Մատչելիության հղումներ

logo-print

«Միջնորդության շվեյցարական փորձը Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողով Վաշինգտոնում


Վաշինգտոնի Քարնեգիի հիմնադրամում անցկացվեց «Միջնորդության շվեյցարական փորձը Հարավային Կովկասում» խորագրով գիտաժողովը, որի մասնակիցները քննարկեցին երկրների միջև առկա հակասություններն ու անհամաձայնությունները` հակամարտությունների հաղթահարման համար ուղիներ որոնելով։

Ելույթ ունեցան ԵԱՀԿ-ի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնադինգերը և Ցյուրիխի Տեխնիկական համալսարանի բանակցությունների ու հակամարտությունների կառավարման հարցերով դասախոս Միքայել Ամբուհլը։ Վերջինս նախկինում Շվեյցարիայի արտգործնախարարության պետական քարտուղարն էր և 2009 թվականին մասնակցել էր հայ-թուրքական արձանագրությունների շուրջ բանակցություններին:

Քննարկումները նախագահում էր Քարնեգիի հիմնադրամի Ռուսաստանյան և Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Ջեյմս Քոլինզը: Նա Ռուսաստանյան Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպանն է եղել 1997-2001 թվականներին, իսկ այժմ մասնագիտացած է նախկին Խորհրդային Միության և նրա ժառանգորդ պետությունների ու Միջին Արևելքի խնդիրներում։

Իրենց ելույթներում և՛ Գնադինգերը, և՛ Ամբուհլը կարևորեցին տարածաշրջանի երկրների կայուն զարգացման գործում բանակցությունների ու խաղաղ կարգավորման դերը: Ներկայացնելով շվեյցարական կողմի միջնորդական առաքելությունները Հարավային Կովկասում՝ ելույթ ունեցողները բազմիցս նշեցին Շվեյցարիայի անաչառ ու անշահախնդիր միջնորդությունները, տարածաշրջանի երկրների կառավարություններին մատուցված ծառայությունները, որոնք նպաստել են կարգավորման գործընթացների նշանակալի զարգացմանը:

Քննարկումները ու մտքերի փոխանակությունը բավականին աշխույժ էր: Այսպես, հայ-թուրքական կարգավորմանը վերաբերող քննարկումների ժամանակ Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչը հայտարարեց, որ հայ-թուրքական խնդիրը ծագել է Քելբաջարի շրջանի գրավումից հետո: Դրան ի պատասխան, ելույթ ունեցողները, մասնավորապես, Գնադինգերը նշեցին, որ հայ-թուրքական խնդիրները դարերի պատմություն ունեն ու կրում են Առաջին աշխարհամարտի թողած բեռը՝ հայերի հետ տեղի ունեցած ողբերգության պատճառով: Իսկ Հայաստանի դեսպանության ներկայացուցիչ Կարեն Իսրայելյանը նշեց, որ հայ-թուրքական հաշտեցման հարցը ամենևին պայմանավորված չէ հայ-ադրբեջանական հարաբերություններով:

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի համալսարանից Արմեն Սահակյանը շեշտեց, որ անգամ փաստացի սահմանների առկայության պայմաններում, ուր դրանք ամրապնդված չեն իրավասու միջազգային պայմանագրերով, դրանց փակումը ու երկարատև շրջափակման իրականացումը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է: Ինչին ի պատասխան, Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը շեշտեց սահմանների իրավական լինելու հանգամանքը, որոնք ըստ նրա, «ամրապնդված են օրինական միջազգային պայմանագրերով»:

Երկու բանախոսները այսպիսով ակնարկում էին Կարսի պայմանագրի օրինականության շուրջ իրենց տեսակետները՝ հաշվի առնելով, որ կնքման պահին ստորագրող ռուսական, վրացական, ադրբեջանական, հայկական ու թուրքական պատվիրակությունները միջազգայնորեն ճանաչված կառավարություններ ու երկրներ չէին ներկայացնում և ուստի՝ իրավասու չէին:

Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունից Արամ Ավետիսյանը շեշտեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև 1998-ից ընդհատված բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը։ Մեկնաբանություններով հանդես եկան ու բանախոսներին հարցեր ուղղեցին նաև հայկական սփյուռքի և ԱՄՆ-ի գիտական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG