Մատչելիության հղումներ

logo-print

Փետրվարի 18-ին Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացավ Թուրքիային նվիրված գիտաժողով: Քննության առնվեցին վերջին շրջանում Թուրքիայում շեշտակի տնտեսական ու քաղաքական վերելքը և հնարավոր զարգացումները՝ կապված այդ երկրի հետագա արտաքին քաղաքական կողմնորոշման հետ:

Ելույթ ունենալով Վաշինգտոնի «Բրուքինգզ» հաստատությունում կայացած «Թուրքիայի տնտեսական արդիականացումը և անդրատլանտյան երկրների հարաբերությունները» թեմայով գիտաժողովին, հաստատության Թուրքիայի ծրագրերի տնօրենն Քեմալ Քարիշչին կարևորեց Թուրքիայում իրավունքի գերակայության հաստատումը, ինչը, նրա խոսքով, որպես շոգեքարշ առաջ տարավ և՛ թուրքական հասարակությունը, և՛ տնտեսությունը:

«Ամերիկայի Ձայնի» հարցին, թե ո՞րն է դեռ հազարամյակի սկզբին 120 միլիարդ դոլարից ավելի արտաքին պարտք ունեցող երկրից 15 տարվա ընթացքում առաջատար արագ զարգացող երկիր դառնալու Թուրքիայի գաղտնիքը, Քարիշչին նշեց. - «Ինստիտուցիոնալ բարեփոխումները այն հիմնաքարն էին, որ բերեցին համախառն ներքին արդյունքի ու մարդկանց եկամուտների շեշտակի աճին: Որպես դրա ամենակարևոր բաղադրիչ՝ պետք է նշեմ երկրի տենդագին արդյունաբերականացումը և արդյունաբերական ապրանքների արտահանման խթանումը»։

Համաշխարհային բանկի Թուրքիայի պատասխանատու տնօրեն Մարտին Ռեյզերը կարևորեց Թուրքիայի կառավարությունների կողմից 20 տարի անշեղորեն իրականացվող արդյունաբերության զարգացման խթանումը, վերջին տասնամյակում Թուրքիայում ավելի քան 5 միլիոն աշխատատեղի ստեղծումը և կրթության որակի բարձրացմանն ուղղված կառավարության նպատակասլաց ջանքերը:

Մերիլենդի համալսարանի դասախոս Սեբնեմ Քալեմի Օզջանը իր ելույթում կարևորեց կայուն տնտեսական աճի ապահովումը Թուրքիայում, որը նախկին նախագահ Թուրգութ Օզալի կողմից իրականացված բարեփոխումների ու արդյունաբերացմանը ուղղված ջանքերի արդյունք էր: Նա նշեց, որ այդ ամենի արդյունքում Թուրքիան կտրուկ բարձրացրել է իր գլոբալ ներկայությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով:

Ամերիկյան նախկին բարձրաստիճան դիվանագետ Սթյուարթ Էյզենշթաթը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական օրենսդրությունը 35 տոկոսով արտացոլված է Թուրքիայի օրենսդրության մեջ ու միաժամանակ մտահոգություն հայտնեց Ռուսաստանի հետ Թուրքիայի կապերի խորացման ու տնեսական կապերի ամրապնդման առումով: Առևտրաշրջանառությունը այս երկրների միջև վերջին մի քանի տարիներին ավելացել է 10 տոկոսով և ավելի մեծանալու միտում ունի:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին՝«Բրուքինգզ» հաստատության Թուրքիայի ծրագրերի տնօրենն Քեմալ Քարիշչին ասաց.- «Մենք կարևորում ենք Հայաստանի հետ սահմանի բացման հարցը ոչ միայն Թուրքիայի համար տնտեսապես շահավետ լինելու առումով, այլ նաև քաղաքական առումով հայության հետ հարաբերությունները կարգավորելու համար»։

Նա շեշտեց Թուրքիայի համար ոչ միայն Հայաստանի, այլ նաև համայն հայության հետ հարաբերությունները կարգավորելու խիստ անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG