Մատչելիության հղումներ

Երեք տասնյակ սենատորներ հակառուսական պատժամիջոցների կողմնակիցներ են


Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը և Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ ՄքՔոնելը զրուցում են լրագրողների հետ Կապիտոլիումում տեղի ունեցած հանդիպումից հետո, արխիվ: Վաշինգթոն, 10-ը նոյեմբերի, 2016 թ.
Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը և Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ ՄքՔոնելը զրուցում են լրագրողների հետ Կապիտոլիումում տեղի ունեցած հանդիպումից հետո, արխիվ: Վաշինգթոն, 10-ը նոյեմբերի, 2016 թ.

Ամերիկացի մոտ երեք տասնյակ սենատորներ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին դիմել են Դոնբասի պատերազմի և Ղրիմի բռնակցման կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանելու կոչով:

Ուղերձը դեկտեմբերի 8-ին ստորագրել է 27 հանրապետական և դեմոկրատ սենատորներ: Նրանք նաև հորդորում են ընտրյալ նախագահին արտոնել մարտական զենքի մատակարարումն Ուկրաինային, առաջարկ, որը գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մշտապես մերժել է՝ նկատել տալով, որ այն չափազանց ռիսկային է:

«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սեփական ճակատագիրը տնօրինելու ուկրաինացիների ձգտումն անդադար ոտնահարելու գործելակերպը՝ մենք կրկնում ենք Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային քաղաքական, տնտեսական և ռազմական աջակցությունը մեծացնելու կոչը», - ասվում է սենատորների ուղերձում:

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, նամակը հրապարակվել է ժամեր անց այն բանից հետո, երբ Կոնգրեսն ամփոփել է պաշտպանության ծախսերի օրինագիծը, որը ենթադրում է աջակցություն Ուկրաինային և այդ երկրին միլիոնավոր դոլարների հասնող ռազմական օգնություն:

Դոնալդ Թրամփը, ով գալիք տարվա հունվարի 20-ին է ստանձնելու Միացյալ Նահանգների նախագահի և գերագույն հրամանատարի պաշտոնը, նախընտրական արշավի ընթացքում տարբեր առիթներով ասել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, նույնիսկ ակնարկել է, թե պատրաստ է քննարկել Ղրիմի բռնակցումը ճանաչելու տարբերակը և, բացի այդ, կասկածի տակ է առել ՆԱՏՕ-ի գոյության նպատակահարմարությունը:

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014 թվականի մարտին: Թերակղզու գրավմանը և Դոնբասի զինված առճակատմանը նախորդել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում և երկրի արևմտյան շրջաններում ամիսներ տևած բողոքի զանգվածային ակցիաները, որոնց ընթացքում մարդիկ պահանջել են ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը և Եվրամիության հետ ինտեգրման քաղաքականության շարունակումը:

2014 թվականի ապրիլից Դոնբասում ուկրաինական ուժերի և ռուս անջատականների միջև ընթացող զինված բախումներում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է առնվազն 9700 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG