքին անձնագրերով Հայաստան այցելելու մասին համաձայնագիրը և Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարության միջև համագործակցության հուշագիրը:

Հիշեցնենք՝ սա Կարեն Կարապետյանի առաջին պաշտոնական այցն է արտերկիր, և հանդիպումը սկսելիս Ռուսաստանի վարչապետը ընդգծել էր այս հանգամանքը:

Հայաստանի վարչապետը Մոսկվայում է Մեդվեդևի հրավերով: Այցը երկօրյա է:

Այսօր երեկոյան Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքում նախատեսված է վարչապետի հանդիպումը Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը կեսօրին փակ հանդիպում է լինելու մոսկվայաբնակ հայ գործարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG