Մատչելիության հղումներ

Եղնուկյան․ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խախտեց անմեղության կանխավարկածը


Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Կարո Եղնուկյանը դատարանի դահլիճում, արխիվ:

«Սերժ Սարգսյանը հերթական անգամ խախտեց անմեղության կանխավարկածը», - այսօր մեղադրյալի աթոռից պատասխանելով «Ազատության» հարցին` հայտարարեց Կարո Եղնուկյանը՝ մեկնաբանելով նախագահի հայտարարությունը, թե «Սասնա ծռեր»-ը խնդիր ունեին Ժիրայր Սեֆիլյանին դիկտատոր դարձնել:

«Մի անձնավորություն է, որ արդեն բազմաթիվ անգամ խախտում է անմեղության կանխավարկածը․․․ Շանթ Հարությունյանի ժամանակ էլ խախտեց, իմ դեպքում խախտեց, հիմա էլ շարունակում է», - հայտարարեց Եղնուկյանը:

Շանթ Հարությունյանի մասին հարցը Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանին հենց Կարո Եղնուկյանի եղբայրն էր ուղղել․ առանց դատավճռի հրապարակման նախագահն ասել էր, թե Շանթը հանցագործ է:

Անդրադառնալով իր դեպքում անմեղության կանխավարկածը խախտելուն՝ Եղնուկյանն ասաց․ - «Նեղ շրջանակում ասել է, որ ես ազգային անվտանգության սպառնալիք եմ: Դա մեղադրանք է»:

«Սասնա Ծռեր»-ին օժանդակելու մեղադրանքով ավելի քան երեք ամիս անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչը պնդում է, թե քննչական մարմինը այս ընթացքում ոչինչ չի արել․ - «Ոչ մի բան․․․ Մազերս են վերցրել, որպեսզի տեսնեն ես նարկոման եմ, թե չէ․․․»

Դիտարկմանը, թե «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում որոշ գործիչներ՝ Խզմալյան, Սաքունց, գրում են, որ իրենց կանչել են հարցաքննության, որ զանգահարել են իրեն, Եղնուկյանը, չհերքելով, որ այդ մարդկանց հետ ունեցել է հեռախոսազրույցներ, արձագանքեց․ - «Ես եմ դա կարդացել, բայց քննիչը և դատախազները դեռ ոչ մի բան չեն ներկայացրել»:

Ըստ մեղադրանքի, Եղնուկյանը ձգտել է ռադիոկապով ապահովել զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ է տարածել, իբր գնդի ուղղությամբ տեխնիկա է շարժվում կամ, որ իրավապահների փոխանցած սննդից «Սասնա ծռեր»-ը թունավորվել են:

Քննչական մարմինը վկայակոչում է Հիմնադիր խորհրդարանի անդամի ֆեյսբուքյան գրառումներն ու հեռախոսային գաղտնալսումները:

«Չորս հեռախոսային խոսակցություն է, որից երեքը իր կնոջ հետ է: Ընդամենը ամուսինների խոսակցություն, որը կապված է եղել․․․ բոլորը խոսել են այդ օրերին «Սասնա ծռերի» դեպքի մասին: Որևէ կիսալուրջ անգամ ապացույց չկա և չի էլ կարող լինել», - «Ազատությանն» ասաց Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նրա խոսքով, այժմ էլ քննիչները հերթով հարցաքննելով այդ օրերին Եղնուկյանի հետ հեռախոսազրույց ունեցած բոլոր մարդկանց, ընդամենը փորձում են կեղծ տեղեկություններ հավաքագրել․ - «Որ Եղնուկյանը երևէ նման մտադրություն ունեցել է, կամ զինված խմբի հետ առնչվել է․․․ էսպիսի հարցեր են ուղղում Եղնուկյանի ծանոթներին: Բնականաբար, Եղնուկյանը վերջին մեկ ամսում բազմաթիվ անձանց հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել: Բոլորին կանչում են, կոպիտ, կոշտ ձևով հարցաքննություն է տեղի ունենում, և, միևնույն է, այդ հարցաքննությունները չեն կարող որևէ ձևով հիմնավորել անհեթեթ մեղադրանքը»:

Կարո Եղնուկյանն այսօր «Ազատության» հարցերին պատասխանեց
մինչև իր տեսակցությունների հարցով դատական նիստի մեկնարկը: Նա բողոքարկում է քննչական մարմնի և դատախազության որոշումը՝ արգելել հարազատների հետ հանդիպել կամ հեռախոսազրույց ունենալ․ բացառություն են անչափահաս դուստրն ու տարեց մայրը:

«Ես չեմ հասկանում տրամաբանությունը, թե ինչու կինս և իմ երկրորդ անչափահաս աղջիկս չեն կարող իմ հետ տեսակցել: Եվ այս հետաձգելը, իմ կարծիքով, բխում է նրանից, որ ուզում են այն «պատիժը», որ կիրառում են իմ նկատմամբ, շարունակեն կիրառել: Անիմաստ է», - հայտարարեց նա:

Չնայած Եղնուկյանի առարկությանը՝ դատարանը հետաձգեց նիստը՝ մեղադրողի բերած նյութերին ծանոթանալու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG