Մատչելիության հղումներ

Հայաստան տարանցվող գազի շուրջ համաձայնագիրը Վրաստանում քննադատության ալիք է բարձրացրել


Վրաստանում չի մարում սկանդալը Հայաստան տարանցվող գազի ու ռուսական «Գազպրոմի» հետ կնքված համաձայնագրի շուրջ: Ընդդիմադիրներն ու շուրջ ութ տասնյակ հասարակական կազմակերպություններ կառավարությունից պահանջում են գաղտնազերծել փաստաթուղթը, մասնավորապես, բացահայտել՝ որքան է վճարելու ռուսական ընկերությունը գազի տարանցման համար: Մինչև վերջերս Վրաստանն այդ ծառայության դիմաց ստանում էր արտահանվող գազի տասը տոկոսը, շաբաթներ առաջ, սակայն, ռուսական կողմի հետ բանակցություններից վերադառնալով փոխվարչապետ, էներգետիկայի հարցերով նախարար Կախա Կալաձեն հայտարարեց՝ «Գազպրոմն» այսուհետ գումար կտա, չհստակեցնելով, սակայն՝ որքան: Վճարի չափը առևտրային գաղտնիք է՝ պնդում է Կալաձեն, էլ ավելի խորացնելով կասկածները ընդդիմության շրջանում:

«Մենք 20 տարի համաձայնագիր ունեինք Ռուսաստանի հետ, որը հաշվի էր առնում Վրաստանի ազգային շահն ու հետաքրքրությունը, մինչդեռ այժմյան կառավարությունը, բանակցելով ժողովրդի թիկունքում, գաղտնի է պահում նոր գործարքի մանրամասները», - հայտարարում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության ներկայացուցիչ Նուգզար Ցիկլաուրին:

«Պահանջում ենք անմիջապես դադարեցնել բանակցություններն ու «Գազմրոպի» հետ քննարկումները», - հայտարարել է ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն՝ պնդելով, թե նոր այդ համաձայնագրի դեպքում Վրաստանը ոչ միայն մեծացնում է քաղաքական կախվածությունը Ռուսաստանից, այլև շուրջ 20 միլիոն դոլար կորցնում:

Այս հարցում ընդդիմությանն աջակցում են նաև մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Մի քանիսը երեկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույց էին կազմակերպել՝ պնդելով՝ սա զուտ առևտրային գործարք չէ, «Գազպրոմը» Կրեմլի տնտեսական զենքն է, և հիմա դրա միջոցով Ռուսաստանը փորձում է մեծացնել ճնշումը Վրաստանի նկատմամբ։

«Անցած տարի մենք ինչ-որ կերպ կարողացանք հաջողության հասնել՝ թույլ չտալով կառավարությանը այդ հիմար քայլն անել, հիմա էլ նույնն ենք փորձում: Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ բանակցություններն ընթանում են փակ դռների ետևում, մենք որևէ բան չգիտենք, պատկերացում անգամ չունենք՝ որքան են այսօր նրանք մեզ վճարելու, և որքան ենք վաղը մենք ստիպված լինելու նրանց տալ», - ասում է ցուցարարներից Թամարա Չերգոլեիշվիլին:

Ընդդիմությունը պնդում է՝ ռուսական կողմը վաղուց էր փորձում իր համար շահավետ այս պայմանները թելադրել, սակայն, հաջողության չէր հասնում՝ Վրաստանում կուռ դիմակայության հանդիպելով: - «Հիմա, սակայն, նրանք օգտվեցին հանգամանքից, որ վրաստանյան ընդդիմությունը թուլացել է», - հայտարարել է ընդդիմադիր Գիգա Բոկերիան:

Օրեր առաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը պառակտվեց, տասնյակ աջակիցներ, այդ թվում՝ Բոկերիան, հեռացան՝ քաղաքական նոր ուժ հիմնելով: Հատկանշական է, սակայն, որ կառավարության նոր գործարքը քննադատում են ոչ միայն ընդդիմադիրները, այլև երկրի նախագահը: Շաբաթվա սկզբին Գեորգի Մարգվելաշվիլիի խոսնակը հայտարարեց, թե համաձայնագիրը հակասում է Վրաստանի ազգային շահերին:

«Վրաստանի քաղաքական և տնտեսական շահերին վնաս է հասցվել, ինչը կարող է էլ ավելի վատթարացնել վիճակը մի շարք այլ ոլորտներում: Այն, ինչ տեղի ունեցավ «Գազպրոմ»-ի պարագայում, զուտ բիզնես գործարք չէ: Դա նախևառաջ անվտանգության, արտաքին հարաբերությունների, աշխարհքաղաքականության հարց է և նոր միայն` էներգետիկ կամ տնտեսական խնդիր», - հայտարարեց Էկա Միշվելաձեն:

Օրեր անց այս քննադատությանը միացել է նաև նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Մայա Մելիքիձեն՝ պնդելով՝ Վրաստանը ընդունել է ակնհայտորեն անբարենպաստ պայմաններ, և հիմա շատ կարևոր է, որ խորհրդարանական վերահսկողությունն ամրապնդվի՝ կորուստներից խուսափելու համար:

Էներգետիկայի նախարարը, մինչդեռ, պնդում է՝ ընդդիմախոսներն ընդամենը հիստերիա են բարձրացնում և զուր ապատեղեկատվություն տարածում: - «Նոր գարծարքը նախորդից վատը չէ», - նախօրեին պնդել է Կախա Կալաձեն՝ քննադատելով նաև երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին: - «Նախագահը իրավունք ունի և կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ՝ պահանջելով գործարքի մանրամասները: Կարիք չկա տարածել այդ ոչ պրոֆեսիոնալ ու անհիմն հայտարարությունները, որոնք միայն ափսոսանքի են արժանի», - նշել է նա:

Նախարարը, սակայն, վերստին չի խոսել «Գազպրոմի» հետ համաձայնագրի պայմաններից՝ կրկին պնդելով, թե դրանք առևտրային գաղտնիք են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG