Մատչելիության հղումներ

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը


Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը հացադուլը դադարեցրել է մոր խնդրանքից հետո։

«Ազատության» հետ զրույցում Ներսեսի կինը՝ Լիա Պողոսյանն ասաց, որ երկու օր առաջ մայրն ու եղբայրն այցելել են Նուբարաշենի բանտում պահվող Պողոսյանին, հորդորել դադարեցնել արդեն մեկ ամիս տևող հացադուլը․ - «Ուղղակի լսելով մոր խնդրանքը, Ներսեսը դուրս է եկել հացադուլից: Ահավոր նիհարած է, գունատ, դժվարությամբ է խոսում»:

Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ներսես Պողոսյանի վիճակը գնահատվում է բավարար, և որ եթե կարիք լինի, ապա մոտ մեկ ամիս սնունդ չընդունած կալանավորին կարող են տեղափոխել հիվանդանոց։

Մեղքը չընդունող Ներսես Պողոսյանը հացադուլի միջոցով իշխանություններից պահանջում էր ազատ արձակել իրեն՝ երեք անչափահաս զավակներին և գործազուրկ կնոջը խնամելու համար։

Նա մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու և դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Սեֆիլյանը ևս չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Ներսես Պողոսյանի ընտանիքը վստահ է, որ նա ենթարկվում է հետապնդման հասարակական ակտիվության համար․ մասնավորապես, 36-ամյա տղամարդը հայտնի է «Էլեկտրիկ Երևանի» բողոքի ակցիաներից։ Պողոսյանը պնդում է, որ Սեֆիլյանի հետ անգամ ծանոթ չի եղել, նրա ղեկավարած «Հիմնադիր խորհրդարան»-ին չի անդամակցել, ընդդիմադիր գործչի դեմ ցուցմունք չի տվել։

Պողոսյանին անցած անցած ուրբաթ են այցելել Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչները։ Ընտանիքը դիմել էր միջազգային այս կառույցին՝ նշելով, թե իշխանությունը չի արձագանքում նրա բողոքին։ Լիա Պողոսյանն ասում է, որ այցից հետո Կարմիր Խաչի ներկայացուցիչը զանգահարել է իրեն և մանրամասներ հաղորդել․ - «Ինքը շեշտեց, որ չի կարող որևիցե կերպ միջամտել քրեական գործի մասով: Նրան միայն հետաքրքիր էր պահման պայմանները, Ներսեսի առողջական վիճակը»:

Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեց, որ այցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեն կարող։

Ի պաշտպանություն Պողոսյանի, սոցիալական ցանցերում ստորագրահավաք է մեկնարկել։ Լիա Պողոսյանն ասում է, որ մի քանի օրվա ընթացքում մեկ տասնյակ մարդ է միացել ստորագրահավաքին՝ երաշխավորելով, որ ազատության մեջ Ներսես Պողոսյանը չի խոչընդոտի նախաքննությանն ու չի փախչի երկրից․ - «Ստորագրել են Ռուբեն Հախվերդյանը, իր խմբի երաժիշտները, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, նկարիչներ Մարտիրոս Բադալյանը, Գևորգ Ջավլուշյանը: Ու դեռ էլի շարունակում ենք դիմել մարդկանց, ովքեր ինչ-որ չափով լսել են, գիտեն Ներսեսին և պարտաստ են ստորագրել: Հասմիկ Պապյանն էլ, ես տեսա, ինտերնետով գրել էր, որ միանում է»:

Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր օրվա երկրորդ կեսին այցելել էր նրան։ Պնդում է, որ պաշտպանյալը բժշկական հետազոտության կարիք ունի։ Պողոսյանն արդեն նամակ է գրել «Նուբարաշեն» քրեակատարողականի ղեկավարությանը՝ խնդրելով իրեն տեղափոխել բուժմաս։

«Աչքերից էր բողոքում, ոտքերն են բավականին ուռած․․․ Ընդհանուր հյուծվածությունը կար», - փոխանցեց փաստաբանը:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում։ Գլխավոր դատապազ Արթուր Դավթյանն անցած շաբաթ «Ազատությանն» ասել էր, թե Ներսես Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլ անելով ուշադրության արժանանալ: Նա ակնարկել էր, որ չեն պատրաստվում ազատ արձակել նրան։

XS
SM
MD
LG